Քրդական երազանքի ամենամեծ բեկորը. ինչպե՞ս Քրդստանը կորցրեց Քիրքուքը
Լաց լինելով ու զայրույթով քրդերը հեռացան Քիրքուքից: Հիասթափված են` հետ են քաշվում առանց մարտերի, երբ քաղաք էին մտել արյունահեղությամբ: Հիմա զիջում են այն զորքին, որը երկու տարի առաջ չկարողացավ պաշտպանել ռազմավարական բնակավայրը:
Քրդերը Քիրքուքում տեր-տիրական էին դարձել, երբ իսլամական ահաբեկիչներն Իրաքի կեսը գրավելով գրոհեցին նավթային այս կենտրոնի ուղղությամբ: Իրաքի բանակը չկարողացավ պաշտպանել դիրքերը: Պաշտպանեցին քրդական զորամիավորումները:
Մենք երկու հազար զոհ տվեցինք իսիսի դեմ կռիվներում: Մենք չենք վախենում իրաքի բանակից: Ինչու են մեզ հրամայում առանց կռվելու դուրս գալ քաղաքից, ասում են այդ զորամիավորումների մարտիկները:
Բացատրում է Բաֆել Թալաբանին: Նա քրդական ամենաազդեցիկ երկու գերդաստաններից մեկն է ներկայացնում` փոխարինելով հորը` իրաքի նախկին նախագահ ջալալ Թալաբանիին, որը երկու շաբաթ առաջ է մահացել: Թալաբանիների մրցակիցը անկախության հանրաքվեի հեղինակ Բարզանիներն են: Վարկած կա, որ թալաբանիականները գաղտնի համաձայնության են եկել Իրանի հետ:
Այս անգամ մենք որոշեցինք արյուն չթափել: Մեղավորը նրանք են, ովքեր հապշտապ անկախության հանրաքվե անցկացնելով այս իրավիճակը ստեղծեցին, ասում է Բաֆել Թալաբանին:
Քիրքուքը բոլոր ժամանակներում և միշտ է կռվախնձոր ու որոշիչ եղել: Այն Միջին Արևելքի նավթային հարստության միջուկում է: Ապահովում էր Իրաքյան Քրդստանի բյուջեի 50 տոկոսից ավելին: Քրդական վերահսկողությամբ նավթի 85 տոկոսն անցնում էր թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթամուղով: Գլխավոր գնորդը` Իսրայել: Այսինքն` Քիրքուքից քրդերի հեռանալն առաջին հերթին հարված էր Անկարային և Թել Ավիվին:
Կարդացեք նաև.
- Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. Քիրքուքը՝ քուրդ-արաբական պատերազմի թատերաբեմ
- Քրդերի անկախության առաջին քայլերը. դրոշ Քիրքուքում և հանրաքվեի որոշում
- Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով
Իրաքի երկու ազդեցիկ ընտանիքների գլխավորությամբ գործող կուսակցությունները կրում են հարևան երկրների ազդեցությունը: Բարզանիների ավանդական գործընկերը Թուրքիան է, Թալաբանիներինը` Իրանը: Եվ հիմա, երբ Էրդողանի ընկեր Բարզանին հեղինակազրկված է, Իրանի աջակցությունը վայելող ուժերը դադարեցնում են Թուրքիայի և Իսրայելի նավթային բիզնեսը: Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն է անցել Իրանի վերահսկողության տակ:
Իրաքի բանակի հետ Քիրքուքը քրդերից վերցրեց Հաշդ ալ-Շաբն զորամիավորումը: Նրանց ասում են Իսլամական պետության ահաբեկիչների շիայական տարբերակ, բայց նրանց ամբողջ դաժանությունը թափվել է հենց իսլամական պետության ահաբեկիչների գլխին: Այստեղ հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնց հարազատներին ահաբեկիչները սպանել են, վաճառել ստրկության: Եվ նրանք վրեժ են լուծում Իրանի հովանավորությամբ:
Իրանն այս պատմության մեջ իրավիճակի բոլոր դետալները ճիշտ հաշվարկած միակ կողմը դուրս եկավ: Անկախության հանրաքվե նախաձեռնած թուրքա և իսրայելամետ ուժերը հաշվի չէին առել, որ Իրսայելից իրենց ակնկալիքները չափազանց մեծ են: Իսկ Իրանը ուժով խնդիր լուծելու համար նույնիսկ կարիք չունի իր զորքը մտցնել Իրաք: Կուլիսային աշխատանքով էլ Թեհրանը միշտ է փայլել: