Թերի Ջորջը՝ ցեղասպանության ու պատմական ճշմարտությունների մասին

Թերի Ջորջը՝ ցեղասպանության ու պատմական ճշմարտությունների մասին

Հայոց ցեղասպանության մասին իմացավ ավելին, երբ Ռուանդայի ցեղասպանությունն էր ուսումնասիրում: Նա արդեն գիտեր ավելին, քան միջին վիճակագրական քաղաքացին: Ու դա հանգիստ չէր տալիս կինոռեժիսոր Թերի Ջորջին:

 «Հոթել Ռուանդա» ֆիլմից հետո, գրեթե 10 տարի անց, նա նկարահանեց ցեղասպանության մասին իր հաջորդ ֆիլմը՝ «Խոստումը»:  Կինովարձույթում հայտնվելուց հետո գրեթե կես տարի անց ֆիլմի օսկարակիր ռեժիսորն ու պրոդյուսերը Հայաստանում են:

Թերի Ջորջին և Էրիկ Իսրայելյանին ծափահարություններով են դիմավորում: Մինչև Թերին Հոլիվուդում էլի էին փորձել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանվել: Բայց գործընթացը դեռ չսկսված կասեցվում էր: Անկախ հակաքարոզից ու սպառնալիքներից «Խոստումը» նկարահանվեց:

«Քրքորյանը տարված էր այս ֆիլմի գաղափարով, նրա առատաձեռնությունն ու կիրքը հնարավոր դարձրին «Խոստումը»: Հետո Էրիկը շարունակեց նրա գործը,- պատմում է Թերի Ջորջը,-  Ստեղծագործական թիմը նույնպես տարված էր այդ գաղափարով: Հասկանում էինք, որ եզակի գործ ենք անում: Հոլիվունդն այլևս այսպիսի ֆիլմեր չի նկարում, իսկ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ: Այս տեսակ ֆիլմեր նկարահանելը լավ ավանդույթ է, որը կորչում է»:

Այսպիսի ֆիլմ նկարահանելու համար միայն բյուջեն բավարար չէ: Սա նաև քաղաքակա խնդիր է: «Խոստումը» նկարահանվեց, որովհետև մի խումբ մարդիկ ունեին այդ կամքը, համառությունն ու ցանկությունը:

«Ինչպես Թերին է ասում, մենք ոչ թե մեկ ամսվա, այլ առաջիկա հարյուրամյակի համար ենք ֆիլմ ստեղծել,- ասում է ֆիլմի համապրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը,-  Ակնհայտ է, որ այս ֆիլմը կոմերցիոն չէ, իսկ հոլիվուդյան կինոստուդիաները կոմերցիոն նպատակ են հետապնդում: Բացի այդ, քաղաքական խնդիրներ էլ կան՝ թուրքական կողմի ճնշումներն այդ նույն ստուդիաների նկատմամբ: Միայն փողը բավարար չէ այսպիսի նախագիծ իրագործելու համար: Սա իրականում նվեր է հայ ժողովրդին, երբ ոչ հայ մարդը ցանկանում է պատմել մեր պատմությունը: Թերին հսկայական աշխատանք է կատարել՝ ի մի բերելով պատմությունը: Նա կենտրոնանում է  ոչ միայն ողբերգության վրա, այլ քաջության, պայքարի ու հույսի»:


Կարդացեք նաև․


Թուրքական կողմի սպառնալիքներն ու հակաքարոզը միայն ամրացրել են Թերի Ջորջի որոշումը: Նա երբեք հեշտ ճանապարհով չի գնացել: Նրա նախընտրելի ժանրը քաղաքական դրաման է: Որքան էլ ճնշումը մեծ լինի, կան պատմական ճշմարտություններ, որոնք պետք է պատմել:

«Կինոն  պատմելու ամենաուժեղ միջոցն է, փոխանցելու, թե ինչ է կատարվել պատմության խորքերում: Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունն էր, բայց ցեղասպանություններն այսօր էլ շարունակվում են: Սիրիան ու Մյանմարը դրա վառ օրինակներն են: Միայն պատմությունը բարձրաձայնելով է հնարավոր պայքարել սրա դեմ: Հպարտ եմ, որ իմ համեստ ներդրումն ունեմ այս ամենի մեջ,- ասում է Թերի Ջորջը»:

«Խոստումն», ըստ ռեժիսորի, ոչ թե պատմական դրամա է, այլ ժամանակակից: Սա նաև նրա պայքարն է՝ հանուն ճշմարտության: Ֆիլմը շարունակություն չի ունենա, բայց թեման՝ հաստատ: Թերի Ջորջի հաջորդ ֆիլմը՝ մեր օրերի ցեղասպանության ու փախստականների մասին է լինելու:

Գրել կարծիք