Արցախյան նոթեր. Հուշերով լի քաղաքը

Արցախյան նոթեր. Հուշերով լի քաղաքը

newmag-ը ներկայացնում է արցախցի ժամանակակից հեղինակ Սուրեն Սարումյանի պատմվածքը անդարձ հեռացած մանկության ու արդեն ավարտվող ծերության մասին:

Օր առաջին. խորհրդավոր կինը

Ծերուկն արթնացավ լուսադեմին: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Երբ երիտասարդ էր, լուսադեմի ամպրոպի հեռավոր դղրդյունը նրան հրետանային համազարկ էր թվում, հրավառություն, որով կարկուտներով ու տեղատարափ անձրևներով լի խելահեղ մայիսը դիմավորում էր յուրաքանչյուր նոր օրը: Հիմա երկնային հրետանին լռել էր, հրավառության գույները՝ խունացել, անգամ անձրևներից հետո հայտնվող ծիածանը երկինքն օղակած սգո ժապավեն էր թվում: Ամպրոպի ձայնը ծերունուն իր վրա գլորվող քարերի շառաչ էր հիշեցնում: Այդ ամենակուլ հորձանքի առաջ ինքը անօգնական ու թույլ էր, գիտեր, որ շուտով հավիտենապես անհետանալու է՝ ճզմված անտեսանելի քարերի սոսկալի ծանրության տակ: Հետո անձրևից մնացած ջրափոսերի պես աննկատ ցնդելու, ծվեն-ծվեն գոլորշիանալու էր նաև իր հուշը: Շատ տարիներ անց իր մամռոտած շիրմաքարի մոտ երիտասարդ ու գեղեցիկ մի զույգ խոսելու էր կյանքի վաղանցիկության մասին՝ փորձելով կռահել, թե ինչպես է ապրել այդ քարի տակ ամփոփված կմախքը, երբ դեռ մարդ էր: Զույգը մտախոհ լռելու էր, թափահարելով գունագեղ թևերը՝ մի կարճ ակնթարթ շիրմաքարի անկյունին թիթեռ էր նստելու, հետո հեռանալու էր՝ ուրախ ու անհոգ, դեպի օրվա ավարտին իրեն սպասող վախճանը:

Ծերուկը հեռու վանեց տխուր մտքերը: Անիծելով մեջքի ցավը՝ վեր կացավ, նիհար, անմազ ոտքերը մտցրեց փափուկ հողաթափերի մեջ ու քստքստացնելով՝ քայլեց դեպի խոհանոց: Սուրճ խմելիս անտեսանելի քարերի սպառնագին շառաչյունը մի պահ լռեց, դեմքին թույլ ժպիտ հայտնվեց, սուրճի բարկ բույրն արևադարձային լողափ ու ոսկեգույն ավազի վրա փռված ոսկեմաշկ աղջիկներ հիշեցրեց: Սուրճը բուրում էր իր երիտասարդությամբ, սակայն վերջին ումպի հետ բույրն անհետանում էր, բաժակի հատակի մրուրը թվում էր մռայլ ու չարագուշակ, ծերունին նայում էր ժամացույցին, հոգոց հանելով՝ մոտենում պահարանին ու դարակներից մեկից վերցնում ու խմում իր դեղի առավոտյան ճափաբաժինը:

Դեղը խմելուց հետո պիտի գնար թերթ գնելու: Իր նախընտրած կրպակին հասնելու համար ոտքով կտրում էր քաղաքի կեսը: Չէր դժգոհում, չնայած մշտական ուղեկիցը դարձած մեջքի ցավին՝ քայլել սիրում էր: Սիրում էր կրպակի ճանապարհին նայել դպրոց գնացող կարմրաթուշ երեխաների խմբերին, հետո թերթը ձեռքին նստել ու երկար-երկար հետևել մեքենաների ու ավտոբուսների մեջ մշտապես ինչ-որ տեղ սուրացող կյանքին: Քայլելիս անընդհատ սպասում էր բարևի, անընդհատ ցանկանում էր հանդիպել ինչ-որ մեկին, չէ որ ժամանակին, երբ սիրելի կրպակը հասնելու համար կտրում էր քաղաքի կեսը, քաղաքի կեսը բարևում էր իրեն: Սակայն ժամանակը նախքան ծերուկին սպանելը որոշել էր մի լավ խաղալ նրա հոգու հետ: Մեկ առ մեկ ծերուկից խլել էր բոլորին, նրան թողել միայնակ: Քաղաքում հիմա ծերուկն էր ու նրանից մի քիչ առաջ ընկած կամ նրա հետևից դանդաղ քարշ եկող ստվերը: Ծերուկին ոչ մեկը չէր սպասում: Անգամ սիրելի կրպակի թերթավաճառի համար նա մի սովորական հաճախորդ էր, մեկը՝ շատերից: Քաղաքը հիմա օտար էր իրեն, մարդաշատ փողոցի կենտրոնում, իրեն աղմկելով շրջանցող մարդկային հոսքի մեջ՝ ծերուկը լեռնային գետի մեջ ընկած փոքրիկ քար էր պատկերացնում: Ամբոխի ձայնով աղմկում էր տխրությունը, ալիք-ալիք պարուրում ծերուկին: Նրան խփում ափեափ: Ասես մամլիչով՝ սեղմում ներս ընկած կուրծքը:

Ծերուկը տնքտնքալով բացեց շքամուտքի օրեցօր ծանրացող դուռը: Անձրևը դադարել էր: Մայիսյան երկնքի վրա ամպերը ծերունական կնճիռներ էին նկարել: Մայիսյան երկինքը խազերով ու պուտերով պատված հին, խունացած թուղթ էր: Ոտքերը քաշ տալով, կորաքամակ՝ քայլեց շենքի երկարությամբ: Փողոց դուրս գալիս՝ զգուշավոր հայացքով նայեց չորս կողմը: Իր վրա ժխորով հոսող ամբոխից փոքր-ինչ վախենում էր, զգուշությամբ, ասես լեռնային գետի մեջ էր մտնում, ոտքը դրեց մայթին ու քայլեց դեպի կրպակը: Իր առջևում, իրենց վրա հոսող ամբոխին հակառակ քայլող երիտասարդ կնոջ սլացիկ մեջքը, յասմանագույն շրջազգեստի մեջ, հեռացած մանկության չափ հարազատ թվացած մեջքը տեսնելով՝ ծերուկի սիրտը անհանգիստ թփրտաց, հետ նվաղեց: Ծերուկը գիտեր, որ այդ կնոջ ձեռքերի վրա ինքը հոնգուր-հոնգուր լաց է լինելու, այնպես, ինչպես շատ տարիներ առաջ արտասվել էր, երբ կորցրել էր հոր նվիրած կաշվե գնդակը: Մոր տաք, ապահով ափի մեջ թաքցրել էր դեմքն ու երկար-երկար արտասվել, իսկ մայրը լուռ շոյել էր նրա գլուխը: Այդ ժամանակ նրա գլխին խարտյաշ ու փափուկ մազեր էին աճում, հիմա ամբոխը ճեղքող խորհրդավոր կնոջ ձեռքը նրա ճաղատը պիտի շոյեր: Բայց նրա ձեռքերի վրա արտասվելիս ծերուկը ժամանակից դուրս էր լինելու՝ պաշտպանված ու խաղաղ: Կնոջն ամեն գնով պետք էր հասնել: Իր երիտասարդ ու շատ գեղեցիկ մայրիկի յասամանագույն շրջազգեստը, սլացիկ մեջքն ու քայլվածքը, քամու անտեսանելի ալիքների վրա ծփացող նրա մազերը գողացած խորհրդավոր կնոջը: Սակայն կնոջը մոտենալ ոչ մի կերպ չէր հաջողվում, ծերունու մեջքով ներքև էին հոսում քրտինքի կաթիլները, հևասպառ թոքերում խզխզոց էր հնչում, քայլերն անընդհատ ծանրանում էին, իսկ կինը քայլում էր թեթև ու արագաքայլ՝ ասես երկրի վրայով անձայն սահող ամպի ստվեր: Իրեն դիվային հետապնդման մասնակիցը համարեց, հիշեց, որ դիվային, անհաջողության մատնված հետապնդման մասին կարդացել է իր երիտասարդության սիրելի գրքերից մեկում:


