Գալյան. Նորաձևություն են վերադառնում «խեղդող» աքսեսուարները

Գալյան. Նորաձևություն են վերադառնում «խեղդող» աքսեսուարները

newmag-ի համար Արմեն Գալյանը բացահայտել է վզնոցային կախվածության պատմական հիմքերը:

Կարծում եմ՝ կհիշեք 90-ականների ամենատիպիկ աքսեսուարներից մեկը՝ պարանոցին կիպ կպած վզնոցները, որոնք կրում էին բոլոր նիմֆետները: Այժմ դրանք կրկին սուպերնորաձև են, բայց այս անգամ, թինեյջերական լուքերից բացի, զարդարում են նաև առաջատար նորաձևության տների ցուցադրությունների մոդելների երկար և բարակ պարանոցները:

Չոկեր. թարգմանաբար՝ խեղդող. այսպես է կոչվում վզնոցների այս նորաձև տեսակը: Ժամանակակից չոկեր վզնոցների նախահայրերը հնդկացիների ավանդական կիպ վզնոցներն են՝ հյուսված կաշվից և զարդարված բիսերներով: Հենց դրանք կրկնօրինակեցին սկզբում հիպիները, իսկ հետո՝ գրանժային 90-ականների դեռահաս գեղեցկուհիները: Արժե նաև հիշել մի քանի հետաքրքիր դրվագ եվրոպական պատմությունից: Ֆրանսիական հեղափոխությունից հետո ֆրանսուհիները պարանոցին կրում էին կարմիր ժապավենի վրա ամրացված վզնոցներ՝ ի հիշատակ գիլիոտինով գլխատվածների:

Բացի այս տրագիկ և սիմվոլիկ պատմությունից՝ չոկերների տարածմանը 19-րդ դարում նպաստել է նաև Դանիայի թագուհի Ալեքսանդրան: Նա պարանոցի վրա սպի ուներ և մշտապես փորձում էր թաքցնել այն՝ կրելով բարձր և կիպ վզնոցներ: Հետևելով Ալեքսանդրային՝ չոկեր վզնոց սկսում է կրել նաև ամբողջ բարձրաշխարհիկ Եվրոպան:



Այն չոկերները, որոնք մենք հիշում ենք 90-ականների սկզբից, միանման էին և կրում էին գրանժ մշակույթի ազդեցությունը: Դրանք պարզ էին, հիմնականում՝ սև և հաճախ՝ ագրեսիվ (օրինակ՝ շան վզկապի տեսքով): Այսօրվա նորաձև չոկեր վզնոցները աննկարագրելի բազմազան են: Դրանք կարող են ունենալ հնդկացիների ավանդական վզկապների կամ թագուհի Ալեքսանդրայի շքեղ վզնոցների ազդեցությունը կամ լինել լիովին նոր կոնցեպտով:

Ֆուտուրիզմից մինչև գոթիկա, գրանժից մինչև էթնո. չոկերների ոճերը այսօր բազմազան են, իսկ կիրարկությունը՝ օր օրի ավելի ու ավելի տարածված: Բաց մի՛ թողեք ակտուալ թրենդը և Ձեր պարանոցը զարդարե՛ք սուպերակտուալ չոկեր վզնոցով:

 

Գրել կարծիք