Ագրամունդիզմի վախճանը. ինչպե՞ս ԵԽԽՎ նախագահը խայտառակեց Եվրոպայի խորհուրդը

Ագրամունդիզմի վախճանը. ինչպե՞ս ԵԽԽՎ նախագահը խայտառակեց Եվրոպայի խորհուրդը

ԵԽԽՎ նախագահի հրաժարականը միայն ավարտն էր մի գործընթացի, որը խայտառակեց ամբողջ Եվրոպայի Խորհուրդը

Այս կառույցի հիմնումից ի վեր նման բան չէր եղել: Երբ ստեղծում էին Եվրոպայի Խորհուրդը, չէին էլ մտածում, որ կարող է Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը կաշառակեր լինել և առաջանա նրան հեռացնելու օրհասական խնդիր: Դա էր պատճառը, որ կանոնակարգով գոյություն չուներ նախագահին հեռացնելու որևէ մեխանիզմ: ԵԽ հիմնադիրները գուցե չափից դուրս լավատես էին:

Սկսած 2013-ից ԵԽԽՎ-ում Ադրբեջանը անցավ բացահայտ լկտիության: Պատգամավորներին գնելը այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէր: Ադրբեջանամետ էին դառնում նույնիսկ այնպիսի զեկույցներ, որտեղ խոսվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների մասին: Կաշառքների մասշտաբն այնքան մեծացավ, որ որոշ դետալներ դուրս եկան ջրի երես: Միլանի դատախազությունը նույնիսկ քննություն սկսեց պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Հետո եղավ Ուոլտերի զեկույցը, որը, մեծ ջանքերի գնով, բարեբախտաբար տապալվեց, բայց ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հակաարցախյան զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Ի դեպ, տիկին Մարկովիչը դրանից հետո (2016-ի հունվար) կտրուկ փոխեց իր զգեստապահարանը ու սկսեց կրել գերթանկարժեք իրեր:


Կարդացեք նաև.


Ագրամունդի դեպքն ընդհանրապես զավեշտալի է: Իսպանացի պատգամավորը պարբերաբար արգելում էր հայկական պատվիրակությանը խոսել կոռուպցիայի մասին՝ վախենալով, որ կարող է իր անունն էլ տան: Աղմուկն այնքան բարձրացավ, որ չկաշառված պատգամավորները պարզապես հոգնեցին բոլոր նիստների անբաժան մասը դարձած հայ-ադրբեջանական լեզվակռիվներից:

Եվ ահա մի օր Ագրամունդը որոշում է ռուս պատգամավորների հետ մեկնել Սիրիա՝ Բաշար Ասադի հետ հանդիպելու: Սա եղավ վերջին կաթիլը: Արևմտյան երկրների այն պատգամավորները, որոնք մեծ հաշվով անտարբեր էին կաշառքների մասին բարձրաձայնող հայկական պատվիրակության ելույթների նկատմամբ, պահանջեցին Ագրամունդի հրաժարականը: Ագրամունդը չհեռացավ, ստիպված փոխեցին կանոնակարգը: ԵԽԽՎ նախագահը փախավ իր իսկ ղեկավարած կառույցի շենքից ու այլևս չվերադարձավ: Քաղաքական գործընթացը զարգացավ ու Ագրամունդին հեռացնելը դարձավ անխուսափելի:

Ագրամունդի հրաժարականից 2 օր առաջ Ալիևը Բաքվում ԵՄ պատվիրակության առջև հայտարարեց, որ, եթե իրենք լքեն Եվրոպայի Խորհուրդը, ոչինչ էլ չեն կորցնի: Սա ազդակ էր նաև Ագրամունդին, որ նրան պահել Բաքուն այլևս չի կարող: Փորձառու իսպանացին ամեն ինչ լավ գիտակցեց, հեռացավ, որ չհեռացվի: Հույս ունենանք, որ իր հետ կտանի նաև կաշառքներով բանաձևեր գնելու պրակտիկան, առավել ևս, որ Ալիևը կարծես այլևս չի դիմադրում, բացահայտ բողոքում է ԵԽ գլխավոր քարտուղարից՝ նրան անվանելով հայամետ, հաշտվում է փաստի հետ, որ ԵԽ նախարարների կոմիտեն սպառնացել է դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը: Հնարավոր է՝ Ալիևը Եվրոպայում փնտրում է կաշառքների տարածման նոր վայր:  Թիրախում կարող է լինել Բրյուսելը՝ ԵՄ-ն, բայց դա այլ կազմակերպություն է, բոլորովին ուրիշ միջավայր: Ամեն ինչ այդքան հեշտ այլևս չի լինելու:  

Գրել կարծիք