[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Հայերի մեջ ամենալավ ռուսը կամ նորահայտ փրկչի գալուստը

[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Հայերի մեջ ամենալավ ռուսը կամ նորահայտ փրկչի գալուստը

Արա Աբրահամյանի գալուստն ու հայկական քաղաքական երկնակամարի բարձրացող աստղի հավակնությունների մասին:

«Arbiter elegantiarum»-ի` ճաշակի օրենսդիր Պետրոնիոսի Ներոնին գրված նամակի` «Ողջ եղի՛ր, բայց մի՛ երգիր, սպանի՛ր, բայց ոտանավորներ մի՛ գրիր, թունավորի՛ր, բայց մի՛ պարիր» թախանձագին հորդորը արդիական է շարունակում մնալ նաև մեր օրերում:

Մոսկվաբնակ «դեսանտայինի»` Արա Աբրահամյանի «երկնառաք հայտնությունն» ինձ հարկադրեց մտաբերել պատմական հնության այս «աղերսագրի» մասին:

Կարմրաթուշ բարերար, «պոլիգլոտ»,  «էսպերանտոյի» քաջագիտակ, թացն ու չորն իրարից վաղ պատանեկությունից տարբերակող, աֆրիկյան ճաղավանդակներից  «սեփական» կապերի հաշվին հայ օդաչուներ ազատող մարդ: Մարդ մեծատառով, ինչպես  նրան մեծարում են օտարամեծարներն ու ազգափրկիչների գալստյանն ակնապիշ ու սրտատրոփ սպասողները:

Ավելի ճիշտ` Մարդ-պետություն, որն անհրաժեշտության դեպքում կարող է միաժամանակ «եռատեղվել»  ու հայկական բաղձալի եռամիասնության կուսակցական դիլեման լուծել յուրովի, ազգակցական միասնության, և` «Ով էշ`մենք փալան» քանիցս փորձարկած անվրեպության սկզբունքով: Մարդ, ով հավակնում է դառնալ աշխարհասփյուռ հայերի «հայրը»:

Առաջնորդվելով «Որտեղ հաց` էնտեղ կաց» ժողովրդական «իմաստնությամբ»՝ նա այսօր արդեն, իբրև կայացած՝ ներկայանում է  իր մեծապետական հմայքով, իր ակնարատիպ ուղերձը տեղ հասցնելով «Մետրոպոլիային» պատշաճող բարձունքից:

Բայց քանի որ իրականում ոչ թե ինքը, այլ «իրենք» են այս արարի խաղավարները, ապա բնականության ապահովման նպատակով  որոշ բաներ էլ թողնվել էր դերակատարի հայեցողությանը: Մամուլի ասուլիսի տեղի ընտրությունն, օրինակ: Թե ինչ կապ ուներ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նորահայտ փրկչի հետ, առավել ևս, թե ինչու էր հայտնության համար ընտրվել հենց Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարածքը, մնում են գաղտնիք:



Արագ արձագանքման ուժերին`լրագրողներին, սակայն, խորին հիասթափություն էր սպասվում: Բլից սկանդալների ախորժակ պահողներին նրբորեն ակնարկվեց, որ հարկադրված են իրադարձությունների ծավալման հետագա ընթացքին հետևել պարբերաբար ծիկրակելով Մալիշկայում ընթանալիք «խմորումներին»:

Հայերի մեջ ամենալավ ռուսը` վերջնագրերով ու վերդիկտներով չի առաջնորդվում, ուղղակի Սոկրատեսյան համբերատարությամբ և, «Ничего слишком» սկզբունքով սպասում է ազդանշանի, առայժմ խաղի մասնակիցը դառնալով, սպորտային տերմինաբանությամբ`«երկրորդ համարով»:

Ո՞վ գիտե, գուցե և Ծապլվարում, կներեք, մշտապես շփոթում եմ, Մալիշկայում հայտարարվի հայկական քաղաքական երկնակամարի բարձրացող աստղի հավակնությունների մասին: Բայց դրա համար դեռ սպասել է պետք: Ինչ իմանաս, թե բազմաչարչար հայ ժողովրդի գլխին հերթական որ «դալլաքի» ածելին կպսպղա: Ի սեր անկեղծության, հարկ է նկատել, սակայն, որ մեր ժողովուրդը դրան սպասում է:

Ոչ վաղ անցյալում, եթե հիշում եք, անմեղ գառներ մորթվեցին Նախագահի թեկնածուներից մեկի ոտքերի առաջ, միայն այն բանի համար, որ «էն մարդու տղեն էր», նաև անբացատրելի այն համոզվածությամբ, որ «Խնձորն իր ծառից հեռու չի ընկնի»… Ու պատկերացրեք, առանց թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթանալու, առանց վերջիններիս ինտելեկտուալ հնարավորություններին տեղեկանալու: Մշտապես մոռանալով, որ նրանք  են մեր երկիրն աշխարհին ներկայացնելու:

Հաճախ քամահրվող հանգրվանային այս կետը մտորման տեղիք է տալիս: Հարկադրում անգամ բղավել, որ եթե պետականության հստակ գիտակցում և մեխանիզմներ ունեցող Միացյալ Նահանգներում Բուշ կրտսերների նման նախագահների հասցրած վնասն աննշան է, քանի որ երկրի մեխանիզմներն են հստակ, ապա արքաներ հորջորջվող տեղական ու ռուսական «արտադրության» բեյերը, որոնց ինտելեկտուալ մակարդակը խաշի զինգերից ու իքիբիրներից չեն անցնում, վիրավորական են հինգհազարամյա կենսագրությամբ ներկայացող ազգի համար:

Ավելին, աշխարհը նախ կտարակուսի, ապա կհամոզվի նաև, որ գործ ունի հինգհազարամյա կենսագրություն ունեցող անմեղսունակների ու թանձրամիտների հետ: Չէ, էլ ներվ չկա այս մասին անվերջ խոսելու, միթե այսքանը գիտակցելը այդքան դժվար է…

Իսկ այնպես, սովորական շաբաթ էր, ընտրության մեջ մոլորված Հայաստանին ներկայացած նոր հնարավորությամբ ու դեպի Եվրոպա վերստին բացվող նոր պատուհանով: Բայց այդ մասին` հաջորդ անգամ:

 

 

Գրել կարծիք