ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչի՞ց կզգուշանա և կվախենա Իլհամ Ալիևը 2016-ին

Ինչի՞ց կզգուշանա և կվախենա Իլհամ Ալիևը 2016-ին

Նավթը
2015-ն ապացուցեց, որ Ադրբեջանի հիմքերը ապակայունացնող ամենամեծ գործոնը թերևս նավթի գինն է: Ադրբեջանում ամեն ինչն է կապված նավթի հետ՝ տնտեսությունից մինչև բանակ, կրթությունից մինչև առողջապահություն: Ամեն հաջորդ տարվա համար Ադրբեջանում պետական բյուջեն կազմելիս հենվում են տվյալ տարվա համար նավթի գնի մոտավոր կանխատեսման վրա:

2016 թվականի բյուջեն հաստատվել է նավթի 1 բարելի դիմաց 50 դոլար միջին գնի կանխատեսմամբ: 2015-ի վերջին 1 բարելի գինը տատանվում էր 36-38 դոլարի միջակայքում: 2016-ի բյուջեն անցնող տարվա համեմատ ավելի համեստ է: Բավական է միայն նշել, որ նոր բյուջեով ռազմական ոլորտի ծախսերը 2016-ին կրճատվել են 2 անգամ:

Ալիևին բավական դժվար է լինելու նախկինում տված շռայլ խոստումներից հետո Ադրբեջանի բնակչությանը համոզել, որ նավթի գնի պատճառով մանաթը արժեզրկվել է: Մանաթի ռեկորդային արժեզրկումը երկար ժամանակ զսպելու հետևանքով ծախսվել է Ադրբեջանի ոսկու պահուստային ֆոնդի զգալի մասը, արժեզրկված մանաթի պատճառով ապրանքները թանկացել են: Մի խոսքով՝ երկրում տնտեսական ճգնաժամ է:
Արևմտյան պատժամիջոցները
2016-ին առաջին անգամ Արևմուտքը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Տարեսկզբին ԱՄՆ կոնգրեսը քննարկելու է կոնգրեսական Քրիս Սմիթի «Ադրբեջանի ժողովրդավարացման ակտը», որը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանության դեմ, արգելում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԱՄՆ: Բացի այդ ԱՄՆ սենատը հաստատել է նախապես Ռուսաստանի դեմ ընդունված «Մագնիցկու օրենքը» միջազգայնացնելու առաջարկը: Եթե ներկայացուցիչների պալատը, հետո էլ Բարակ Օբաման հաստատեն այս առաջարկը, ԱՄՆ նախագահը իրավունք կստանա կազմել ու անընդհատ թարմացնել այն արտասահմանցիների ցուցակը, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի  համար:
Ադրբեջանում կարծում են, որ «Մագնիցկու գլոբալ օրենքի» թիրախում հայտնվելու է նաև իրենց երկիրը: Այս դեպքում էական է ոչ թե այն, որ Ադրբեջանի իշխանության որոշ անդամներ կզրկվեն ԱՄՆ մուտքի վիզայից կամ Միացյալ Նահանգներում իրենց տնտեսական ակտիվներից, այլ այն, որ Ադրբեջանում արևմտյան ֆինանսական ներդրումները կդադարեցվեն:

Իսկ տնտեսական ծանր ճգնաժամ ապրող Ադրբեջանի համար արտասահմանյան ներդրումները օդի ու ջրի պես են անհրաժեշտ:
Ադրբեջանի բնակչությունը
Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումից հետո բազմիցս լսել ենք Ադրբեջանում ճնշված բնիկ ժողովուրդների՝ մինչև 1 միլիոնի հասնող լեզգիների, նույնքան էլ թալիշների ու թաթերի մասին, որոնց օրհասական վիճակը սպառնում է տապալել Ալիևի վարչակազմն ու մասնատել Ադրբեջանը: Ժամանակը ցույց տվեց, որ այս ժողովուրդների ներուժն ու նրանց ազգային ու հակաիշխանական տրամադրությունները չափազանցված են: Նրանք իսկապես տասնամյակներ շարունակ ճնշումների են ենթարկվում, սակայն Ադրբեջանի իշխանության դեմ որևէ նշանակալի պայքար չեն ծավալում և ինքնուրույն գործոն չեն:
Ադրբեջանում իշխանափոխություններ եղել են միայն պատերազմում պարտությունների ու տնտեսական ճգնաժամի պատճառով՝ ինչպես 1991-1994թթ.: Հետևաբար իշխանափոխություն պետք է սպասել երկրի վիճակից դժգոհ բնակչությունից ու հատկապես ներիշխանական տարբեր խմբավորումներից:

Եթե Ադրբեջանում 2015 թվականի վերջի տնտեսական վիճակը պահպանվի նաև 2016-ին,  օրակարգային կդառնա իշխանափոխության համար անհրաժեշտ տնտեսական նախապայմանը: Պետք է հաշվի առնել, որ 2003-ից կառավարող Իլհամ Ալիևը առաջին անգամ կարող է բախվել նման մասշտաբի տնտեսական ճգնաժամի, հետևաբար չի կարող կանխատեսել Ադրբեջանի դժգոհ բնակչության արձագանքը, որն էլ իր հերթին վերջին 10 տարում առաջին անգամ կարող է բախվել խոր տնտեսական ճգնաժամի:





