BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Իրականում՝ ոչ] Պե՞տք է փոխվեին եկամտահարկի վերադ

[ Իրականում՝ ոչ] Պե՞տք է փոխվեին եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու պայմանները

Ֆինանսների փոխնախարարը 2017-ի դեկտեմբերի 12-ին խորհրդարանին ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» մի օրինագիծ, որով սահմանափակվում է եկամտահարկի վերադարձով հիպոթեկային վարկով բնակարան գնելու կարգը: Արտոնությունը տրվել էր 3 տարի առաջ: Նպատակն այն էր, որ երիտասարդ ընտանիքները կարողանային էժան վարկով բնակարան գնել, տոկոսներն էլ մարեին իրենց եկամտահարկով: Մյուս նպատակը շինարարությանը զարկ տալն էր: Այսինքն` մի կողմից`շինարարները կունենան գործ, մյուս կողմից` երիտասարդ ընտանիքները` էժան բնակարան:
Այս ընթացքում կառավարությունն ուսումնասիրել ու պարզել է, որ այս երեք տարիների ընթացքում ծրագրից օգտվել են հարուստները: Այսինքն` ծրագրի սոցիալական բաղադրիչը չի գործել: Անսպասելի պարզվել է նաև, որ շինարարության ոլորտի ակտիվացումը կառավարության համար առաջնահերթություն չէ, հետևաբար ծրագիրը ավելորդ բեռ է դառնում պետբյուջեի վրա: Հենց այդ պատճառով առաջարկում են արտոնությունը սահմանափակել 3 կետով.


  1. քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից այս արտոնությունից կկարողանա օգտվել միայն 1 անգամ` որպես վարկառու կամ համավարկառու,

  2. այս արտոնությամբ ձեռք բերվող բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,

  3. արտոնությունից օգտվողի եկամուտը չի կարող գերազանցել ամիսը 500 հազար դրամը:


Այսինքն` դու կարող ես եկամտահարկի վերադարձով հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերել, եթե ամսական ստանում ես առավելագույնը 500 հազար դրամ, բնակարանի գինը չի գերազանցում 55 միլիոն դրամը, և այդ արտոնությունից օգտվում ես առաջին անգամ:
Արտոնությունը սահմանափակելը ճիշտ է, որովհետև ոչ թե միջին խավն է էժան բնակարան ձեռք բերում, այլ հարուստներն են նոր կապիտալով ապահովվում: Սա սոցիալական աջակցություն է. 1 միլիոնից ավելի ամսական եկամուտ ունեցողին սոցիալական աջակցությունը ո՞րն է:
Պետք է արտոնությունը սահմանափակվի մեկ անգամով, որովհետեւ ծրագիրն անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողների համար էժան բնակարան գնելու և տոկոսներ չվճարելու շանս է` հետո ավելի թանկ վաճառելու հետևանքով: Այսինքն`եթե ծրագիրը չի սահմանափակում, դառնում է անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողների համար շահավետ գործիք: Տուժում է բյուջեն, շահում են խորամանկները: 
Սահմանափակումը ճիշտ է, որովհետև 55 մլն դրամով կարելի է Երևանի կենտրոնում գնել 135-140 ք/մ բնակարան: 55 մլն դրամանոց բնակարանն արդեն ճոխություն է, ուր մնաց` ավելի թանկ բնակարանը: Ստացվում է, որ կարելի է բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները չտրամադրել կրթությանը, գիտությանը, բանակին, բայց այդ միջոցներով բավարել առանց այդ էլ բարձր վարձատրվող հարուստների`ճոխ բնակարաններ գնելու մարմաջը:


[Իրականում՝ ոչ] շարքից կարդացեք նաև



Բայց պե՞տք է փոխվեին եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու պայմանները. Իրականում` ոչ


Ի՞նչ է նշանակում` քաղաքացին մեկ անգամ կարող է օգտվել այդ ծրագրից: Պատկերացնենք` ընտանիքում երկու եղբայր են, որոնց եկամուտը կազմում է ամսական 300 հազար դրամ, և այս արտոնությամբ երկուսը միասին դարձել են համավարկառու ու բնակարան են ձեռք բերել: Մինչդեռ մի եղբայրը` համավարկառու դառնալով, զրկվում է այդ ծրագրից երբևէ օգտվելու հնարավորությունից: Ո՞ւր մնաց այս արտոնության սոցիալական բաղադրիչը:
Կամ ասենք` նորապսակ ամուսինները միասին բնակարան են վերցրել, հետո համատեղ կյանքը չի ստացվել: Համավարկառուի կարգավիճակում ամուսինը սպառել է մեկ անգամ ծրագրից օգտվելու հնարավորությունը և բաժանվել: Մյուսն այլևս չի կարող օգտվել եկամտահարկով բնակարան ձեռք բերելու արտոնությունից:
Ո՞վ է ասել, որ ամսական 1 միլիոն դրամ եկամուտ ունեցողը հարուստ է: Կառավարությունը հաշվե՞լ է օրինակ` 4-հոգանոց ընտանիքի ամսական նվազագույն ծախսերը: Այդ 1 միլիոն ստացողի ընտանիքի քանի՞ անդամն է աշխատում: Հայաստանում քանի՞ ընտանիք կա, որտեղ առնվազն 2 հոգի 1-միլիոնանոց աշխատավարձ ունի: Հաճախ 1 միլիոն դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացին հոգում է նաև ընտանիքի մյուս անդամների ծախսերը: Հետևաբար 1 միլիոն դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացուն հարուստ համարելը նույնքան արտառոց է, որքան ասելը, թե գնաճը չի հարվածում աղքատի գրպանին:

Հիմա` պե՞տք է փոխվեին եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու պայմանները. Իրականում` ոչ


Պարզվում է ծրագրից օգտվում են միայն Երևանի բնակիչները: Մարզերի բնակիչները, ֆինանսների փոխնախարարի կարծիքով, այնքան եկամուտ չունեն, որ կարողանան հիպոթեկային վարկ վերցնել: Բայց իրականում մարզերում ծրագրից չեն օգտվում, որովհետև մարզերում չկան նորակառույցներ, ոչ մի շինարարական կազմակերպություն մարզում բազմաբնակարան շենք չի կառուցում: Այսինքն, եթե մարզի բնակիչ ես և ուզում ես եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերել, պետք է անպայման Երևանում ձեռք բերես: Պարզ պատճառով` մարզում նորակառույց չկա: Ծրագիրը ընդլայնելու և մարզերում շինարարությունը խրախուսելու փոխարեն սահմանափակում են առանց այդ էլ սահմանափակ այս արտոնությունը:
Բացի այդ` եթե շինարարության ոլորտը աշխուժացնելը պետք չէ կառավարությանը, ապա ինչո՞ւ է պահպանվում անպայման նորակառույցներում բնակարան ձեռք բերելու պայմանը: Թող քաղաքացին կարողանա բնակարան ձեռք բերել այնտեղ, որտեղ ցանկանում է, և այն շենքում, որում կարող է:

Տարածել