Մահացել է քրեական կայսրության պարագլուխը. ո՞վ էր մարդկանց հնձող «Տրակտոր Բինուն»

Մահացել է քրեական կայսրության պարագլուխը. ո՞վ էր մարդկանց հնձող «Տրակտոր Բինուն»

43 տարի արդարադատությունից խուսափելուց հետո 2006-ին նա հայտնվեց ճաղերի հետևում ամենախիստ պայմաններում` ցմահ ազատազրկման 3 ժամկետով:

Իտալիայի բանտերից մեկում  84 տարեկանում մահացել է  «Կոզա Նոստրա» քրեական կայսրության պարագլուխ Բերնարդո Պրովենցիանոն:

Ո՞վ   էր «հորեղբայր բինուն»

Իտալական մաֆիան նրա ձեռքում էր  1993 թվականից, երբ այդ պաշտոնում   «հորեղբայր Բինուն» կամ ինչպես նրան անվանում էին՝ «հաշվապահ»,     փոխարինեց Տոտո Ռիինաին: Նա զբաղեցրել էր ոստիկանության ձեռքն ընկած «կնքահայր» Տոտո Ռիինայի տեղը: Պրովենցանոն հայտնի է նաև «Տրակտոր Բինու» մականունով, որը նա ստացել էր մարդկանց անխնա «հնձելու» համար

43 տարի արդարադատությունից խուսափելուց հետո 2006-ին Պրովենցիանոն հայտնվեց ճաղերի հետևում ամենախիստ պայմաններում` ցմահ ազատազրկման 3 ժամկետով: Ըստ իտալական լրատվամիջոցների, Պրովենցիանոն տառապում էր միզապարկի քաղցկեղից:

Ինչպե՞ս է առաջացել «Կոզա Նոստրա» խմբավորումը

13-րդ դարում Սիցիլիան թալանում էին ոչ միայն ալժիրյան ծովահենները, այլ նաև ֆրանսիական վարձու զինված ջոկատները, որոնք ծառայում էին հյուսիսիտալական դքսերին և կոմսերին: Սիցիլիացիների կազմակերպված զինված պայքարը ֆրանսիացիների դեմ սկսվեց 1282 թ.-ին՝ «Morete alla Francia, Italia anela» ՝ «Մեռի՛ր Ֆրանսիա, շունչ ա՛ռ Իտալիա» կարգախոսով: Սիցիլիացիների կոչի հենց առաջին տառերից էլ կազմավորվեց «մաֆիա» բառը: Շուտով ինքնապաշտպանության խմբավորումները վերածվեցին արհեստավարժ մարտիկների և սկսեցին գյուղացիներից գումար վերցնել՝ արտաքին թշնամիներից նրանց պաշտպանելու համար: 19-րդ  դարում միասնական կառույց դարձած մաֆիան նույնիսկ փորձեց անջատել կղզին Իտալիայից, սակայն պարտություն կրեց:


Կարդացեք նաև.


Ի՞նչ է նշանակում «Կոզա Նոստրա»

19-րդ դարի վերջում հազարավոր սիցիլիացիներ, փախչելով աղքատությունից և կլանային պատերազմներից, տեղափոխվեցին ԱՄՆ: ԱՄՆի խոշոր քաղաքներում ստեղծվեց «Կոզա Նոստրա»-ն, որը թարգմանաբար նշանակում է «Մեր գործը»: Այն  իտալական «ընտանիքների» ցանց էր, որը վերահսկում էր խաղատները, մարմնավաճառությունը, ալկոհոլի, ծխախոտի և զենքի անօրինական շրջանառությունը, ինչպես նաև զբաղվում  դրամաշորթությամբ:

Սիցիլիական բոլոր «կոնսորտերիաներ»-ը կազմում են մի ամբողջություն, որը ղեկավարվում է Capo di tutti Capi-ի՝ բոլոր գլուխների գլխի կողմից: Մաֆիոզ խմբավորման կարևոր անդամներից են համարվում նաև վարձու մարդասպանները (icciotti di ficatu), թիկնապահները (stopalieri), դատավորները (gabellotti) և խորհրդատուները (consiglieri):

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերի  կազմած  աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակում սիցիլիական և ամերիկյան «Կոզա Նոստրա»  խմբավորումը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Գրել կարծիք