ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] «Ուզում եմ Հայաստանում զարգացնել փորձառա

[մոնոլոգ] «Ուզում եմ Հայաստանում զարգացնել փորձառական-կրթական տուրիզմը». Զարմինե Զեյթունցյան

գիրք կարդալու գաղտնիքը


Մարդիկ գիրք են կարդում կյանքի՝ իրենց հարցադրումներին պատասխան գտնելու համար: Ինքս դրա համար եմ կարդում: Շատ հաճախ գրքից մեկ նախադասություն կամ մեկ հատված ինձ անմիջապես բերում է հավասարակշռության, ներքին առանցքս եմ գտնում: Լավ ստեղծագործությունը կարող է անուղղակիորեն պատասխանել քո բոլոր հարցերին: Իմ կարծիքով հիմնական հարցը, որ մարդն ունի, կյանքի իմաստն է. թե ինչի մասին է կյանքը: Գրքերը, համենայն դեպս, ինձ օգնում են այդ հարցին պատասխանել: Գրքեր կան, որ հաճախ եմ ընթերցում: Օրինակ՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», որը շատերն են սիրում, բայց դա կլիշե, ստանդարտ չէ. իսկապես հանճարեղ վեպ է: Մյուսը «Վարպետն ու Մարգարիտան» է: Այս երկու գրքերն են, որ տարիներ անց նորից ու նորից ընթերցում եմ: Շատ եմ սիրում նաև հորս «Արշակ Երկրորդ» վեպը, որը ևս ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ:

քաղաքավարություն


Քաղաքավարությունը սկսվում է ընտանիքից: Դու տեսնում ես, թե ինչպես են ապրում քո ծնողները, ինչպես են շփվում հարազատների, ազգականների, ընկերների ու հյուրերի հետ: Ամերիկայում երեխաները լրիվ առանձնացած են ու կտրված՝ ի տարբերություն հայաստանցի երեխաների, որոնք միշտ լսում են մեծերի խոսակցությունն ու խառնվում դրան: Այստեղի 10 տարեկան երեխան շատ ավելի հասուն է, քան Ամերիկայի 20 տարեկանը, որովհետև այստեղ նրանք ամբողջ օրը ծնողների հետ կենցաղային հարցերի մեջ են, իսկ այնտեղ երեխաները օրերով դուրս չեն գալիս իրենց սենյակներից: Երբ Ամերիկայում էի ապրում, երեխայիս ստիպում էի, որ սենյակից անպայման դուրս գա, ողջունի մեր տուն եկած հյուրին, ներկայանա: Երեխան պետք է տեսնի, թե ծնողներն ինչպես են առընչվում շրջակա միջավայրին, մարդկանց:

իմ հայրը


90-ականների սկզբի շատ ծանր օրերին հորս զանգել է մի մարդ ու առաջարկել է դասավանդել մի նորաստեղծ համալսարանում ամիսը 50 դոլար աշխատավարձով (այն ժամանակ դա ահագին մեծ գումար էր): Հայրս համաձայնել է: Այդ մարդն ասել է, որ միայն հորս է առաջարկում, որովհետև հայրս միակ մարդն է եղել, որն աշխատավայր մտնելիս իրեն ամեն օր բարևել է, երբ ինքը պահակ էր:
Վերջերս հորս մի հարցազրույցն էի կարդում: Խոսում էր դաստիարակության մասին և ասում էր, որ մարդուն խոսքով չես դաստիարակի, այլ քո ներկայությամբ: Չեմ հիշում գեթ մեկ օր, որ հայրս տուն գա ու դասախոսություն կարդա, թե ինչ պետք է անել կամ չանել: Ես դաստիարակվել եմ իմ հոր ապրելակերպի, իր սկզբունքների շնորհիվ, իր աշխարհայացքը, իր գրականությունն է ինձ ձևավորել: Բնավորությամբ էլ եմ նման հորս: Այսօր ինչ անում եմ, միշտ մտածում եմ՝ այնպես անեմ, որ չվնասի հորս հեղինակությանը: Իր գրականության մեջ էլ հերոսներն այն մարդիկ են, որոնք ջարդում են կարծրատիպերը: Օրինակ՝ հայրս միշտ պաշտոններ է զբաղեցրել, բայց երբեք տանը չեմ լսել, որ շաբաթ և կիրակի օրերը հայրս անձնական նպատակով վարորդին աշխատանքի կանչեր կամ պաշտոնը չարաշահեր: Չեմ հիշում վատ վերաբերմունք: Այն մարդիկ, որոնք աշխատել են հորս հետ, մինչև այսօր ամեն անգամ հիշում, գալիս ու հանդիպում են:

