Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը

Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը

Գալյանն այս անգամ ֆեշն զրույց է ունեցել «H&M» ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթում հաղթանակած հայազգի դիզայների հետ, խոսել նաև նոր հավաքածուի ու հաջողությունների մասին:

Վերջին ամսվա ընթացքում Էդդի Անեմյանի անունը միջազգային ֆեշն մամուլում շատ էր շրջանառում: 24-ամյա ֆրանսահայ դիզայները նախորդ տարվա հունվարին հաղթող էր ճանաչվել «H&M» ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթում, այժմ էլ թողարկվեց նրա կապսուլային հավաքածուն: Ոգեշնչման աղբյուրի, հայկական արմատների և իր երազանքների մասին Էդդին պատմեց newmag-ին տված հարցազրույցում:

– Ֆեշն աշխարհին Էդդի Անեմյան անունը հայտնի դարձավ անցած ձմռանը, երբ դու հաղթեցիր «H&M» ապրանքանիշի մրցույթում: Այժմ էլ թողարկվեց քո հավաքածուն՝ շվեդական ֆեշն հսկայի համար… Ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը:

– Այս հաղթանակը ուշադրություն սևեռեց իմ աշխատանքին: Այն ինձ մեծ ճանաչում բերեց, բազմաթիվ հրապարակումներ եղան հեղինակավոր ֆեշն կայքերում, ֆրանսիական և միջազգային մամուլում: «H&M»-ը տարածում էր ոչ միայն սեփական բրենդը, այլև իմ անունը, ինչի համար ես չափազանց ուրախ եմ: Հաղթանակը և հետագա արձագանքները մամուլում և համացանցում ինձ վստահություն տվեցին, ես համոզվեցի, որ իմ աշխատանքը դուր է գալիս մարդկանց: Ոչ պակաս կարևոր է նաև մրցույթի հաղթողին հատկացվող գումարը, որը որոշ ժամանակ անց ես կներդնեմ իմ սեփական գործում:

– Պատմի՛ րհավաքածուիդ գաղափարի և տեխնիկական առանձնահատկությունների մասին:

– Հավաքածուի ոգեշնչման աղբյուրներն են իտալական կինոն և դերասանուհի Թիլդա Սվինթոնը: Ծաղկավոր գործվածքները կտրտված են երկարությամբ, ապա շերտ առ շերտ կրկին կարված, ինչի շնորհիվ ստեղծվում է նոր պատկեր: Այն բարդ է, այդ պատճառով որոշ դեպքերում համադրել եմ մինիմալիստական սև և սպիտակ հագուստների հետ:

hm

– Քո ֆեյսբուքյան էջում նշված է «Dior»-ում և «Balenciaga»-ում քո աշխատանքային փորձի մասին. կներկայացնե՞ս մեծ նորաձևության տներում քո աշխատանքը:

– «Balenciaga»-ում անցած տարի վերապատրաստվում էի, այս տարի ինթերն եմ «Dior»-ի ստուդիայում: Շատ հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալ մոդելավորողների թիմում: Նրանց օգնում եմ կրեատիվ պրոցեսների ընթացքում և հագուստը փորձելու ժամանակ:



– Երբ թողարկվեց քո հավաքածուն՝ «H&M»-ի համար, ես մտածում էի, որ սա, ամենայն հավանականությամբ, ամենամեծ քանակի թողարկված հագուստն է, որը պատրաստել է հայ դիզայները: Դու գիտե՞ս, թե քո մոդելներից քանի օրինակ է թողարկվել:

– Հավաքածուն բաղկացած է տասն իրերից, բայց թե ինչ քանակությամբ են դրանք արտադրվել, ես չգիտեմ: Միայն գիտեմ, որ շատ մեծ քանակ չէ. իմ հավաքածուի հագուստները կարելը դժվար և թանկ է: Այդ իսկ պատճառով արտադրության քանակները մեծ չեն եղել, բայց գիտեմ նաև, որ հագուստի մի քանի տեսակներ սպառվել են վաճառքի առաջին իսկ օրը:

– Հետաքրքիր կլինի իմանալ քո ընտանիքի և հայկական արմատների մասին:

– Ես հայ եմ և՛ հայրիկիս, և ՛ մայրիկիս կողմից: Ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքից եմ, որտեղ հայկական մեծ համայնք է ապրում: Մեծացել եմ հայկական միջավայրում, հայկական մշակույթի, երգերի, պարերի, հայկական ընթրիքների և միջոցառումների մթնոլորտում: Հայրս ֆրանսահայ է, մայրս` սիրիահայ: Ընտանիքում մենք հիմնականում խոսում ենք հայերեն: Ես շատ հպարտ եմ իմ հայկական արմատներով, իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես հայ եմ:

– Ինչպե՞ս ես տեսնում քո կարիերայի հետագա զարգացումը: Կցանկանա՞ս աշխատել հայտնի նորաձևության տներից մեկում, թե՞ ցանկանում ես սեփական անունը կրող ապրանքանիշ հիմնել:

– Ես կցանկանայի աշխատել Փարիզի տարբեր նորաձևության տներում, որպեսզի ձեռք բերեմ փորձ, բայց ես գիտեմ, որ մի օր հիմնելու եմ իմ սեփական ապրանքանիշը. դա իմ երազանքն է: Հուսով եմ՝ կստացվի. ես միշտ երազել եմ հայկական անուն տեսնել նորաձևության բնագավառում: Հրաշալի կլինի, եթե իմ բրենդը հաջողության հասնի Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում, բայց ես դրանից դեռ շատ հեռու եմ: Չէ՞ որ բրենդ ստեղծելը թանկ հաճույք է, իսկ ես ընդամենը միջին խավի ներկայացուցիչ եմ՝ հայկական արմատներով: Բայց երբ մի բանի շատ ես ձգտում, անպայման հասնում ես:

Eddy-Anemian2

– Եղե՞լ ես Հայաստանում: Հայկական մշակույթում ի՞նչն է քեզ ոգեշնչում:

– Այո՛, եղել եմ. երեք տարի առաջ առաջին անգամ այցելեցի հայրենքս ու Երևանում հանդիպեցի ընտանիքիս անդամների հետ: Ֆանտաստիկ օրեր էին: Ես հուսով եմ, որ կկարողանամ վերադառնալ Երևան, քանի որ Հայաստանը ինձ շատ է ոգեշնչում: Իմ հավաքածուում հայկական հետք կա, եթե նույնիսկ այն չի երևում առաջին հայացքից: Առաջին նկարները, որ եղել են իմ moodboard-ում, եղել են հայկական բնաշխարհի նկարներ և ազգային հագուստի պատկերներ: Ես չեմ ձգտում վերարտադրել հին հայկական էսթետիկան, բայց իմ հայկական արմատները արտացոլվում են աշխատանքիս մեջ:

Գրել կարծիք