Գլխավոր Հոդվածներ

Այսօրվա արձաններին մնաց 30 տարվա կյանք

Այսօրվա արձաններին մնաց 30 տարվա կյանք

Կա արձաններ կագնեցնելու ժամանակը, և կա արձանները կործանելու ժամանակը: «Նվագախմբի տղաների» համար արձանախումբ չկանգնեցրեցին 1960-ին: «Արարատ» թիմի տղաների համար արձանախումբ չկանգնեցրեցին 1973-ին: Ղարաբաղ կոմիտեի տղաների համար արձանախումբ չկանգնեցրեցին 1988-ին: Անարդար է: «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներն ունե՞ն արձան: Ունեն: Զիվան Գասպարյանն ու ընկերնե՞րը` նույնպես: Նույնիսկ անհայտ նարդիստն է արձանացել` խաղընկերոջ սպասումով:
Քաղաքային արձանները սկսել են ընկալվել որպես «պոստեր», որը կինոթատրոններում դրվում է բլոկբաստերների պրեմիերաներին` հետը նկարվելու համար: Բայց պոստերը կարտոնից է, իսկ հուշարձանը` մետաղից:

Պոստերը պրեմիերայից հետո հանվում է, հուշարձանը` մնում հավերժ: Հավե՞րժ:

Վերջին շրջանում 2 «դասական գործ» հանձնվեց հանրության դատին: Մի գործով «նստած է» Մարշալ Բաբաջանյանը, մյուսով` թիկունքը Հայաստանի պատմությանը դարձրած` Գարեգին Նժդեհը: Քիչ էր մնում Միկոյանն էլ անցներ նույն «գործով», բայց լավ պլստաց: Մայրաքաղաքային հանրությունն էլ չորս կողմից ուսումնասիրում է նորակերտներին: Էսթետները քննարկում են դրանց գեղագիտական արժեքը, մերկանտիլները` իրական արժեքը:


Ինչպե՞ս խուսափել մեդիափսիխոզից ու չդառնալ ինֆոգար





Հին Հռոմում և Հին Հունաստանում արձաններ կանգնեցնում էին կուռքերին և աստվածներին, զորավարներին ու փիլիսոփաներին, քրմերին ու տիրակալներին: Անտիկ աշխարհում ամենակարևորը կատարյալ ֆորման էր ու ակադեմիական համաչափությունը:
ԽՍՀՄ-ում արձանագործությունը նույնպես գաղափարական էր, մոնումենտալ ու եկամտաբեր:

Քանդակեցիր Լենինին` կդառնաս Լենինյան մրցանակի դափնեկիր: Քանդակեցիր Ստալինին` Սատլինյան մրցանակի կարժանանաս: Վատ ստացվեց` հայդե Սիբիր: Սոցբնակավայրում հայտնվելու համար արձանը երկար ճանապարհ էր անցնում. Կենտկոմը որոշում էր, քաղկոմը` հաստատում, գեղխորհուրդը` թույլատրում, պարտակտիվը` հավանություն տալիս:
Հիմա անհասկանալի է, թե ով է որոշում: Ավելի ճիշտ` անհասկանալի է, թե ինչպես է մերժվում այն, ինչը համարվում է անարժան: Ֆորմալ առումով համայնքային իշխանությանն է վերապահված որոշում կայացնելու գործառույթը: Բայց  մի՞թե դա բավարար է: Արձանի գնահատման որևէ մասնագիտական մարմին կա՞: Ոչ: Կան պարզապես արձանագործի մտերիմներ, որոնք միշտ հավանում են նրա գործերը, և կան չարակամներ, որոնք միշտ փնովում են նրա գործերը:


Գոմի դուռը խնամքո՛վ փակիր





Նորանկախ Հայաստանում ազատականացվել է նաև մասսայական մշակույթը: Քաղաքային արձանը դարձել է մասսայական սպառման առարկա, մինչդեռ արձանի մասին հանրային պատկերացումները մնացել են անտիկ շրջանի մակարդակի վրա: Երևանցիներն ակնկալում են յուրաքանչյուր նոր արձանի մեջ տեսնել «Սասունցի Դավթի» կամ «Թամանյանի» ներդաշնակությունն ու ջերմությունը, հմայքն ու կոլորիտային առեղծվածը: Բայց չէ՞ որ դա վերապահված է միայն գլուխգործոցներին:
Չափանիշները վերացել են կամ դարձել պայմանական, որակի գնահատման մեխանիզմը փոխարինվել է ճաշակի սուբյեկտիվ ընկալումներով:

Երևանում նույն հանդիսավորությամբ բացում են նոր ռեստորան, նոր սալոն ու նոր արձան: Նույն ընթացակարգով, նույն տեքստերով, նույն մասնակիցներով:
Արձանները կանգնեցվում են գրանիտից, բազալտից, մարմարից ու բրոնզից` հավերժական լինելու սպառնալիքով: Բայց դիմանում են 1-2 սերունդ միայն: Ամեն դարաշրջան կանգնեցնում է իր կերպարին հարիր արձաններ: Ամեն եկող սերունդ քանդակում է իր երազանքը և մեխում հաջորդ սերնդի քթի տակ, աչքի առաջ, ճամփի մեջտեղը: Ամեն հաջորդ սերունդ ընդվզում է նախնիների «քարացած պատկերացումների» դեմ ու քանդում դրանք` տեղ բացելով ի´ր իդեալների համար:

Տարածել