Լայնեզր գլխարկներ. Էլեգանտ ու նորաձև

Լայնեզր գլխարկներ. Էլեգանտ ու նորաձև

Նորաձև կանանց զգեստապահարանի թրենդային ատրիբուտի՝ լայնեզր գլխարկների և գլխարկագործների մասին:

Լինո՞ւմ է, որ տխրում եք հայերենում որևէ բառի բացակայության պատճառով: Հարցիս հիմքում hat/шляпа-ին համարժեք բառի բացակայությունն է հայերենում: Համաձայնե՛ք՝ «լայնեզր գլխարկ» բառակապակցությունը չի փոխանցում այն ամբողջ նրբագեղությունը, որը բնորոշ է այս աքսեսուարին: Իսկ երբ խոսքը լայն եզրով լայնեզր գլխարկի մասին է, այդ էլեգանտությունից ընդհանրապես ոչինչ չի մնում: Չնայած լեզվաբանական բարդություններին և բարդույթներին՝ newmag-ը fashion անդրադարձ է պատրաստել լայնեզր գլխարկների և գլխարկագործների մասին:

Կար ժամանակ, որ հասարակության մեջ առանց լայնեզր գլխարկ հայտնվելն անթույլատրելի էր: Չնայած այդ ժամանակները վաղուց անցել են, և լայնեզր գլխարկ կրելն արդեն պարտադիր չէ, այն կրելը ինքնարտահայտման հրաշալի միջոց է: Լայնեզր գլխարկը, անշուշտ, պաշտպանում է քամուց, անձրևից և արևից, բայց նրա իմիջային նշանակությունը շատ ավելի կարևոր է:

Չնայած 21-րդ դարի պրակտիկ իրականությանը՝ այնուամենայնիվ մնացել են վայրեր և միջոցառումներ, որոնց հաճախելիս լայնեզր գլխարկ (կամ նման մի բան) կրելն ուղղակի պարտադիր է: Ամենահայտնին Royal Ascot-ն է:

Royal Ascot


Royal Ascot բրիտանական թագավորական ձիավազքի մրցույթն անցնում է ամեն տարի հունիսին: Միացյալ Թագավորության և ամբողջ աշխարհի կարևորագույն բարձրաշխարհիկ միջոցառումներից մեկն է: Ascot-ին հավաքվում է ամբողջ բրիտանական և միջազգային արիստոկրատիան՝ հետևելու ձիավազքին և ի ցույց դնելու սեփական լայնեզր գլխարկները: Նույնիսկ դժվար է ասել, թե Ascot-ի այս երկու բաղադրիչներից որն է այսօր ավելի կարևոր:

Լայնեզր գլխարկները Royal Ascot-ում իսկապես բազմազան են՝ դասական և էլեգանտ, նաև աբսուրդի հասնող էքստրավագանտ: Եվ, իհարկե, բոլորը սպասում են, թե ինչպիսի գլխարկներ կդնեն թագավորական ընտանիքի անդամները՝ թագուհին և Քեյթ Միդլթոնը:

Ֆիլիպ Թրեյսիի


Լայնեզր գլխարկները կարելի է բաժանել երկու խմբի՝ ամենօրյա և դեկորատիվ: Դեկորատիվ գլխարկները հաճախ այնքան արտիստիկ և հետաքրքիր են, որ կարծես ոչ թե հագուստի էլեմենտ են, այլ ժամանակակից արվեստի ստեղծագործություն: Այս ժանրի լայնեզր գլխարկների դիզայներներից առանձնացնեմ երկու ամենահայտնիներին, որոնք ստեղծում են իսկական գլուխգործոցներ՝ Ֆիլիպ Թրեյսի և Ստեֆան Ջոնս: Ի դեպ, երկուսն էլ բրիտանացի են:


Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը

Ակտուալ և անթև. Կռնատ բաճկոն


Ֆիլիպ Թրեյսիին (նաև մի քանի այլ ֆեշն տաղանդների) բացահայտել է բրիտանացի, ոճի խորհրդանիշ Իզաբել Բլոուն: Նա ոչ միայն կրում էր տաղանդաշատ գլխարկագործի ֆանտաստիկ գլխարկները, այլև ներդրում կատարում նրա ապրանքանիշի ստեղծման ժամանակ: Ֆիլիպ Թրեյսին գլխարկներ է ստեղծում և՛ սեփական հավաքածուների համար, և՛ «Alexander Mcqueen», «Givenchy», «Valentino» նորաձևության տների հավաքածուների կերպարներն ավելի տպավորիչ դարձնելու համար: Նրա լայնեզր գլխարկները վաղուց դարձել են թանգարանային նմուշներ՝ ապացուցելով, որ նորաձևությունն իսկապես բարձր արվեստ է:

Առավել էքստրավագանտ և կոնցեպտուալ են Ստեֆան Ջոնսի գլխարկները: Դրանք կարող են լինել, օրինակ, լոնդոնյան մետրոյի, ձվածեղի կամ թափվող ջրի տեսքով: Բացի այս էքստրավագանտ և դժվար կրելի մոդելներից՝ նա ստեղծել է նաև մեծ տարածում գտած հիթեր, օրինակ՝ Jil Sander-ի հայտնի դիմաքողով սպորտային, գործված գլխարկը, որի կրկնօրինակները մինչև օրս վաճառվում են նույնիսկ Երևանի խանութներում:

newmag5555

Անցնելով էքստրավագանտության և ֆանտազիայի բարձր թռիչքի միջով՝ մենք կարծես հասանք գլխավոր հարցին. լայնեզր գլխարկը պրակտիկ 21-րդ դարում կարո՞ղ է արդյոք լինել ժամանակակից մարդուն անհրաժեշտ աքսեսուար: Վերջին սեզոնների նորաձևությունը փաստում է՝ այո՛, կարող է: Դասական լայնեզր գլխարկների ձմեռային ու ամառային տարբերակները նորաձևության բոլոր շերտերում են՝ բարձր նորաձևության ցուցադրություններից մինչև մասսայական ապրանքանիշների խանութները: Լայնեզր հաղթարշավի առաջատարը մի քանի սեզոն Ֆարել Վիլյամսն էր: Նա կարծես վերջնականապես հաստատեց լայնեզր գլխարկների սուպերթրենդայնությունը:

Ի դեպ, Ֆարելը ստեղծեց նաև oversize լայնեզր գլխարկ. այս շատ յուրօրինակ թրենդն այսօր շարունակում են նորաձևության որոշ տներ:

Բացի մեծ բրենդներից և նորաձևության տներից՝ չափազանց հետաքրքիր լայնեզր գլխարկներ են արտադրում նաև մասնագիտացած ապրանքանիշները, որոնցից կառանձնացնեմ «Chanel»-ին պատկանող «Maison Michel» ապրանքանիշը և իտալական «Super Duper Hats»-ը: Նրանց լայնեզր գլխարկներն այնքան հիասքանչ են, որ ստիպում են մտածել մեկ-երկու գլխարկ ձեռք բերելու մասին: «Արժե՞, թե՞ ոչ» հարցի պատասխանը հստակ է. չէ՞ որ լայնեզր գլխարկները մեզ դարձնում են իսկապես էլեգանտ և անկրկնելի:

Գրել կարծիք