ՌԴ նախագահի և Ավստրիայի ԱԳ նախարարի պարը․ Ինչո՞ւ Պուտինը կազակների երգչախմբի հետ ժամանեց

ՌԴ նախագահի և Ավստրիայի ԱԳ նախարարի պարը․ Ինչո՞ւ Պուտինը կազակների երգչախմբի հետ ժամանեց

Ավստրիայի 53-ամյա արտգործնախարար Կարին Կնայսլն օգոստոսի 18-ին ամուսնացել է 65-ամյա գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հետ: Այս արարողությունը համաշխարհային նորություն է դարձել դրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության շնորհիվ:

Որպես հարսանեկան նվեր Պուտինն իր հետ բերել էր Կուբանի կազակների երգչախումբը, որը նորապսակների համար ավանդական հարսանեկան երգ կատարեց: Վլադիմիր Պուտինն ու Կարին Կնայսլը պարեցին միասին:

Ավստրիայի նախարարին Ռուսաստանի առաջնորդի նվերը ռուս հարկատուների համար մոտ 20 հազար դոլար է արժեցել, հաղորդում է Բի-Բի-Սին:

Մի փոքր ավել՝ մի քանի հարյուր հազար դոլար եվրո գումար է արժեցել ավստրիացի հարկատուների համար անվտանգության միջոցառումների ապահովումը՝ չնայած Պուտինի մասնակցությունը հարսանիքին ներկայացվում էր որպես մասնավոր:

Այժմ ավստրիական լրատվամիջոցները պահանջում են նախարարի հրաժարականը:

Ավստրիայի արտգործնախարարն իր հարսանիքին պարում է Ռուսաստանի նախագահի հետ: 2018թ-ի օգոստոսի 18: Լուսանկարը՝ Roland Schlager/Pool via Reuters

Ավստրիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Կարին Կնայսլի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները

Կարին Կնայսլն Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում 2018թ-ի ձմեռվանից: Նա բազմիցս արտահայտվել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության օգտին:

Ավստրիայի իշխանությունները վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունների առնչությամբ ավելի մեղմ դիրքորոշում են ունեցել, քան Եվրամիության այլ երկրները: Նոր կաբինետի գալուց հետո, որի անդամ է Կնայսլը, Վիեննայից ավելի հաճախ են սկսել առաջարկներ հնչել Մոսկվայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին:

Ավստրիան Եվրամիության միակ խոշոր երկիրն է, որը ռուս դիվանագետների չի արտաքսել Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո:

«Դժվար ժամանակներում անհրաժեշտ է երկխոսություն պահպանել», — այն ժամանակ ասել է Կնայսլը:

2018թ-ի մարտին նախարարը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Լոնդոնի միջև:

Կնայսլը նաև կոչ է արել Ռուսաստանի հետ համագործակցել Մերձավոր Արևելքի հարցերում:

Իր կողմից, Վլադիմիր Պուտինը բնավ ոչ բոլոր տոնախմբություններին մասնակցելու հրավեր է ընդունում: Օրինակ, երկու տարի առաջ նա ներկա չէր իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և գեղասահորդ Տատյանա Նավկայի հարսանիքին:

Ավստրիայի արտգործնախարարն ու կազակների երգչախումբը Գամլիցում, 2018թ-ի օգոստոսի 18: Լուսանկարը՝ Roland Schlager/Pool via Reuters

Գազի մատակարարումը որպես Պուտինի՝ Ավստրիայում հարսանիքի մասնակցության պատճառ

Համաշխարհային լրատվամիջոցների կարծիքով՝ Ավստրիայում ռուս նախագահի անսպասելի հայտնվելու պատճառն, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ այդ երկրում են կենտրոնացած գազային ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները, որոնց միջոցով իրականացվում է ռուսական գազի տեղափոխումը Եվրոպա: Այս օրակարգը Ռուսաստանի համար այժմ առանցքային է դառնում ԱՄՆ կողմից կոշտ տնտեսական պատժամիջոցների պայմաններում:

Կոշտ արձագանք Ավստրիայում՝ կազակների երգչախմբի հետ Պուտինի ժամանմանը

Ավստրիայի միանգամից մի քանի առաջատար թերթեր գրել են, որ Ավստրիայի արտգործնախարարն այժմ պետք է զօրուգիշեր աշխատի քննադատությանը պատասխանելու և մամուլին համոզելու համար, որ Վիեննայի արտաքին քաղաքական դիրքորոշումը չի փոխվելու:

Ավստրիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն է արել և հավատացրել, որ դա «մասնավոր տոնախմբություն և մասնավոր այց է եղել, և դրան չի հետևելու Ավստրիայի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխություն»։

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Միխել Ռայմոնն արդեն Կնայսլից պահանջել է հրաժարական տալ Պուտինին հրավիրելու համար: Այդ պահանջն է հնչել նաև մի քանի պարբերականների կողմից:

Հարսանեկան արարողությունն ու Վլադիմիր Պուտինը: 2018թ-ի օգոստոսի 18: Լուսանկարը՝ Alexei Druzhinin/Kremlin via REUTERS

 


Կարդացեք նաև․


Կուբանի կազակների երգչախմբի մասին

Կուբանի կազակների երգչախումբը պարբերաբար ելույթ է ունենում Ռուսաստանում կազմակերպվող պետական միջոցառումներին և հաճախ է զգալի նախագահական գրանտներ ստանում մշակույթի ոլորտում: Երգչախմբի հիմնական աջակցությունը ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի ընկերությունների խմբից է (գործարարը մեծացել է Կրասնոդարի երկրամասում):

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Զախարչենկոն 2018թ-ի նախագահական ընտրություններին աշխատել է որպես Վլադիմիր Պուտինի հասարակական աջակցության կրասնոդարյան շտաբի համանախագահ:

Երգչախումբը 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը «կոլեկտիվ-դեսպան» էր և Սոչիում ելույթ է ունեցել ՖԻՖԱ-ի երկրպագուների փառատոնին մրցաշարի առաջին օրը:

Կուբանի կազակների երգչախումբն Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք