Թուրքիան ռեսթարթ է անում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը. ի՞նչ կլինի Հայաստանի հետ

Թուրքիան ռեսթարթ է անում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը. ի՞նչ կլինի Հայաստանի հետ

Ինչո՞ւ է Էրդողանը կրկին վերադառնում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը:

Հունիսի կեսին Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը ակնարկեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը վերադառնալու մասին: Ակնարկը նաև խոստովանություն էր, որ 2000-ականների կեսից գործարկված Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ վարչպապետի պաշտոնից և ընդհանրապես քաղաքականությունից հեռացվել էր բոլոր հարևանների հետ հաշտվելու ռազմավարության ճարտարապետ Ահմեթ Դավութօղլուն:Թուրքիայի նախկին վարչապետը իսկապես այդ քաղաքականությունը գծողն էր, իսկ պաշտոնանկ արվելով հայտարարվեց նաև որպես դրա ձախողող:

Սակայն, իրականում Դավութօղլուն առանց Էրդողանի կարգադրության ոչ մի էական քայլ չէր անում: Մինչև 2016 թվականի կեսը Թուրքիան թշնամական հարաբերությունների մեջ էր իր հարևաններից Սիրիայի, Ռուսաստանի, Իրաքի, Հայաստանի, Հունաստանի, Եգիպտոսի հետ: Միացյալ նահանգների և Եվրոպայի համար Էրդողանի իշխանությունը համարվում է անցանկալի և անկանխատեսելի, հետևաբար Թուրքիան զրկվել էր արտաքին աշխարհում քաղաքական կայուն հենարանից: «Ձախողված» Դավութօղլուին զոհաբերելուց հետո Թուրքիան պնդում է, որ իր պատմության մեջ հին վերնագրով, բայց նոր էջ է բացում:

Բինալի Յըլդըրըմ. – «Երկրների հետ ունեցած մեր խնդիրները մեկ առ մեկ լուծում ենք: Ռուսաստանի և Իսրայելի հետ մեր հարաբերությունները կարգավորվում են: Հավատում եմ, որ Սիրիայում պատերազմը կավարտվի, նորից գեղեցիկ օրեր կգան: Նույնը լինելու է նաև Իրաքում և Եգիպտոսում»:

Իսրայելի հետ կարգավորման  բանակցություններն ընթանում էին 3 տարուց ավելի: Սկզբում դրանք գաղտնի էին, սակայն աստիճանաբար գաղտնիության շղարշը հանվեց: Անկարան հրապարակեց Թել Ավիվի հետ հաշտեցման իր նախապայմանները՝ վերացնել Գազայի շրջափակումը և թույլ տալ հումանիտար օգնություն հասցնել շրջափակված պաղեստինցիներին, փոխհատուցել 2010 թվականին Մավի Մարմարա նավի վրա սպանված Թուրքիայի քաղաքացիներին: Ի վերջո Իսրայելը մեծամասամբ կատարեց Թուրքիայի նախապայմանների մեծ մասը և նորից հետ ստացավ իսլամական աշխարհում իր միակ դաշնակցին: Շուտով վերաբացվելու են երկու երկրների դեսպանատները՝  նոր դեսպաններով: Իսրայելի հետ հաշտեցման օրը պատահական չէր, Էրդողանը իրեն հատուկ խորամանկության դիմեց:


Իշխանամոլ բռնապետը զոհաբերում է զինակիցներին


Նույն օրը հայտնի դարձավ Թուրքիայի նախագահի ներողության նամակի մասին՝ ուղղված իր Ռուսաստանի պաշտոնակցին: Իսրայելի հետ հաշտեցման մեջ թուրքերի աչքում Էրդողանը հաղթող էր, իսկ Պուտինից ներողություն խնդրող թուրք առաջնորդը ակհայտ պարտվող էր: Էրդողանը կշեռքի նժարների վրա դրեց հաղթանակի և պարտության կշռաքարերը և իրավիճակից դուրս եկավ առանց կորուստների: Անկարայի արած սիմվոլիկ ժեստից հետո Մոսկվան հաջորդ օրը ներեց Էրդողանի բոլոր մեղքերը: Առևտրատնտեսական համագործակցությունը վերականգնվում է, ռուս զբոսաշրջիկները պատրաստ են վերադառնալ թուրքական էժան, բայց ոչ անվտանգ լողափեր:

