Ինչո՞ւ է Էրդողանը պայքարում Zaman-ի դեմ

Ինչո՞ւ է Էրդողանը պայքարում Zaman-ի դեմ

newmag-ը վերլուծել է, թե ինչով է Էրդողանի համար վտանագվոր 650 հազար տպաքանակ ունեցող Zaman պարբերականը:

Թուրքական Zaman թերթը, երկրի ամենախոշորներից մեկը լինելուց բացի, թերևս ամենայուրօրինակն է: Zaman-ի արտասովոր լինելը հասկանում ես, երբ մտնում ես թերթի շքեղ շենքից ներս: Կանայք գլխաշորերով են, բաց են միայն դեմքերն ու դաստակները: Տղամարդիկ համեստ ու դասական հագուստով են: Անմիջապես զգացվում է` դրական իմաստով իսլամի ազդեցությունն ու ոգին: Աշխատակիցները օրվա սահմանված ժամերին պարտաճանաչ աղոթում են, շփման մեջ չափազանց հանգիստ են ու համեստ: Նրանք Թուրքիայում լայն տարածում ունեցող Գյուլենական կրոնական համայնքի անդամներ են:

Գյուլենական համայնքն աչքի է ընկնում իր համախմբվածությամբ, կարծես հասարակության մեջ առանձին ինքնուրույն միավոր լինի, որն իր առջև դրած խնդիրները լուծում է իր սեփական մարդկային ու ֆինանսական ռեսուրսների հաշվին:

Ֆեթուլլա Գյուլենի տասնամյակներ շարունակ ղեկավարած համայնքը մշտապես ուշադրություն է դարձրել կրթությանը: Իսլամական կրթությանն ու դաստիարակությանը զուգահեռ նրա անդամները նաև ժամանակակից որակյալ կրթություն են ստանում: Երևի նաև դրա շնորհիվ է, որ գյուլենականները մինչև 2014-ը կարողացել էին բարձր ու ազդեցիկ պաշտոնների հասնել Թուրքիայի ուժային կառույցներում ու պետական ապարատում: Zaman-ը Գյուլենական համայնքի գաղափարական ու քարոզչական գլխավոր զենքն էր, դրա ինտելեկտուալ կենտրոնը:

Մինչև Էրդողան-Գյուլեն առճակատումը Zaman-ի քաղաքական դիրքորոշումը իշխանամետ էր: Համարվում էր, որ Էրդողանն ու Գյուլենը անբաժան դաշնակիցներ են, իսկ Թուրքիայի ներկայիս իշխանությունը Գյուլենի «քաղաքական իսլամի» հաջողված օրինակն է:


Թուրքական բարեկամություն` թշնամու հետ

Էրդողան. Սևերը գրանցել են 41-րդ գաղտնի քայլը


Ամբողջ աշխարհում գիտեին, որ թերթի սեփականատերն ու դրա քաղաքականությունը մշակողը Ֆեթուլլա Գյուլենն է: Սակայն Zaman-ում, իրենք էլ չհավատալով իրենց ասածին, պնդում էին, թե Ֆեթուլլա Գյուլենը միայն սեփականատերերից մեկն է: Ամեն ինչ փոխվեց 2014 թվականի կեսերին, երբ Թուրքիայի իշխանությունը որոշեց փակել ամբողջ երկրում գործող գյուլենական կրոնական դպրոցները:

Էրդողանը ցանկանում էր կազմալուծել համայնքի համակարգը, քանի որ հենց այդ դպրոցներն էին (dersane) գյուլենականների հասարակության վերարտադրության գլխավոր մեխանիզմը:

Դպրոցները փակելուց, ոստիկանությունն ու բանակը գյուլենականներից «մաքրելուց» հետո Zaman թերթը փակելը ժամանակի հարց էր: Կարելի է ասել, որ թերթի հետ Էրդողանի հաշվեհարդարը նույնիսկ սպասվածից ուշ տեղի ունեցավ:


Ո՞րն է Էրդողանի սիրիական սարսափը

Մահիկի 3 դեմքերը. Ինչպիսի՞ Թուրքիայի հետ գործ ունենք


Ամռանը «արտաքին կառավարում» հաստատվեց կամ փաստացի փակվեց Bugün թերթն ու հեռուստաալիքը, որոնք պատկանում էին İpek հոլդինգին: Դրա սեփականատեր Աքըն Իփեքը համարվում էր Գյուլենի հետևորդ: Աշնանը հրահրված ամբոխի հարձակումներ տեղի ունեցան Թուրքիայի ամենահեղինակավոր Hürriyet թերթի վրա, իսկ Cumhuriyet թերթի 2 լրագրողներ ձերբակալվեցին՝ թուրքական հատուկ ծառայությունների կապը սիրիական ահաբեկիչների հետ բացահայտելու համար:

Սահմանադրական դատարանի որոշմամբ լրագրողները ազատ են արձակվել, սակայն Էրդողանը այդ մտքի հետ դժվարությամբ է հաշտվում:

Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ ավելի ու ավելի ծայրահեղացող բռնակալը կհամարձակվի Zaman-ի օրինակը կիրառել նաև ամենահեղինակավոր Hürriyet և Թուրքիայի ավանդական քեմալական կուսակցության գաղափարակիցը համարվող Cumhuriyet թերթերի նկատմամբ:Այս երկուսը, հատկապես Cumhuriyet-ը, շարունակում են անխնա քննադատել Էրդողանի իշխանությանը:

Որոշ տեղեկություններով հավանական է նաև Yeniasya թերթի դեմ արշավը: Թերթը պատկանում է մեկ այլ կրոնական համայնքի՝ նուրջուներին[1]: Yeniasya-ում ևս սպասում են, որ մի օր խմբագրություն կգան ոստիկաններն ու պետության նշանակած նոր ղեկավարները:

_________________

[1] Նուրջուների համայնքն իր անունը ստացել է հիմնադրի՝ Սայիդ Նուրսիի(1877-1960) անունով: Վերջինը հայտնի կրոնական գործիչ էր, իսլամական փիլիսոփա: Նուրսիի հետևորդները գրի են առել նրա մտքերն ու պատկերացումները տարբեր հարցերի շուրջ և դրանց հիման վրա գիրք են կազմել: Սայիդ Նուրսին գրի առնված հետաքրքիր մտքեր ունի նաև հայերի վերաբերյալ, որտեղ ընդունում է, որ հայերի նկատմամբ անարդար են վարվել ու կոչ է անում հայերի հետ միմիայն բարեկամություն անել: Հիմա Թուրքիայում և թուրքական սփյուռքում կան համայնքի միլիոնավոր հետևորդներ:

Գրել կարծիք