Արցախյան նոթեր. Պարտվողը


Սակայն եթե իր մայրիկի տեսքն ունեցող կինը անգամ ամենից չար վհուկը լիներ, հոժարությամբ նրան էր նվիրելու հոգին: Անգամ ամենից չար վհուկը խղճալու էր իրեն, տարիների խոր ճաքերով ու ակոսներով պատված հոգին մեծահոգաբար թողնելու էր ծերուկին: Իսկ իր մանկության ձեռքերի վրա արտասվելուց հետո, փույթ չէր, թող մի սև զահաքարի վրա սառնասրտորեն մորթեին իրեն: Անհոգ ժպտալու էր արևի շողերի տակ առկայծած շեղբին ու ուրախությամբ նետվեր հավիտենական լռության ու խավարի մեջ: Դեպի անվերջ հանգիստը: Դեպի այնտեղ, որտեղից քաղաքում էր հայտնվել մոր յասամանագույն շրջազգեստը: Սակայն կնոջը հասնել չէր հաջողվում: Ուրախացավ, երբ կինը թեքվեց, գիտեր, որ կամարի տակ մտած ճանապարհը փակուղի է տանում: Արագացրեց քայլերը, համոզված, որ հիմա կհասնի կնոջը, սակայն փակուղին դատարկ էր: Խորհրդավոր կինը չկար, խորհրդավոր կինն անէացել էր: Օդում միայն վաղուց մոռացված, անչափ հարազատ, գրեթե անորսալի բույր էր մնացել: Ծերունին, մոռացած տարիքն ու մեջքի ցավը, վազելով մոտեցավ առաջին շենքի շքամուտքին, փորձեց բացել դուռը: Փակ էր: Սկսեց ուժգին բախել այն: Վերևից բացվող պատուհանի ձայն լսվեց: Երկու խորաթափանց աչքեր նայեցին ծերուկին: Պատուհանը շրխկալով փակվեց: Ծերուկը մոտեցավ հաջորդ դռանը: Հետո մյուսին: Բոլոր դռները փակ էին: Փակուղին՝ ամայի: Շենքերը՝ կարծես թե անմարդաբնակ: Դռները բախելիս իր բռունցքի ամեն հարվածի հետ սրտի խուլ, անհանգիստ տրոփյունն էր լսվում: Ու փակուղում մոլորված քամու մրսած ֆսֆսոցը:

Օր երկրորդ. զրուցող ընկերները

Ծերուկն արթնացավ լուսադեմին: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Ամպրոպի դղրդոցը հեռվում ընթացքող կատաղի մարտի ձայն էր հիշեցնում: Ամպամած, սև երկնքից իրենց վրա մահաբեր արճիճ թափող հրետանու համազարկ: Չարագուշակ շաչյուն: Վառոդի ու վառվող երկաթի հոտը: Շատ տարիներ առաջ նորաբույս ապրիլյան կանաչի վրա թավալվող վիրավորի գոռոց:

