«3 շաբաթ Երևանում». արդյունքում` կիսատ-պռատ նոր հայրենադարձային կոմեդիա

«3 շաբաթ Երևանում». արդյունքում` կիսատ-պռատ նոր հայրենադարձային կոմեդիա

Դիանա Մարտիրոսյանի կինոսյունակը հայկական ժամանակակից կինեմատոգրաֆը համալրած, բայց, ցավոք, չհարստացրած, նոր կատակերգության մասին, թե ինչու է «3 շաբաթ Երանում»-ը անհասկանալի ու անավարտ ֆիլմ:

Ամեն անգամ, երբ հայկական էկրան է բարձրանում նոր հայրենական արտադրության ֆիլմ, կինոգործիչներն ու մեդիաշխատողները սպասման նախազգացումներից բացի ապրում են անհանգստություն ու սկեպսիս։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, որն է մեր երկրի մշակութային պոտենցիալը, ինչն է վաճառվում ներքին շուկայում և որ տեսակի արտադրանքը դառնում վյուաբեր։ Վյուաբեր կարող է լինել ոչ միայն Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը և Առաքել Մովսիսյանը բարբաջյունը, այլ նոր հայկական ֆիլմն՝ իհարկե, ծաղրանկարային, կլոունադաառատ, մասմեդիականորեն փիառված գեգերի ու հղումների վրա ստացած և միայն այդ մասայականության շնորհիվ թրենդ դարձած տեքստային հումորներով կառուցած կատակերգությունը (ազգը հոգսերի մեջ է, հոգնել է խնդիրներից, ուզում է լիցքաթափվել, սակայն դա մոռացվում է, երբ տառապյալ ազգը դիտում է, օրինակ՝ մորթոցիային «Գահերի խաղը»)։

Այդ վյուաբեր, մեր երկրում սիրված ու իր ստեղծողներին դիվիդենտներ բերած ֆիլմի մակետը գծվել է հեռավոր Ամերիկայում, հոլիվուդյան ստուդիաների կոնդիցիոներային զով, սակայն սիգարի հոտից թանձրացած ոճային գրասենյակներում, տասնյակ տարիներ առաջ: Արդի հայ կինոճարտարապետները մաշում են այդ ֆորմատը մինչև չստանան կարկատաններով ու ծակոտիներով առատ կիսահայկական-կիսաամերիկյան աութֆիթ։ Եվ դժբախտությունը նրանում է, որ այդ ամերիկացի մայրիկից ու հայ հայրիկից ծնված անհասկանալի «զավակը» կշտացնում է մեր սպառողի կողմից դրված ցածրասանդղակ կինեմատոգրաֆիկ ախորժակն ավելի լավ, քան երևանյան, ուրբանիստիկ, կոլորիտային պատմությունը։


«Արմատներ». Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կինոամփոփում


Նախ եկեք հասկանանք, թե որն է երևանյան պատմությունը և ինչ է դա նշանակում։ Երևանյան, որովհետև գործողությունները տեղի են ունենում մեր մայրաքաղաքու՞մ։ Ոչ, պարտադիր չէ։ Կան բազում սյուժեներ կեղծերևանյան մթնոլորտով, մանեկենային, անհասկանալի երևանցիներով և յուղայնության աստիճանի հասնող պաթետիկ երևանիզմներով։ Վահագնի թաղամասում նկարված կիսաֆրանսիական դասական ձևաչափի սնդուսային ատրիբուտիկան երևանյան լինել չի կարող։ Ուրեմն, երևանյան ֆիլմն ավելի շուտ հայկական մարդկային, ոչ պրետենցիոզ, թեկուզ սլենգային լեզվով խոսացող, բայց, այո, չհնարված քաղաքն է, քան զուտ սնդուսափայլ, գարշելիության հասնող անբնական, բոտեքսային (ոչ միայն ուղիղ իմաստով) ու թրանսլիթ մտածելակերպով հասարակությունն իր ապրելավայրով։

«Երեք շաբաթ Երևանումը» դրել է ազնիվ, հայրենական ու ոչ պրիմիտիվ կոմերցիան ֆիլմակոնցեպտի հիմք (համենայն դեպս սա ստանդարտ զուգարանային հումորով գռեհկությունը չէ). երեք հայ (պարսկահայ, ամերիկահայ և հայաստանցի), որոնց մարմնավորում են Թոխատյանը, Բերբերյանն ու Փիրհամզեին, որոշում են զգայուն, հայրենասիրական և հուզիչ ֆիլմ նկարել մեր բոլորիս սիրելի «վարդագույնում»։ Դրա համար հերոսներին անհրաժեշտ են ֆինանսավորում (գումարի մի մասը կա), ծանոթություններ՝ ի դեմս Մշակույթի նախարարի և ՀՀ ոստիկանապետի, հաջողված քասթինգ և ավարտուն սցենար։