Ներիշխանական ընդդիմությունը
2015-ը ցույց տվեց, որ Իլհամ Ալիևի վարչակարգի ներսում կան բռնապետից դժգոհողներ՝ այն էլ Ալիևների իշխանության պահպանման միջնաբերդը համարվող Ազգային անվտանգության նախարարությունում [1]: Դավադրությունը գլխավորում էր արդեն նախկին նախարար Էլդար Մահմուդովը: Պաշտոնաթող արվեցին, ձերբակալվեցին ու ինքնասպանություն գործեցին նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, գաղտնալսման ու ահաբեկչության դեմ պայքարի վարչությունների պետեր ու նրանց տեղակալներ, աշխատանքից ազատվեցին 200-ից ավելի աշխատակիցներ:Փաստերը ցույց էին տալիս, որ Ալիևի դեմ իսկապես հզոր դավադրություն էր ծրագրվել: Դավադրության իրական ծավալները, շարժառիթներն ու մանրամասները չեն հրապարակվում: Պաշտոնապես հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալվել ու հեռացվել են խոշոր ֆինանսական խաբեությունների համար: Դավադրության՝ նաև դրսից հովանավորվելու հնարավորության մասին կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ չպետք է աչքաթող անել փաստը, որ
Ազգային անվտանգության նախկին նախարարն ու նրա շրջապատը համարվում էին Ալիևի վարչակազմի արևմտամետ կողմնորոշման խմբավորման անդամներ: Իսկ դավադիրներին բացահայտելու և ձերբակալելու գործողությունները սկսվեցին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովից Ալիևի վերադառնալուց հետո:

Ձերբակալությունները շարունակվում են, սպասվում է նաև տնային կալանքի տակ պահվող նախկին նախարար Էլդար Մահմուդովի ձերբակալությունը: Այնուամենայնիվ այս գործընթացը հստակ ցույց տվեց, որ Ալիևից դժգոհ են նաև նրա մտերմագույն շրջապատում:
Իրան (Նարդարա՞ն)
Փոքր-ինչ տարօրինակ է, բայց Ալիևն ու Ադրբեջանի բնակչության մեծ մասը կրոնակից Իրանը դիտում են որպես արտաքին լուրջ սպառնալիք: Ադրբեջանում շատերը կարծում են, որ Իրանը ցանկանում է վերականգնել իշխանությունը պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով իր հետ կապված այս տարածքում, կամ գոնե կրոնապետական հասարակարգ հաստատել շիա մեծամասնությամբ երկրորդը համարվող Ադրբեջանում:
 2016-ին Ալիևը ավելի քան անհանգստանալու առիթ է ունենալու՝ տարվա սկզբից չեղարկվել են Իրանի դեմ տարիներ շարունակ գործող պատժամիջոցները, և Իրանը իր հսկայական պաշարներով մտնելու է նավթի միջազգային շուկա: Սա Ալիևի համար նշանակում է նավթի գինը գցող ևս մեկ հզոր գործոն:

Մի քանի տարի առաջ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պայմաններում իսրայելական հենակայանի վերածված Ադրբեջանը լավ հասկանում է, որ միջազգային հզոր ճնշումից ձերբազատվող ու տնտեսապես հզորացող Իրանը տարածաշրջանում ավելի է ակտիվանալու: Այս համատեքստում Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանում համարում են ակտիվացող Իրանի առաջին ազդակը:





Ռուս-թուրքական դիմակայությունը
2016-ին Մոսկվայի ու Անկարայի միջև լարվածության հնարավոր խորացումը Ալիևին ոչ մի լավ բան չի խոստանում: Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի արտաքին քաղաքականության ամենակարևոր 2 պետություններն են, որոնց ազդեցությունը Բաքվի վրա հսկայական է: Բնական է, որ նոյեմբերի վերջին սկսված դիմակայությունում Ադրբեջանի բնակչության մեծամասնության համակրանքը Թուրքիայի կողմն է: Վիճակը ավելի բարդ է Ալիևի շուրջ հավաքված իշխանական վերնախավի քաղաքական կողմնորոշման դեպքում: Չնայած Ալիևը իր մի քանի տնտեսական որոշումներով աջակցեց Թուրքիային, սակայն Անկարային սատարելու բացահայտ ու բարձր մակարդակի հայտարարություններ չարեց: Ալիևի ամենամտերիմ շրջապատում կան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք բազմաթիվ թելերով կապված են Մոսկվայի հետ, նույնիսկ նշվում է, որ կառավարվում են Կրեմլից: Կարելի է հիշատակել թեկուզ միայն Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևին: Մյուս կողմից` Թուրքիայի հետ եղբայրությունն ու դաշնակցությունը Ադրբեջանի պետական գաղափախոսության հիմքն է ու քննարկման առարկա չէ: Այս պայմաններում ռուս-թուրքական դիմակայությունը կարող է պառակտիչ գործոն դառնալ Ալիևի վերնախավի համար, եթե Ադրբեջանն ի վերջո ստիպված լինի ընտրություն կատարել Մոսկվայի ու Անկարայի միջև:

***



Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց Արցախյան հակամարտությունը: Մի՞թե այն սպառնալիք չէ բռնապետի համար:



Առայժմ Ալիևը հակամարտությունը դիտարկում է որպես ոչ թե սպառնալիք, այլ մյուս սպառնալիքների մի մասը չեզոքացնելու գործիք, որը և կիրառում է: Սակայն, միաժամանակ իշխանավարման 13-րդ տարի մտնող արևելյան բռնապետը հասկանում է, որ դժվար պահին այս գործիքը չափազանց ակտիվ ու ծավալուն կիրառելու դեպքում կարող է նույնիսկ կորցնել իր իշխանությունը:


___________
[1] Դավադրության բացահայտումից հետո Ալիևը վերկազմավորել է Ադրբեջանի հատուկ ծառայությունը, որն այժմ կոչվում է Պետական անվտանգության ծառայություն:

Տարածել