Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել

Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել

1991-1993 թթ.՝ Ազգային բանկի, 1993-1994 թթ.՝ Կենտրոնական բանկի նախագահի մոնոլոգը վախերի ու դարի կողոպուտի մասին:

չեմ ուշանում
Չուշանալու հիվանդություն ունեմ: Նույնիսկ վարորդս ինձ երբեք չի սպասել, միշտ ես եմ նրան դիմավորում: Միշտ աշխատանքի եմ եկել առաջինը, գնացել` վերջինը: Աշխատանքը սկսվում է 9-ին, իսկ ես կենտրոնական բանկում եմ գոնե 8-ն անց 40-ին: Սա սովորություն է: Ինչպես չեմ ծխել, այդպես էլ չեմ ուշացել: Սա պահանջ է ինքս իմ նկատմամբ: Մարդ պետք է ճշտապահ լինի և խստապահանջ` ինքն իր նկատմամբ: Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել…

ամենամեծ գաղտնիքը
Ինձ շատ են տեղափոխել մի վարչությունից մյուսը, հետո` մյուսը, հետո` մյուսը… Սկզբում նեղանում էի: Հետո զգացի, հասկացա, որ մարդիկ ինչ-որ բան էին ակնկալում ինձնից: Ինչքան շատ են քեզ տեղափոխում, այնքան շատ բաներ, շատ նրբություններ ես իմանում, որոնք հետագայում շատ օգտակար են լինում, հատկապես երբ ղեկավար ես դառնում: Այդպես եղավ ինձ հետ: Մարդ պետք է երկար չմնա նույն տեղում աշխատելու: Կյանքն էլ է սա ցույց տալիս: Պետք է փոխել ոլորտը, նոր նրբություններ սովորել: Հակառակ դեպքում դեգրադացիան անխուսափելի է…

վախենում եմ
Վախենալու բան չկա այս կյանքում: Միակ վախս մոտիկ մարդկանց կորցնելն է: Դա ամենավատ բանն է: Երբ տեսնում ես, թե ինչպես են գնում բարեկամները, հարազատները, երիտասարդները… Սա ամենավախենալու բանն է ինձ համար: Միշտ ասում եմ` ես ինչո՞ւ կամ, իսկ այս երիտասարդը գնաց, չէ՞ որ սա անօրեն բան է: Չկա ոչ մի օրինաչափություն:

իմ տատիկը
Տատիկս միշտ ինձ հետ էր: Ես աքսորավայրում եմ ծնվել` Կուրգանում: Տատս, ռուսերեն մի խոսք անգամ չիմանալով, եկել-հասել էր Կուրգան 33 թվականին: Մենք շատ կապված էինք, չնայած նա շատ թոռներ ուներ: Ծնողներս միշտ աքսորավայրում էին, և ինքն էր միշտ ինձ հետ: Շատ դժվար էր ինձ համար նրա կորուստը, շատ ծանր եմ տարել: Կյանքում շա՜տ եմ նեղվել, բայց չեմ արտասվել: Արտասվել եմ ընդամենը մեկ անգամ` տատիկիս թաղմանը: Ես էլ չհասկացա, թե ինչպես չկարողացա ինքս ինձ տիրապետել:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


իմ արգելակները
Ամեն մարդ պետք է ունենա իր արգելակները` որոշ քայլեր չանելու համար: Իմ դեպքում դրանք 2-ն են: Նախ՝ մեծ վարպետի՝ Իսահակյանի ցեղից լինելը: Երկրորդը` ծնողներս: Հայրս 20 տարի քաղաքական աքսորում էր: Մայրս էլ նման խնդիր ուներ: Այսինքն՝ կյանքիս այդ 20 տարին անցել է առանց ծնողի: Եվ այդքանից հետո դառնալ կաշառակե՞ր կամ վատ քա՞յլ անել: Չէ՞ որ հանուն դրա չէր այս ամենը…

ինչպես է պետք հեռանալ
Հեռանալ պետք է հանգիստ: Երբ Շիրվինդտին հարցրել են, թե նա վախենո՞ւմ է մահից, պատասխանել է, որ վախենում է երկար մահանալուց: Մարդ պետք է երկար չմահանա: Ճիշտ բան է ասել. սարսափելի բան է երկար մահանալը, ամենասարսափելի բանն է: Հետաքրքիր է, բայց առողջությունն այնպիսի բան է, որ ինչքան էլ լինի, միշտ էլ հերիքում է մինչև կյանքի վերջ:

միամիտ մարդը
Այս դարում, այս ժամանակներում, ինձ թվում է, չկա միամիտ մարդ: Ուղղակի հնարավոր չէ այս պայմաններում լինել միամիտ: Նույնիսկ չեմ պատկերացնում 21-րդ դարի միամիտ մարդուն:

հուշակարոտ
Հիշողությունը միակ դրախտն է, որտեղից Ձեզ ոչ ոք չի կարող վտարել: Հուշակարոտը նույն հիշողությունն է: Միանգամայն այլ համակարգում ենք ապրել, աշխատել: Նոստալգիա կա ու շատ բաների նկատմամբ: Ավելի շատ երիտասարդության հանդեպ: Հիմա ամեն ինչ ավելի ազատ է, մարդիկ ավելի ազատ են… Բայց այն ժամանակ մենք երիտասարդ էինք…

newmag#47երբ է պետք լռել
Շատ դեպքերում լռելն ավելի օգտակար է, քան խոսելը: Խոսել պետք է այն ժամանակ, երբ ասելիք ունես: Կամ, օրինակ, եթե շատ սխալ բան ես լսում, անհնար է լռել, նույնիսկ անթույլատելի է. պետք է ուղղակի կանգնեցնել, ուղղել և հասկացնել, որ պետք չէ այդպես: Շատ են եղել դեպքեր, որ շատ ասելիքներ եմ ունեցել, բայց լռել եմ: Այն դեպքերում, երբ զգում ես, որ արդյունք չկա, որ նույնիսկ խոսելու դեպքում ոչնչի չես կարող հասնել, և խոսելդ կամ լռելդ ոչինչ չի փոխի:

փողկապը
Փողկապ կապում եմ 1957 թվականից, երբ աշխատանքի անցա: Սիրում եմ փողկապներ, շատ ունեմ: Փողկապ կապելը սափրվելու պես մի բան է, առանց դրա հնարավոր չէ: Ամեն օր սափրվել սկսեցի Չեխոսլովակիայում. կարգն էր այդպես պահանջում. մինչև հիմա ամեն օր սափրում եմ երեսս: Նույնն էլ փողկապն է: Ինձ նույնիսկ թվում է, որ առանց փողկապ չեմ կարող: Վերջիվերջո, 56 տարվա պաշտոնյա եմ, քիչ է մնում՝ փողկապով էլ քնեմ:

փող
Չեմ ձգտել առանձնապես շատ փող ունենալ, ոչ էլ ունեցել եմ: Փողը շատ չի լինում. կա՛մ քիչ է, կա՛մ չկա: Իհարկե, անհրաժեշտություն է փողը, բայց պետք է լինի այնքան, որքան անհրաժեշտ է: Հակառակ դեպքում վերածվում է հիվանդության: Ամենահարուստ մարդիկ էլ միշտ մտածում են, թե այն բավարար չէ: Դարի կողոպուտի ժամանակ ես վարչության պետն էի, հենց իմ մոտից էին տարել այդ 1 մլն 500 հազար ռուբլին: Դրանից շատ մարդիկ տուժեցին: Փողի մեծ արժեքը հատկապես այդ ժամանակ հասկացա և զգացի:

Գրել կարծիք