Այս ամենի կեսը կա, կեսը՝ ոչ, որոշ բաներ կիսատ են, իսկ մնացածն՝ անավարտ։ Հենց այդպես, տաֆտալոգիկ, անկառույց, կիսասյուժե սցենարային գծեր, չարդարացված կիսակամեոներում հայտնվող Թաթա Սիմոնյան, Արամո ու Նունե Եսայան՝ այս ամենն անկեղծ բուրում է «Շարմ»-ի լավագույն նախագծի հոտով՝ «Մեր բակով»։ Սակայն եթե մերբակային սլենգիզմներն ու կլիշեները, շտամպն ու գրոտեսկը դարձել են դասական, որովհետև այդ հեռուստաֆիլմն ուներ ճիշտ դրամատուրգիկ կառուցվածք իր իդեալական կերպարներով ու փայլուն երկխոսություններով, ապա Հրանտ Թոխատյանի այս էկրանային ալտեր-էգոն ավելի շուտ դերասանի խավարոտ ստվերն է, թույլ պատճեն, որը չի ձգում կերպարային ամբողջականության։


Հայկական ամենասպասված ադրբեջաներեն ֆիլմը ( եթե կարճ` 10 բալից 5 )


Ստենդ ափ կոմիկ ու սցենարիստ Վահե Բերբերյանն իր էկրանային ամպլուայի մեջ անհամոզիչ է, նույնպես անավարտ ու մեծ հաշվով անհասկանալի։ Ինչ դեպրեսիա, միզանտրոպություն և ապատիա է կերպարի մոտ՝ մոտավոր հասկացվում է, մնացածն էլ՝ կարելի է կռահել, սակայն, ինչքանով է համոզիչ իր և իրենից երեք անգամ երիտասարդ օրիորդի սիրախաղը, եկեք ուղղակի չվերլուծենք, պարզապես նշեմ, որ հերոսուհու կերպարը մաքսիմալ կիքսային է. ֆիլմի սկզբում նա զրուցում է էկրանային Բերբերյանի հետ «դու»-ով, հետո անցնում «Դուք»-ի, ինչից հետո նորից անցնում «դու»-ի, հետաքրքրվում է անծանոթ մարդու անձնականով ու ներքինով՝ մաքսիմալ ոչ համոզիչ հայերենով։ Եվ արտաքնապես 27 տարեկան այդ աղջկա էկրանային մայրը երգչուհի Քրիսթինե Պեպելյանն է (36 ամյա Քրիսթինե Պեպելյանը, Կառլ)։

Վահիկ Փիրհամզեին բաժին է հասել գուցե ամենապարզ կերպարը, որի հոգեբանությունն ու փիլիսոփայությունն արդարացված են ու ռացիոնալ։ Չլուծված, ջրային, անհյութեղ, առանց մսի ու համեմունքների պատրաստված այս տրագիկոմիկ սիրո խոստովանությունը քաղաքին, երկրին, հայրենադարձությանն ու ուրբանիստիկ կյանքի փոքր հաճույքներին, զրկված է ֆիլմային տեմպից, դրամատուրգիկ տրամաբանությունից և ամենակարևորը՝ հիմնախնդրից։ Սցենարիստներն այդպես էլ չեն հասկացել, թե որն է պատմության գլխավոր կոնֆլիկտը. Ալ Պաչինո՞ն, ում նրանք չեն հրավիրել ֆիլմի մեջ նկարվող ֆիլմի նկարահանումներին, սակայն Մշակույթի նախարարից (թատերական Նարեկ Դուրյան) մինչև Ոստիկանապետ (անմիջուկ ու մակերեսային Աշոտ Ղազարյան) թյուրիմացության պատճառով սպասում են հոլիվուդյան աստղին, թե՞ ֆիլմի կոնֆլիկտը Փիրհամզեի կերպարի ֆինանսական բարդություններն են, որոնց պատճառով կա վտանգ, որ եռյակն այդպես էլ չի սկսի ֆիլմի նկարահանումները։

Ստեղծողները կարող են ասել, որ ֆիլմում կա մի քանի կոնֆլիկտային գիծ, սակայն կսխալվեն. գծերը աղոտ են, ծուռ, ընդհատվող, անավարտ, անհասկանալի, խճճող։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որ, չունենալով լեյտմոտիվի հստակ ու առաջնային կուլմինացիա, ֆիլմն ուղղակի լցրել են տարատեսակ «անավարտ թռիչքներով»։ Երեքից-չորս հաջողված կատակ, մեկ-երկու տասնյակ սիրված դերասան ու երգիչ, բացակայող սյուժետային առանցք, դեկորատիվ եկեղեցական պատկերներ, հայրենիքը լքել չցանկացող փոքրիկ տղայի կերպար (ողջույն Հրանուշ Հակոբյանին). այս ամենը հիշեցնում է Արարատյան բնապատկերով անտաղանդ արված դեղնած բացիկ, որի վրա շուռ են տվել մրուրոտ սուրճի բաժակը, և թողել կլորաձև հետք։

Իսկ քանի որ ֆիլմն «անավարտ է», կարելի է կիսատ թողնել նաև վերևում նշված թեման և չամփոփել՝ թե ինչու է Հայաստանում հոլիվուդյան մեյնսթրիմի մոդելով ֆիլմը տասնապատիկ անգամ ավելի հաջողված (ողջույն Դավիթ Բաբախանյանին), քան շեշտված ու ակցենտավորված, վառ կոնտրաստային գունակորեկցիայով փաթեթավորված ու սկուտեղի վրա հայրենասիրություն քարոզած, պետպատվեր հիշեցնող հայկական իբր թե հեղինակային կիսապատմությունը։

Գրել կարծիք