Աննա Մնացականյան. Երևանը դեռ չի իրականացնում մայրաքաղաքի գործառույթներ

Աննա Մնացականյան. Երևանը դեռ չի իրականացնում մայրաքաղաքի գործառույթներ

newmag-ը գրի է առել Թերլեմեզյանի անվան գեղարվեստական պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի մոնոլոգը անճաշակության, խղճի ազատության, արվեստի ու քաղաքային մշակույթի մասին:

անճաշակություն

Անճաշակություն համարում եմ բոլոր  դրսևորումների մեջ ծայրահեղության մեջ ընկնելը, որովհետև «Ճաշակին ընկեր չկա» ասացվածքը հենց այնպես չի ծնվել: Տարածության և ժամանակի մեջ մենք ունենում ենք տարբեր ճաշակներ, բայց կան առանցքային կետեր, որոնք մշտական են: Դրանց շուրջ սովորաբար հավաքվում է պատկեր: Երբ մենք ընկնում ենք ծայրահեղության մեջ, յուրաքանչյուր շատ լավ բան կարող է դառնալ անճաշակ:

խղճի ազատություն

Խղճի ազատությունն ինձ համար կեղծ կատեգորիա է, չեմ հասկանում այդ «ազատություն» կոչվածը: Ես սիրում եմ կանոնակարգված ապրել, առանց ծայրահեղության մեջ ընկնելու, այսինքն դեմոկրատիայից մինչև դիկտատուրա. այդ «մեջտեղներում» ինձ համար ամենաընդունելի տարբերակն է: Ինձ համար բնության մեջ չկա հավասարության նշան, գոյության կռվի կանոնները մշտական են և դասական: Խղճի ազատությունն էլ ըստ այդմ ձևավորվում է տվյալ պահին, տվյալ տարածության մեջ: Սա չի կարող պարզապես լոզունգային արժեհամակարգի կետ դառնալ:

ժամանակ սպանելու նրբությունները

Ցավոք, շատ հեշտ է ժամանակ սպանելը: Բոլորս օրվա 24 ժամից ինչ-որ հատված սպանում ենք: Հավանաբար տարիքային ինչ-որ փուլերում վերարժևորում ենք ու գիտակցում ենք: Մի անգամ` հոգեբան ընկերուհուս հետ զրուցելիս, մի քիչ նվնվացի: Նա ասաց, որ ես կրիզիսային տարիքում եմ: Այդ ճգնաժամի պահին սկսում ես վերարժևորել ու մտածել, թե ինչի վրա ես ժամանակ ծախսել, ժամանակ սպանե՞լ ես: Ու գիտակցում ես, որ լավ էլ սպանել ես, ինչ-որ կարևոր բաներին ժամանակ չես տրամադրել: Լավ է, որ այդ փուլերը մեր կյանքում լինում են, և մենք ինչ-որ կանգառի պահի վերարժևորում ենք:

քաղաքային կուլտուրա

Մենք հիմա ականատեսն ենք այդ քաղաքային կուլտուրայի: Երևանում, ու ցավոք դեռ միայն Երևանում,  մի քիչ էլ Գյումրիում է այն ձևավորվում: 10 տարի առաջ նկարիչները, ռեժիսորները, կարծում եմ, սերտ շփումների մեջ չէին, բայց հիմա ես տեսնում եմ դա: Իմ տղան 17 տարեկան է, և ես իրենով եմ դատում: 20 տարի շարունակ աշխատել եմ երեխայի պաշտպանության դաշտում, միշտ երեխաների հետ շփման առիթ ունեցել եմ, և դիտարկումներս հիմնավորված են: Հիմա քաղաքային մշակույթ է ձևավորվում, դրան նպաստում է Երևանի գիշերային սրճարանային կյանքը, որով ապրում են երիտասարդները: Ցավոք, Երևանը մայրաքաղաքի գործառույթներ դեռևս լիարժեք չի իրականացնում, բայց ճանապարհին ենք: Եվ դա քաղաքային մշակույթի ձևավորման կարևոր բաղադրիչ է:


ՄՈՆՈԼՈԳ


հարուստ եմ և աղքատ եմ

Հարուստ եմ իմ ընտանիքով, իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսագրությամբ, իմ ընկերներով, իմ գործով: Չի եղել գեթ մի վայրկյան, որ ինչ-որ բան հենց այնպես անեմ, պարտադրված: Ինչ արել եմ` արել եմ անհավատալի սիրով ու նվիրումով, լիարժեք վայելել եմ ընթացքն ու արդյունքը: Աղքատ եմ նրանով, որ օրվա 24 ժամը չի բավականացնում այն ամենին, ինչն ինձ հոգեհարազատ է: Կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել զավակներիս հետ, ընտանիքիս հետ: Անել սիրած բաներ` նայել լավ ֆիլմեր, կարդալ գրքեր, քննարկել դրանք, բայց, ցավոք, ժամանակը չի հերիքում: Շփման պակասը հենց ժամանակ չունենալուց է գալիս, որովհետև մենք բոլորս աննորմալ վազքի մեջ ենք, ու մարդկային շփումներից զուրկ ենք մնում:

չեմ նեղանում

Չեմ նեղանում և չեմ վիրավորում մարդկանցից, որոնք փորձում են ինձ ցավ պատճառել: Բայց ես շատ հաստակ գիտակցում եմ, որ իրենք խնդիր ունեն, բարդույթներ ունեն, միգուցե դրանք տխուր մանկության հետևանք են: Պիտակավորումներից չեմ նեղանում: Սովորաբար չեմ արտասվում, զգացմունքներս արտահայտելու մշակույթի պակաս կա, չափից դուրս զուսպ եմ, ներքուստ կարող եմ մեծ ցավ ապրել ու չարտահայտվել: Չեմ սիրում արտասվել: Եթե արտասվում եմ, ուրեմն հազարից մեկ` թաքուն: Երկու անգամ է պատահել կյանքումս, որ շատ անհեթեթ արցունքներս հրապարակային հոսել են: Երևի սխալ է: Արտասվելը մեկ-մեկ պետք է, օգտակար է, թեթևացնում է:

վատ լուր

Առաջին մեծ ցավը, որ ապրել եմ, հորս կորուստն էր: Ու այդ դասը սովորեցի. երբ վատ լուր ես լսում, հաջորդ օրից կյանքդ կտրուկ փոխվում է: Այսինքն դու հաջորդ իսկ օրն արթնանում ես նոր աշխարհում, քեզ համար բացարձակապես նոր ճանապարհի վրա ես կանգնում: Փորձում եմ դիմակայել: Համենայնդեպս կյանքը սիրում եմ ` իր բոլոր դրսևորումներով:

զգուշացեք

Երբ մարդը չափից դուրս լուրջ է և չունի հումորի զգացում, նրա հետ շփվելը անհավատալի դժվար է: Ինքս բավականաչափ հավասարակշռված մարդ եմ, միշտ շրջապատված եմ եղել խենթ ու խելառներով, անչափ գունավոր ու հետաքրքիր է նրանց հետ կյանքը. չկանոնակարգված, զգացմունքային: Ինձ համար դա շատ ավելի նախընտրելի է, չնայած լուրջ մարդկանց հետ էլ գործի բերումով հաճախ եմ շփվում:

ինչն է ինձ սփոփում

Սիրում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին կա: Սփոփանքներ չեմ փնտրել, միշտ ընդունում եմ այն, ինչ կա: Սփոփանքը երևի իմ զգացմունքային աշխարհի գլխավոր կետը չէ, ոչ էլ կարիք ունեմ, որ ինձ սփոփեն, նույնիսկ նեղվում եմ, չեմ սիրում, ինքս էլ փորձում եմ ուրիշներին չսփոփել: Եթե կարող եմ մարդու կողքին լինել` լինում եմ: Իսկ պարզապես խոսքեր… չեմ սիրում: Վերլուծում եմ, թե այդ պահին մարդուն ի՞նչն է հաճելի կամ մխիթարող` և գործողություն եմ անում, չեմ խոսում:

Գրել կարծիք