2016. Ինչու ես հեռացա Ֆեյսբուքից, եթերից ու որոշեցի կարդալ

2016. Ինչու ես հեռացա Ֆեյսբուքից, եթերից ու որոշեցի կարդալ

newmag ամսագրի և Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվականի տնօրեն Արտակ Ալեքսանյանի սյունակն այն մասին, թե ինչը ստիպեց հեռանալ Ֆեյսբուքից ու չերևալ հեռուստաէկրանին, և թե ինչպես է ընթերցանությունը օգնում պահպանել հոգևոր առողջությունն ու բարելավում մասնագիտական որակները:

2016 թվականը իմ լրագրողական կարիերայի ամենադժվար ու հոբելյանական տարին էր: Ուղիղ 20 տարի առաջ 1996 թվականին ես ընդունվեցի աշխատանքի Հայաստանի Պետական հեռուստատեսության «Նորք» հեռուսաալիքի «Լուրեր» լրատվական ծրագիր: Ու արդեն 20 տարի, փոփոխական հաջողություններով ու կարճատև ընդմիջումներով` (բանակ, ուսում) ես զբաղվում եմ լրատվությամբ: Մեր սերնդի լրագրողները, նախորդներից, օրինակ` Գնել Նալբանդյանի սերնդից, տարբերվում էին թերևս մեկ առանձնահատկությամբ. մենք չէինք լուսաբանել պատերազմը: Այս տարի լուսաբանեցինք: Փառք Աստծո, որ ընդամենը 4 օր: Թեև պետք է խոստովանել, որ իրականում «պատերազմ» ռեժիմով աշխատանքը տևեց 2 ամիս: Հետո, իհարկե, սահուն անցավ դեպի ՊՊԾ գնդի գրավում:

Իմ համար սա տարի էր, երբ հանրային մակարդակով առաջին անգամ սկսեցին խոսել բանակային խնդիրների մասին: Ես, անկեղծ ասած, չգիտեմ` որքանով է դա ճիշտ, թե սխալ: Ուժային կառույցները, գաղտնիության ու փակ լինելու պատճառով, որոշակի հանրային միստիֆիկացիայի են ենթարկվում: Ու դեռ հարց է, հրապարակային քննադատությունն ու քննարկումները օգնո՞ւմ են բանակն ավելի լավը դարձնել, թե՞ ոչ:

Ինձ համար սա տարի էր, երբ դուրս եկա Facebook-ից, թեև այնտեղ գրանցվել էի ուղիղ 10 տարի առաջ և առաջին մի քանի հազար օգտատերերից մեկն էի (շատ պարզ պատճառով` սոցիալական ցանցը սկզբում ընդգրկում էր ԱՄՆ համալսարանների ուսանողներին, իսկ ես այդ ժամանակ ԱՄՆ-ում ուսանող էի): Եթե նախկինում սոցցանցը ինձ պետք էր ռեպորտաժները, հոդվածները տարածելու համար, հիմա դա անում էին խմբագրությունների էջերը` ավելի պրոֆեսիոնալ ու ավելի արագ: Եթե ես պետք է կարծիք կամ դիրքորոշում արտահայտեի, դա անում էի եթերով: Չէ՞ որ, ես դրա համար եմ վճարվում: Անձնական լուսանկարներ ու երաժշտական հոլովակներ  «կիսվելով» էլ երբեք առանձնապես աչքի չեմ ընկել:

Բայց սա նաև տարի էր, երբ դադարեցի եթեր մտնել: Պատճառները շատ են. նախ, որովհետև զբաղվածության պատճառով ուղղակի չեմ հասցնում: Ֆիզիկապես չեմ հասցնում: Եվ երկրորդ` ես հասկացա, որ ոչինչ չունեմ ասելու: Մենք ապրում ենք բացառիկ շատախոս ժամանակներում: Խոսում են բոլորը, ամե‘ն ինչի մասին: Ընդ որում, հանգամանալից, մակերեսային, զգացմունքային, կշռադատված, փաստարկված, մերկապարանոց, տեղին ու անտեղին:

Բոլորն են խոսում: Ու երբ Facebook-ում ես, հասկանում ես, որ մինչև դու որևէ կարծիք հայտնես կամ հարց տաս, վաղուց հարցը տվել են, քննարկել են, այդ ընթացքում միմյանց հետ թիմ կազմել մյուս թիմի դեմ, իրար հետ վիճել, կռվել, վիրավորել, իրար արգելափակել ու նստել: Հետևաբար` ի՞նչ ասել, երբ ամեն ինչ ասված է:



Ավելին` ամեն ինչ ասվել է 25 տարիների ընթացքում մի քանի անգամ: Ես ընդհանրապես չեմ խոսում քաղաքականությունից, որովհետև ինձ թվում է` բոլորն ամեն ինչ գիտեն: Չէ՞ որ, Հայաստանը մեծ հաշվով «Մեծ Դեժավյու է»: Հետևաբար` ինչ քննարկել, երբ առնվազն երեք անգամ նույնը տեսել ես, այդ մասին գրել ու խոսել: Ես ամենևին հակված չեմ ինձ վերագրել «արդեն մեծացել եմ» կատեգորիային, ու ոչ էլ կորցրել եմ կարողությունը նոր հույսի ու նոր մեկնարկի: Բայց մեր երկրում իսկապե‘ս քաղաքականություն չկա: Դա չկա նույնքան, որքան կա խորը և համապարփակ գավառականություն: Իսկ գավառում սովորաբար ոչ թե քաղաքականություն է, այլ փողի համար մանր կռիվ` ճկվող սկզբունքներով, փոփոխական բարիդրացիությամբ և խիստ անկայուն գործընկերությամբ:

Ու քանի լուռ էի` օնլայն և օֆֆլայն, ես սկսեցի գրականության ինտենսիվ ընթերցում: Կարդում էի ուսանողական տեմպով` ամեն օր, մի քանի ժամ: Այս տարի բացահայտեցի ռուսական մի քանի օնլայն գրախանութ, հետո Ռուսաստանից Հայաստան արագ և մատչելի առաքող ընկերություն: Ու չնայած ընկերներիս հորդորին` կարդալ օնլայն, և կնոջս տարակուսանքին` թե մեր փոքր բնակարանում գրքերը ինչպե՞ս ենք երրորդ շարքով իրար վրա դասավորելու, ես, այնուամենայնիվ, գնում ու կարդում էի տպագիր, հաստափոր գրքեր:

Կարդացել եմ 35 գիրք: Եթե հետաքրիքր է ամբողջական ցանցը, այցելեք Goodreads-ի իմ էջ, այնտեղ ցուցակը կա: Այդ ցանկից միայն երեքն են հայերեն, երեքից միայն մեկն է հայ հեղինակ: Մնացածը` ռուսերեն և անգլերեն: Երկու պատճառով` նախ, հայերեն թարգմանությունները երբեմն կարող են ֆիզիկական ցավ պատճառել. այնքան անորակ են,  և երկրորդ` լավագույն ու թարմ գրքերը հայերեն չկան:

Իմ ընթերցանությունը նույնիսկ ինձ համար էր զարմանալի: Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ այդքան շատ: Հիմա, նայելով տարվան փորձում եմ հասկանալ. որովհետև, հիմա առավել քան երբևէ ուղղակի անհրաժեշտ է ինքնակրթությունը: Հայաստանն այսօր իր կրթական ցենզի ամենաստորին սանդղակում է, որտեղ պրոֆեսիոնալիզմը փոխարինվել է սիրողականությամբ: Գրեթե բոլոր ոլորտներում մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել, մնացածը` ակտիվիստներ են: Ուղղակի աշխույժ, ժիր, շատախոս ակտիվիստներ, որոնք էնտուզիազմով աշխատում են, բայց առանց բավարար գիտելիքի ու հմտության: Ու հեռու պետք չէ գնալ ու պետք չէ նայել ուրիշ ոլորտների` հենց լրագրության մեջ:

20 տարի առաջ դու կարող էիր լինել սկսնակ լրագրող, բայց ոչ անգրագետ: Հիմա լրագրողական համայնքը դա մի մեծ ոհմակ է, որից կարելի է սարսափել: Նախ, անգրագետ են, ունեն ձկան հիշողություն, անբարեկիրթ են և ագրեսիվ: Ու հետո, նայած ըստ քաղաքական իրավիճակի, չես հասկանում, ի վերջո, նրանք ակտիվիստ-բլոգե՞ր են, թե՞ ԶԼՄ ներկայացուցիչ: Մի խոսքով, երբ համատարած սիրողական մասնագիտական փառատոն է, հասկանում ես, որ ունես մեծ շանսեր համալրելու նրանց շարքերը:

Եվ հենց այդ պատճառով սկսեցի կարդալ: Որ գոնե մասնագիտական որակս պահպանեմ: Դուրս եկա Facebook-ից, որ գոնե հոգևոր առողջությունս պահպանեմ և եթերից հրաժարվեցի` որ գոնե լռելու հնարավորություն ունենամ:

2016 -ը դժվար, բարդ տարի էր: Մասնագիտական հոբելյանի, պրոֆեսիոնալ մարտահրավերների, պատերազմի, հանրային բևեռացման տարի էր: Ու երևի Աստծո նախախնամություն կար, որ այս դժվար տարին, դեռ չսկսված, ինձ պարգևեց Ամելիին` դստերս, տարին գոնե արժանապատվորեն ապրելու համար: Եվ ամեն անգամ, ամենադժվար պահին հիշելու, որ գուցե այս դժվարություններով մենք մաքրում ենք այն ճանապարհը, որով պետք է անցնեն մեր երեխաները: Որ չնայած, նրանց ճանապարհն էլ հավանաբար հարթ չլինի, բայց գոնե վերացած կլինեն մեծ խոչընդոտները: Մեծ քարերը: Սա տարի էր, երբ ամեն մեկս մի մեծ քար սրտին վերցրեց: 2016 -ը ծանրացած սրտերի տարի էր:  

Գրել կարծիք