Ակտուալ և անթև. Կռնատ բաճկոն

Ակտուալ և անթև. Կռնատ բաճկոն

Գալյանն այս անգամ անդրադարձել է նոր ու ոճային թրենդներից մեկին՝ անթև բաճկոններին. որտե՞ղ կրել, ինչպե՞ս համադրել:

Խոսքը ոչ թե ժիլետների, այլ հենց առանց թևերի բաճկոնների, պիջակների և վերարկուների մասին է: Կհարցնեք՝ ի՞նչ տարբերություն: Տարբերությունը զգալի է. ժիլետներն ի սկզբանե ավելի թեթև են (չէ՞ որ նախկինում դրանք կրում էին միայն պիջակների տակից), հիմնականում ունեն կիպ ձևվածք և իրենց էությամբ մի տեսակ երկրորդական են:

Փոխարենը նոր թրենդի հերոս անթև բաճկոններն ամբողջ look-ի ամենակարևոր դետալն են՝ մանրակրկիտ ձևված, վեհ և ինքնամփոփ… Պարզապես հարմարավետության նկատառումով և վերջին միտումների թելադրանքով կտրված թևերով:

Մեծ չափսերի, պարզ ձևվածք ունեցող ժիլետներն այս գարնանը մեծ տարածում էին գտել Երևանում. համոզված եմ՝ թրենդը կշարունակվի նաև աշնանը: Այդ մոդելները, անշուշտ, շատ հմայիչ են իրենց չպարտավորեցնող տեսքով և ամեն ինչին սազելու ունակությամբ: Դրանք ջերմացնում են երևանյան քամոտ երեկոներին և քողարկում մարմնի այն հատվածները, որոնք քողարկելու կարիքը, իրոք, ունեն հայուհիները: Այս էտապը մենք կարծես անցանք, և ժամանակն է անցնել ավելի բարդ ձևվածքի մոդելների:

bachkon

Նորաձևության ցուցադրություններում և street style քրոնիկներում կարելի է նկատել բազմաթիվ հետաքրքիր անթև պիջակներ, բաճկոններ և վերարկուներ: Այս մոդելներն էլեգանտ են և ունեն մայր մոդելներին բնորոշ բոլոր հատկանիշները, պարզապես չունեն թևեր:

Ոճի խորհրդանիշ Նիկ Վուսթերը, կրելով անթերի մոդելներ, նույնպես ապացուցում է, որ թրենդային հագուստները համապատասխանում են նաև տղամարդկանց: Մի քիչ ավելի ուշ անթև թրենդը կարող ենք կիրառել նաև վերարկուների վրա. այս սեզոնին այդպիսի վերարկուներ ցուցադրեցին նորաձևության բազմաթիվ տներ՝ «Christian Dior»-ից մինչև «Acne» և «Roberto Cavalli»:



Կարծում եմ՝ անթև թրենդի առաջացման պատճառը նախ և առաջ հարմարավետությունն է: Համաձայնե՛ք՝ թևերը հաճախ խանգարում են շարժումներին, իսկ այս մոդելները և՛ հարմարավետ են, և ՛ տաք: Ոչ պակաս գրավիչ է դրանց ոճային բազմազանությունը. օրինակ՝ ես ունեմ մի ֆուտուրիստիկ մոդել (որը կրում եմ մոնոխրոմ հագուստի և սպորտային կոշիկների հետ) և մի շատ էլեգանտ մոդել (կրում եմ վերնաշապիկի և փողկապների, թիթեռ փողկապների հետ):

fashion-2

Չեմ պատրաստվում սահմանափակվել այս երկու մոդելով և ձեզ նույնպես կոչ եմ անում միանալ այս թրենդի բերած ոգևորությանն ու աշնանային զգեստապահարանը համալրել ակտուալ անթև հագուստով:

Գրել կարծիք