որոշումների գերին


Ասում են՝ մարդն իր բնավորության գերին է, որոշումներն էլ կայացնում է իր բնավորության համապատասխան: Երբ ընկերներս դրսից գալիս են, ու հանդիպում ենք, հարցնում են. «Ասում են՝ պաշտոն ունես, հա՞: Բա քեզ պե՞տք էր. հանգիստ ապրում էիր քեզ համար»: Նույնիսկ հայրս է հաճախ ասում, որ ծանրաբեռնված եմ: Այո՛, որոշում եմ կայացրել և ինչ-որ տեղ նաև դարձել եմ այդ որոշման գերին: Բայց եթե դա քեզ բավարարում է, այդ դեպքում գերի չես: Այնպես որ մարդու կայացրած որոշումները նրա պահանջներից, բնավորությունից ու ցանկություններից են բխում: Հայաստան վերադարձել եմ 20 տարի դրսում ապրելուց հետո: Կայացրել եմ այս որոշումը (Հայաստան գալու), նաև կայացրել եմ պաշտոնի առաջարկն ընդունելու որոշում, որովհետև այլ դեպքում Հայաստան գալս ինչ-որ տեղ իմաստազրկվում էր: Այս որոշումն իմ կյանքն ամբողջովին փոխել է ընկերական շրջապատի, շփումների առումով: Բայց ես երջանիկ եմ, որովհետև կարծում եմ՝ օգտակար եմ հայրենիքիս։

պաշտոն


Չեմ ընկալում, թե ինչ է նշանակում պաշտոն, որովհետև գործը, որը ես ուզում եմ անել, պաշտոն ունենալու ցանկությունից չէ, այլ առողջ հավակնությունից, կարողություններս ճիշտ գնահատելուց և այն համոզմունքից, որ ինչ-որ բան կարող եմ անել: Ես անձնական բիզնես եմ ունեցել Ամերիկայում և միշտ ասում եմ, որ այսօրվա աշխատանքս անձնական գործ եմ ընկալում. այլ կերպ չեմ կարող հաջողել: Այսօրվա մեր կառավարությունն էլ է փոխված, բոլորն էլ թևքերը քշտած աշխատում են: Այսօր չկա նախարար, որի հետ ուզեն հանդիպել ու չկարողանան: Այսօր շատ ավելի բաց ենք. հասանելի ենք «Ֆեյսբուքով», հեռախոսազանգով: Դա նաև ներքին ընկալում է. ավելի հաճելի է, որ լավ գործ ես անում:

ստել եմ


Ասում են՝ մարդը օրը գոնե 200 անգամ ստում է: Օրինակ՝ ինձ հարցնում են, թե ինչպես եմ, պատասխանում եմ, որ լավ եմ, բայց իրականում լավ չեմ, կամ երբ ասում եմ՝ լավ չեմ, բայց իրականում լավ եմ. ստացվում է, որ ստում եմ: Հետևաբար ես օրվա ընթացքում շատ եմ ստում: Ամենաշատն ինձ վրա ազդել է այն, որ աղջկաս խաբեցի ու ասացի, թե մեր կատուն չի կարող ձագ ունենալ: Բայց մենք իրականում նրան միտումնավոր վիրահատել էինք, որ ձագ չունենա: Այդ իմ սուտը շատ է ազդել ինձ վրա:

սեր


Վերջերս բացահայտել եմ, որ սերն ունիվերսալ զգացում է. երբ քո մեջ է, դրա օբյեկտն այդքան կարևոր չէ: Սերն այնքան հետաքրքիր զգացում է, որ չեմ կարող բացատրել: Կյանքի բոլոր հարցերի պատասխանները սիրո մեջ են, քրիստոնեությունն էլ է սիրո մեջ: Մեծ մասնագետ չեմ, ոչ էլ թունդ հավատացյալ, բայց հոգևոր առումով սիրո գաղափարն ընկալել եմ մարմնիս բոլոր բջիջներով: Քո մեջ եղած սերը թույլ է տալիս, որ երջանիկ լինես: Ես չեմ կարողանում երջանիկ չլինել:
[caption id="attachment_48146" align="aligncenter" width="523"]ճամփորդություն
Ճամփորդությունն ինձ համար դադարել է լինել տեսարժան վայրեր այցելելու ու տեսնելու միջոց: 1982-ին, երբ առաջին անգամ պետք է Գերմանիա մեկնեի, շատ էի հուզվել, որովհետև փակ համակարգում էինք ապրում: Գրադարանից գրքեր հանեցի, ուսումնասիրեցի, օրագրերիս մեջ ամեն օր նշում էի, թե քանի օր է մնացել մեկնելուն: Գերմանիայում էլ շատ հուզված էի: Բախի գերեզմանի մոտ (ստեղծագործությունները նվագում էի, բայց անգամ մտքովս չէր անցնում, որ մի օր կայցելեմ նրա գերեզմանին) երկար արտասվել եմ: Այսօր համացանցի առկայությունը հանգեցրեց նրան, որ այդ ինֆորմացիան մարդիկ ստանում են վայրկենական՝ մատների շարժումով, մեծ էկրանով հենց տնից. կարծես կորել է սպասման խորհրդավորությունը:
Այսօր ես հստակ նպատակի համար եմ ճանապարհորդում: Օրինակ՝ եթե որևէ երկիր եմ գնում, ես այնտեղ բնակարան եմ վարձում, որովհետև ուզում եմ զգալ, թե ինչպես են ապրում այդ երկրի մարդիկ: Ճոխ հյուրանոցն ինձ այլևս պետք չէ. այդ կարիքն ինչ-որ ժամանակ բավարարվել է, ես ուզում եմ տեղացու կյանքով ապրել։ Միշտ ընտրում եմ այն վայրերը, որտեղ քիչ են զբոսաշրջիկները. ինձ դա է հետաքրքիր: Ես ուզում եմ փորձառական-կրթական տուրիզմը զարգացնել Հայաստանում: Բարսելոնայում չեմ եղել, բայց Մալագայում՝ հիպիական սարերում, ապրել եմ 1 շաբաթ. այդ գյուղից Իսպանիայի մասին ավելի շատ բան իմացա: Հայաստան եկող զբոսաշրջիկներն այսօր ուզում են զգալ Հայաստանի մթնոլորտը, կավագործի հետ սափոր պատրաստել, լավաշ թխել կամ պար սովորել: Տպավորություններն այդպես շատ ավելի մնայուն են:


[Մոնոլոգ] շարքից կարդացեք նաև․




իմ քաղաքը


Իմ ժամանակակիցների մեծ մասը խոր նոստալգիա է ապրում: Հաճախ լսում եմ. «Մեր քաղաքը», «Մեր երևանցիները», «Ոչնիչ չի մնացել», «Քաղաքի շունչը չկա»: Համաձայն չեմդինամիկա է, մենք 21-րդ դարում ենք ապրում, և այն հոգին, այն միջավայրը, որ եղել է 30 տարի առաջ, այսօր չի կարող կրկնվել: Համոզված եմ, որ 30 տարի առաջ էլ ասել են, որ իրենց ապրած 60-ականների Երևանը չկա, 60-ականներին ասել են, որ 30-ականների Երևանը չկա, և այդպես՝ շարունակ: Հաճախ եմ նկատում այդ «հնից կառչելը»: Մյուս դեպքում էլ հինը ոչնչացնելն ու նորը ստեղծելը գալիս է երկար տարիներ պետություն չունենալուց, իսկ քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը պետության առկայության դեպքում միայն կարող են զարգանալ: Այսօր անընդհատ նորին ձգտելը, որն ավելի ճոխ է, գալիս է մեր կենսակերպից: Մենք հին ազգ ենք, հնից հոգնել ենք՝ կրե պատերից, ավազոտ գետնից, պոկված ծեփերից: Մենք հինն ուզում ենք ջնջել. մարմար, գրանիտ, միայն մեծ ու ճոխ շինություններ՝ առանց կանաչի: Սա է իրականությունը։ Շատ ափսոսում եմ, որ այսօր հին Երևանից հատուկենտ հետքեր են մնացել, դրանք էլ վտանգի տակ են։ Ամեն քաղաք իր պատմությամբ է գրավիչ բնակիչների ու զբոսաշրջիկների համար։ Բայց քաղաքը տարբեր դեմքեր ունի, անպայման չէ, որ միայն հին դեմքը լինի: Այսօր հետաքրքիր մթնոլորտ կա քաղաքում: Ի վերջո, քաղաքը միայն ճարտարապետությունը չէ, քաղաքը նաև մարդիկ են։
Շատ եմ սիրում Սարյան փողոցն իր ռեստորաններով: Հաճախ Հաղթանակի զբոսայգուց նայում եմ ու զգում, որ շատ բան դուրս չի գալիս, բայց գիտակցում եմ, որ քաղաքը հարազատ երեխայի պես է. լավն է թե վատը՝ քոնն է: Այդ սիրո զգացումն է, որը շատ կարևոր է: Նույնն էլ հայրենիքն է: Ես սիրում եմ, ու վերջ: Ոչ ավելորդ հպարտություն եմ զգում, որ մեր քաղաքն ամենագեղեցիկն է, ոչ էլ հակառակը. «Այս ի՞նչ դարձավ մեր քաղաքը»: Քաղաքը մարդկանցով է քաղաք: Այսօրվա մեր քաղաքի մթնոլորտը շատ հետաքրքիր է իր բազմազանությամբ՝ սփյուռքահայերով, սիրիահայերով, հայաստանցիներով, արտասահմանցիներով: Եվ տարածված խոսքը՝ «Մի պադյեզդ մարդ ենք մնացել»-ը, իրական չէ:

մոդա


Ես ընդհանրապես սիրում եմ ժամանակի հետ շարժվել ու մի հետաքրքիր նկատառում ունեմ. հաճախ, մարդկանց հագուստին նայելով, կարող եմ ասել, թե երբ է նրանց կյանքը հոգեբանորեն կանգ առել՝ 80-ականների՞ն, թե՞ 70-ականներին: Որովհետև շատ հաճախ այդ մարդու գործունեության պիկը կամ իր անձնական երջանկության պիկը ինչ-որ մի պահի է եղել, որտեղ նա հարմարավետություն է զգացել ու մնացել այդտեղ: Աշխատում եմ հետևել համաշխարհային տենդենցներին՝ իհարկե, ունենալով իմ անհատական դեմքը: Օրինակ՝ մի պահ ընդունված էր դասական հագուստի հետ սպորտային կոշիկ հագնելը. ինձ համար դա ընդունելի չէ: Հաճախ են ասում՝ մարդ պետք է հագնի այն, ինչ հարմար է: Իհարկե, բայց այն նաև ժամանակակից պետք է լինի, որովհետև դա էլ մեր՝ որպես անհատի, աճի մի մասն է: Պետք է համաշխարհային շարժումներին զուգահեռ քայլել՝ պահպանելով անհատական ոճը:
 

Տարածել