«Արմատներ». Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կինոամփոփում

«Արմատներ». Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կինոամփոփում

newmag-ի կինոքննադատը վերլուծել է հայկական մեծ էկրան բարձրացած «Արմատներ» ֆիլմի կինեմատոգրաֆիկ թերություններն ու առավելությունները:

Հայաստանում Եղեռնի մասին ֆիլմ նկարելու ցանկությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված են ավելի շուտ ոչ թե երկրի կինեմատոգրաֆիկ պահանջները բավարարելու հանգամանքով, որքան աշխարհին հայկական պատմական ողբերգության մասին բարձրաձայն հայտնելու ցանկությամբ։

Այս տարի հայկական վարձույթում հայտնվեց մի կիսագեղարվեստական-վավերագրական ֆիլմ, որն իր կառուցվածքով տարբերվում է մյուս և արդարության համար նշենք՝ անհաջող մրցակիցներից։

Ֆիքսելով 100-րդ տարելիցի կարևորագույն պահերը՝ ռեժիսորն ու սցենարիստը տեղադրել են գլխավոր հերոսներին Ճրագներով երթի, Ծիծեռնակաբերդի հուշահամիլիրի, Հռոմի Պապի պատարագի, System of a Down-ի համերգի և մյուս պատմամշակույթային միջոցառումների հանդիսական ամբիոնում։

Պատմությունը Արամի և Անետի մասին է. տղան՝ բոստոնահայ բլոգեր է, որը ժամանում է Զվարթնոց իր վարդագույն ճամպրուկով և հայրենասիրության զգալի չափաբաժնով, որն օր օրի աճում է՝ դարձնելով բոստոնցուն երևանցի։ Աղջիկը՝ Մարսելի հայ է. նուրբ և անշպար պացիֆիստ։ Զույգի հարաբերությունները զարգանում են հայրենասիրական պոռթկումների, չպլանավորված ճանապարհորդությունների և նոստալգիկ հուշերի ֆոնին։


Դիանա Մարտիրոսյանի կինոսյունակում կարդացեք նաև՝


Ներգրավվելով մասնագիտությամբ չդերասանների՝ ռեժիսորը մաքսիմալ մոտ է թողել դերակատարներին իրենց առօրյա ժեստամիմիկայությանը՝ չդնելով կարդինալ նոր կերպար ստեղծելու խնդիր. Մերրի Մկրտչյանը (Անետ) և Անդրանիկ Բաբայանը (Արամ) երբեմն շատ են քչախաղում, երբեմն էլ՝ անցնում են ռուբիկոնը, չհասնելով էմոցիոնալ ճիշտ բալանսին, սակայն մեղավոր է նաև աղքատիկ և պաթետիկ սցենարը՝ լի տրիվիալ կլիշեներով և անհետաքրքիր երկխոսություններով։

Ազգային համովությունները, որոնք թիրախավորում են միջին վիճակագրական հանդիսատեսին,  կանխատեսելի են, սպասված և կինոյի պատմության չափ ծեր։

Նաև երևում են ռեժիսորական կարկատանները. երբ, օրինակ՝ դերակատարները մտնելով մի շքամուտքից հայտնվում են «մեկ ուրիշ տանը»։ Վավերագրական ֆիլմերի փորձ ունեցող ռեժիսոր Վահե Յանի գեղարվեստական դեբյուտը շատերին կթվա կոլորիտային և անգամ ոչ գռեհիկ, սակայն այստեղ չկա միատարրության վարժ զգացողություն, ամբողջականության մեջ ձուլված եփված նյութ, որի տեմպն ու դինամիկան տրամաբանական են։

Սիթքոմի մտածելակերպով ընտրված բացումը, ուրախ-զվարթ ֆոնային երաժշտությունը և հայրենասիրական պարույրսևակային սիրո խոստովանություններն առ հայրենիք ստեղծում են հոդաբաշխ էկլեկտիկայի ետնահամ։ System of a Down երգող ոստիկանները, որոնք անհանգստանում են անձրևի տակ թրջվող քաղաքացիների համար՝ կատակերգական ուրբանաֆանտաստիկայի ժանրից են, որը փչացնում է ընդհանուր դրական պատկերացումը և հեռու է հեղինակային մոտեցումից։ Մի քանի հաջողված կատակներով պատրիոտիկ մելոդրաման, կարծես, խոսում է ախպարական դիալեկտով՝ մի քիչ անվստահ, զավեշտալի, բայց միայն բարի նկատառումներից դրդված։

Գրել կարծիք