Ինչո՞ւ են երիտասարդները գերդյուրագրգիռ դարձել. պատճառը փնտրել սոցցանցերում

Ինչո՞ւ են երիտասարդները գերդյուրագրգիռ դարձել. պատճառը փնտրել սոցցանցերում

Ինչպես են սոցցանցներն ազդել ուսանողների վարքագծի և անգամ էմոցիաների վրա. վերլուծում ենք ԱՄՆ ուսանողների օրինակով:

Վերջերս որդիս Յութուբով ինչ-որ կատակներ էր նայում, կատակներ, որոնք, խոստովանում եմ, ինձ այդքան էլ դուր չեն գալիս: Դրանք կոչվում են prank-ներ: Հերոսը սևամորթ տղա է: Ու ես որոշեցի իմ դիրքորոշումը հայտնել ու ահա թե ինչ պատասխան ստացա.

«Are You racist, mom?».

Մեղադրական հարցադրումն ինձ համար զարմանալի էր (ես ու ռասիսզմը` դրանք սար ու ձորի տարբերություն են, էն էլ` Հայաստանում, էն էլ` սովետական կրթություն ստացածս): Բայց ավելի շատ ինձ զարմացրեց նրա «էմոցիոնալ բողոքող» վերաբերմունքը: Որտեղի՞ց է գալիս գերնրբանկատությունը:

Ես սկսեցի փորփրել մասնագիտական գրականությունը` վարքագծին վերաբերող հարցերի պատասխանը ստանալու համար: Եվ ահա թե ինչ «արդյունք» տվեցին իմ պրպտումները (ի դեպ, նշեմ, որ որդիս այն տարիքում է, որ արդեն կարող է իր էջն ունենալ սոցիալական ցանցերում):

Վերջին շրջանում ամերիկացի ուսանողները դարձել են մշտապես դժգոհող, բողոքող և ինչ որ բան արգելելու պահանջ ներկայացնողներ` նշում են ամերիկացի հոգեբանները: Սա, բնականաբար, անհասկանալի է, հատկապես խոսքիմտքի ու խղճի ազատության բնօրրան համարվող Ամերիայի Միացյալ Նահանգերում: Այնպես որ, ԱՄՆ կրթական համակարգում ինչ-որ բան այնպես չէ, խաթարվել է, գլխիվայր շրջվել:

Նոր շարժում` ԱՄՆ համալսարաններում

The Atlantic-ը գրում է, որ Ամերիկյան համալսարաններում նոր շարժում է ձևավորվում, որի նպատակն է դասախոսությունների ժամանակ բացառել այն խոսքը, միտքը, եզրակացությունը, բանավեճը, որը ենթադրաբար կարող է վիրավորել ներկաներին: Ամենաաննշան հարցը, ամենաանմեղ կարծիքը կարող է ընկալվել վիրավորանք ու վերջ՝ դու համարվում ես դիմացինին էմոցիոնալ սթրեսի մեջ գցող. եթե դասախոս ես, կարող ես զրկվել աշխատանքից, եթե ուսանող` կարժանանաս բոլորի արհամարհանքին:

Բերեմ մի քանի օրինակ, որ ավելի հստակ պատկերացում կազմեք: Եթե ասիական կամ լատինամերիկյան արտաքինով ուսանողին հարցնես «որտե՞ղ ես ծնվել», դա կարող է ընկալվել, որ դու մտադրված ուզում ես նրան հիշեցնել իր արմատների մասին, ենթատեքստով ասել, որ նա իսկական ԱՄՆ քաղաքացի չէ: Աստված չանի, որ լսեն «դու մաթեմատիկայից գլուխ չես հանում» արտահայտությունը: Անգամ կհամարվես ռասիստ, եթե արտաբերես «ռասա» բառը: Վիրավորական արտահայտություններ են նաև «Ամերիկան հնարավորությունների երկիր է», «կարծում եմ՝ աշխատանքը պետք է ստանա բարձր որակավորում ունեցողը»: Ընդամենը պետք է բողոքել համալսարանի տնօրինությանը, ու կարող է հետաքննություն սկսվել: Նոր կանոնները քիչքիչ վերածվում են նորմերի ու շատ մոտ ապագայում գուցե նաև օրենքի ուժ ստատան:

Որտեղի՞ց է գալիս գերնրբանկատությունը

30-ականների սերունդը մեծացավ անվտանգ Ամերիկայում: Երեխանները դասերից հետո խաղում էին բակում, կռիվների մեջ ընկնում, փողոցի անկյունում «հաշիվներ մաքրում»: Ի դեպ, կռիվների մեջ ընկնելը համարվում էր «փորձ ձեռք բերել` դեպի մեծ կյանք տանող ճանապարհին»: Սակայն 60-ականներից սկսած Ամերիկայում գրանցվեց հանցագործությունների աճ, և 80-90-ականներին ծնողներն սկսեցին խիստ ուշադիր լինել իրենց երեխաների անվտանգության հարցում: Հենց այդ շրջանի սերունդն է, որ միշտ լսել է՝ կյանքը լի է վտանգներով, մեծերը պարտավոր են պաշտպանել ձեզ, ուշադի՛ր եղեք:  Հենց այդ 80-90-ականների սերունդը դարձավ «տան գերի», հենց այդ սերունդն է, որ տանը գամվելով՝ ընկղմվեց համակարգչային խաղերի մեջ, հենց այդ սերունդն է, որ դարձավ սոցցանցերի հիմնադիր ու ակտիվ օգտատեր:



Facebook-ը բացվեց 2004-ին, և 13 տարեկանից բարձրերին 2 տարի անց թույլատրվեց գրանցվել սոցկայքում: Սա նշանակում է, որ այսօրվա բուհում հայտնվել է սոցցանցերո՛ւմ դաստիարակություն ստացած անձը: Սոցցանցերի առաջին «բնակիչներն» իրենց ծնողներից տարբերվում են նրանով, թե ինչպես են օգտագործում բարոյական արժեքները և ինչպես են միմյանց աջակցում գաղափարական կոնֆլիկտի ժամանակ: Սոցցանցերով դաստիարակվող  երիտասարդները հետևում են նորություններին, շփվում միմյանց հետ, ավելի շատ են փորձում օգնել հասարակությանը, քան նրանց ծնողները, որոնք դաստիարակվել են հեռուստատեսությամբ:

Էմոցիաները բուհերում

Վերջին տասնամյակում հոգեկան հիվանդությունները երիտասարդացել են: Փորձագետների կարծիքով՝ պատճառները պետք է փնտրել ժամանակակից միջավայրում: Հուզականությունը սողոսկել է նաև բուհեր, բուն դրել կրթված երիտասարդության մտածելակերպում: American College Counseling Association-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողների հոգեկան անհավասարակշռությունը, խոցելիությունը մեծանում է: Դեպրեսիվները 5 տարի առաջ մոտ 50 տոկոս էին, մինչդեռ  հիմա 55 տոկոսն անցել են: Ու այն, ինչ տեղի է ունենում բուհերում, կրթական համակարգում, ամենևին էլ չի նպաստում առողջ սերունդ դաստիարակելուն:

Փենսիլվանիայի համալսարանի հրեական ծագումով ուսանողին 1993 թվականին մեղադրեցին ռասիստական մտքեր արտահայտելու մեջ: Ի՞նչ էր տեղի ունեցել. նա իր պատուհանի տակ գիշերն աղմկող աղջիկների անվանել էր «գոմեշներ»: Պարզվել էր՝ աղջիկներն ունեն աֆրոամերիկյան ծագում, միայն դա բավարար էր` երիտասարդին ռասիզմի մեջ մեղադրելու համար: Որևէ մեկին չէր էլ հետաքրքրել, որ հրեաները սովորություն ունեն գոմեշ կոչել աղմկոտ հիմարներին, և երիտասարդն ամենևին էլ ռասայական մղումով չէր նրանց վիրավորել: Ու եթե հրեա ուսանողն օգտագործեր «հիմար» բառը, սևամորթ  աֆրոամերիկացիները չէին վիրավորվի:

Մինեսոտայի համալսարանում նախատեսված Hump Day-ը չեղյալ էր հայտարարվել: Պատճառն այն է, որ ուղտ էր բերվելու համալսարան: 2016-ին Facebook-ում ստեղծվեց խումբ, որը դեմ դուրս եկավ այդ նախաձեռնությանըՆրանք վստահ էին, որ այդ քայլով ակնարկ է արվում Մերձավոր Արևելքի բնակիչներին:

Սոցցանցերում ուսանողների կազմակերպած «խաչակրաց արշավանքներն» իսկական մղձավանջ են դարձել դասախոսների համար. մի սխալ խոսք` և նրանք դառնում են ֆեյսբուքյան թիրախ:  Նյու Յորքի մի քոլեջում միկրոագրեսիայի դեպքերը բացահայտելու համար ուսանողական խորհուրդն այս մարտին առաջարկեց ընդունել անանուն նամակներ: Միկրոագրեսիայի դեմ պայքարն այնքան խորացավ երկրում, որ ուսանողները պահանջեցին դասախոսներից լսարանում չարտաբերել «սեռական ոտնձգություն» բառը, անգամ շրջանցել «սեռական ոտնձգության» մասին հոդվածներին: Պատճառաբանությունը մեկն էր՝ լսարանում կարող են լինել այնպիսի ուսանողներ, որոնք ենթարկվել են բռնության, նրանց համար ցավալի կլինի վերապրել նույն հոգեվիճակը: Արդյունքում, Արդարադատության և կրթության նախարարությունը որոշեց ընդլայնել «սեռական ոտնձգություն» հասկացությունը՝ նշելով, որ բանավոր խոսքում այն կարող է «անցանկալի» լինել: Սա նշանակում է, որ հուզական ընկալումը դառնում է հավաստի ապացույց:

Forbidden. Միկրոագրեսիայի իրական զոհերը

Microaggression և trigger warning. այս երկու բառերը դարձել են ամենաօգտագործվողը: Արգելվում է ասել այնպիսի բառեր, որոնք կարող են հուզել մարդուն: Կատակելը, հումոր անելը, սեփական  կարծիքը հայտնելը կամ դատողություններ անելն անցանկալի են: Սա նշանակում է, որ մինչև «լեզվին տալը», բառ արտաբերելը պետք է մի լավ մտածել, այլապես կարող ես հայտնվել միկրոագրեսիա առաջացնողների ցանկում:

Ամերիկացի ուսանողների դժգոհությունը, բողոքն ու պահանջը հակառակ էֆեկտն է տվել: Երիտասարդներին բառերից, գաղափարներից ու մարդկանցից պաշտպանելու փորձերն իրականում վնասում են ամերիկյան գերկիրթ հասարակության ապագան, վնաս են հասցնում ամերիկյան ժողովրդավարությանը և վտանգում են խոսքի ազատությունը: ԱՄՆ կրթված քաղաքացին` դուրս գալով համալսարանից, միևնույն է, բախվելու է իր համար անցանկալի խոսքի, մտքի, դատողության հետ: Բախվելու է ոչ միայն իր երկրում, այլ երկրից դուրս: Ու այդ ժամանակ փոխադարձ հարգանքի, բանակցությունների կամ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող:  Ու այդ ժամանակ ֆեյսբուքյան «խաչակրաց արշավանքներն» էլ չեն փրկի:

Գուցե սեփական քաղաքացիներին միկրոագրեսիվ բառերից ու արտահայտություններից պաշտպանելու փոխարեն, սովորեցնել բազում մտքերի ու կարծիքների աշխարհում ճի՞շտ ապրել: Սովորեցնել ազատ խոսքի ու բարիդրացիական հարաբերությունների միջև բալանսը գտնել: Թե չէ, էլ ուր մնաց ամերիկյան ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը: Թե չէ, իսկապես կմտածենք, որ ԱՄՆ կրթական համակարգում ինչոր բան գլխիվայր է շրջվել:

P.S

Մեզ մոտ այս իրավիճակը դեռ բուհեր չի հասել, դասախոսները դեռ չեն բախվել միկրոագրեսիայից իրենց պաշտպանել պահանջող ուսանողներին: Հավանաբար պատճառն այն է, որ սոցցանցում զուգահեռաբար կրթված ու դաստիարակված մեր սերունդը դեռ բուհ չի մտել: Նրանք առայժմ դպրոցներում են, աշակերտական նստարաններին նստած ու իրենց պահանջները ներկայացնում են ուսուցիչներին:  Այն ուսուցիչներին, ովքեր անորոշության մեջ են` որտեղից է գալիս երեխաների գերնրբանկատ լինելու պահանջը:

Գրել կարծիք