Սակայն ըստ երևույթին կա ռուս-թուրքական գործարքի չերևացող կողմը, որը ուղղակի կապ ունի Սիրիայի հետ: Թուրքիայի և Ռուսաստանի առաջին դեմքերի հնչեցրած հայտարարություններից զգացվում է Սիրիայում Անկարայի դիրքորոշման մոտակա փոփոխությունը: Խոսքն առաջին հերթին Բաշար Ասադի իշխանության մասին է, որի համար մեկ թշնամին ու Սիրիայում անկայունության գլխավոր արտաքին մեղավորը Թուրքիան է:

Անկարան Մոսկվային խոստացել է հաշտեցման դիմաց թուլացնել կամ միգուցե դադարեցնել իր տարածքից ահաբեկչական խմբավորումներին տրվող օգնությունը, մանավանդ որ նման քայլը Թուրքիայում հեշտությամբ կընկալվի Ստամբուլի օդանավակայանի պատեհ ահաբեկչությունից հետո:

Արտաքին քաղաքականության սիրիական ուղղության փոփոխության մասին է վկայում նաև մեկ կարևոր հանգամանք. հայտնի է դարձել, որ Էրդողանի իշխանությունը Ալժիրում գաղտնի բանակցություններ է վարում Ասադի կառավարության հետ: Մի բան, որը այսօր անհնարին է թվում:

Թուրքիայի վարչապետը պատահական չէ, որ իր վերակենդանացվող «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մեջ հիշատակել է նաև Իրաքն ու Եգիպտոսը: Մոտ ապագայում կարող ենք սպասել լուրին, որ Թուրքիան Իրաքի հյուսիսից դուրս է բերում իր զորախումբը՝ հրաժարվելով Իսլամական պետության հսկողության տակ գտնվող Մոսուլի նկատմամբ իր հավակնություններից:


Հիմա ո՞ր երկիրը որի դեմ է Սիրիայում և ո՞վ առաջինը կհաղթի «Իսլամական պետությանը»


Ավելի խորը արմատներ ունի հակամարտությունը Եգիպտոսի ներկայիս իշխանության հետ: Այն արտահայտվում է առաջին հերթին Էրդողանի և Եգիպտոսի նախագահ գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսիի անձնական ատելությամբ: Էրդողանի օրոք Թուրքիայում արևելյան զինվորական բռնապետի կերպարը նույնացվել է Սիսիի կերպարի հետ: Էրդողանն ու Դավութօղլուն չափազանց ծանր տարան 2013 թվականին իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումն ու ազատազրկումը: Հանուն Մուսուլման եղբայրների և Մուրսիի հետ գաղափարական եղբայրության Թուրքիայի իշխանությունը զրոյացրեց Եգիպտոսի հետ իր դիվանագիտական հարաբերությունները: Հիմա մեկուսացումից դուրս եկող Անկարան հստակ ուղերձ է հղում, որ պատրաստ է հարաբերությունները կարգավորել նույնիսկ եգիպտական «զինվորական խունտայի» հետ:

«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության առաջին տարբերակում առանձին տեղ էր տրված Հայաստանի հետ հարաբերություններին: Թուրքիայի նոր ձևացող իշխանությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու թարմացված նախաձեռնության մասին առայժմ չի հայտարարել: Թերևս առաջարկելու նոր բան չկա: Ի տարբերություն մյուս հարևանների, Հայաստանի հետ Թուրքիան երբեք էլ լավ հարաբերություններ չի ունեցել: Չկա այն հիշողությունը, որը թույլ կտար համեմատել երկրների օգուտներն ու վնասները կարգավորումից առաջ և հետո: Հաղթահարված չէ նաև երկու ժողովուրդների միջև էթնիկ մակարդակի վրա գոյություն ունեցող ատելությունն ու թշնամանքը:  Ավելին այն խորանում է Ղարաբաղյան հակամարտության թեժացմանը զուգահեռ: Նման բարդ ու խորքային խնդիր մյուս երկրների հետ հարաբերություններում պարզապես չկա: Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների պարագայում ճիշտ կլինի ասել, ոչ թե կարգավորման այլ դրանց հաստատման բացակայություն:

Գրել կարծիք