Ծերուկը սուրճ չէր ուզում: Մինչ ուշ գիշեր փնտրել էր խորհրդավոր կնոջը: Ամեն անգամ, երբ կարծել էր, թե գտել է նրան ու քաշել էր յասամանագույն շրջազգեստով հերթական կնոջ թևից, ծերուկի վրա ծիծաղել ու բարկացել էին: Ներողության խոսքեր էր քրթմնջացել ու, գլուխը քաշ գցած, հեռացել: Սուրճ չէր ուզում, սիրտ չուներ իր երիտասարդության բարկ բույրը զգալու: Սուրճի մրուրում հուշեր էր տեսնելու, տխուր ու մռայլ հուշեր, իսկ հուշերից պետք էր փախչել: Ինքը միշտ փախչում էր հուշերից, սակայն նախորդ օրն ամենատխուր հուշը ծերուկին ցույց էր տվել յասամանագույն շրջազգեստի մեջ փակված իր սլացիկ մեջքը:
Ծերուկը տնքտնքալով բացեց շքամուտքի օրեցօր ծանրացող դուռը: Անձրևը դադարել էր: Մայիսյան երկնքից ամպերի սպիտակավուն կույտերը կախվել էին ասես բրդի՝ ցած ընկնելու պատրաստ կտորներ: Մայիսյան երկնքում ամպերը տխրության սպիտակ բեկորներ էին: Ծերունին ծանր հոգոց հանեց ու շենքի երկարությամբ արագ քայլեց դեպի փողոցը: Շտապում էր, ամբոխի մեջ պիտի գտներ յասամանագույն շրջազգեստով կնոջը: Փողոց դուրս գալուց առաջ փակեց աչքերը: Այնպես, ինչպես փակում էր թարթող կրակներով ու ապակե խաղալիքներով զարդարված տոնածառի մոտ, երբ յասամանագույն շրջազգեստով մայրիկը իրեն գունագեղ ժապավեններով փաթաթած նվերներ էր տալիս: Ծերունին նվերներ այլևս չէր ստանում: Սակայն աչքերը փակելը չէր մոռացել: Չէր մոռացել հրաշքներին հավատալը: Գիտեր, որ ծերուկների կյանքում հրաշքներ չեն լինում: Գիտեր, որ հրաշքներն ամենասիրելի մարդկանց հետ միասին անէանում են տարիների մշուշում, սակայն հրաշքներին հավատալը չէր մոռացել:

Մթությունը քերում էր ծերուկի կոպերը: Մթությունը ուզում էր դուրս գալ ծերուկի կոպերի տակից ու ծխի պես թանձր, քուլա-քուլա լցվել փողոցը: Ծերուկը ավելի պինդ էր փակում աչքերը: Մայթերով հոսող մարդկանց շառաչյունը մթության մեջ ահագնանում էր: Ծերուկը լսում էր ամեն ինչ: Ժամադրությունից ուշացող երիտասարդի ժամացույցի հապշտապ տկտկոցը՝ տիկ-տակ, տիկ-տակ, տիկ-տակ: Համալսարան շտապող ուսանողուհու կրունկների արագ կտկտոցը՝ տուկ-տուկ, տուկ-տուկ, տուկ-տուկ: Հևիհև շնչառության ծանր ձայնն, ու հեռու, ասես լեռներում արձագանքող մանկական ծիծաղը: Ծերուկը լսում էր տասնյակ, հարյուրավոր սրտերի տրոփյունը: Քամու հպվելը տերևներին ու տերևների՝ ամեն հպումին հաջորդող ամոթահար սոսափյունը: Լսում էր, թե արևի շողերն ինչպես են ծակում երկինքը ու լսում էր երկնքի խուլ հոգոցը, երբ ճառագայթը մխրճվում էր նրա կապույտ մաշկի մեջ: Քաղաքի մայթերով հոսող տարիների ձայնն էր լսում՝ անծայրածիր անտառի միալար խշշոցը:

Փակ աչքերով՝ ոտքը դրեց մայթին: Անցորդներն ուսերով ու արմունկներով խփում, հրմշտում էին ծերուկին՝ անվերջանալի հոսքի մեջ միայնակ կանգնած մարդուն: Նա երերում էր, առավել ուժեղ հարվածներից պտտվում իր առանցքի շուրջը, բայց համառորեն չէր բացում աչքերը:

Ծերունու ռունգերը որսացին վաղուց մոռացված, անչափ հարազատ բույրը: Բացեց աչքերն ու կուրացավ. կոպերի տակ խլվլացող մթության լքած տեղը խուժել էր լույսը: Իրեն կուրացրած լույսի ցոլքերի մեջ աղոտ, ասես մշուշում տեսավ ամբոխը ճեղքող յասամանագույն շրջազգեստը: Ինքնամոռաց վազեց նրա հետևից: Ինչպես շատ տարիներ առաջ ինքնամոռաց վազել էր յասամանագույն շրջազգեստով մայրիկի բաց թողած օդապարուկի հետևից: Նորից զգաց կանաչ բլուրները, բոբիկ ոտքերը ծակծկող խոտը, իր մազերը խառնշտորող քամին ու մոր ուրախ ծիծաղը:

Գրել կարծիք