Ադրբեջանում գտել են ապահարզանների դեմ պայքարի միջոցը
Պարտադիր կերպով ամուսնական պայմանգիր կնքել առաջարկել է ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Սադաղաթ Վելիևան:
Եթե առաջարկը ներառվի օրակարգում, խորհրդարանական ընթերցումներ անցնի, և նախարարը համապատասխան որոշում ստորագրի, Ընտանեկան օրենսդրությունում փոփոխություններ կարվեն: «Եթե այդ պայմանագիրը պարտադիր դառնա, ապահարզանների քանակը կկրճատվի», — ասում է Վելիևան: Ադրբեջանում ապահարզանների թիվը տարեցտարի աճում է, և պատգամավորը դրա համար մեղադրում է «պատասխանատվության բացակայությանը»:
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը կարծում է, որ ամուսնական պայմանագրերը կարող են Ադրբեջանում արմատավորվել:
«Եթե հիշենք, ապա նման մի բան արվել է, սակայն դա մեզ ցնցումների մեջ էր գցում: Օրինակ, դա արտահայտվել է «ղալիմի» տեսքով, երբ աղջկա ունեցվածքը վկաների ներկայությամբ գույքագրվել է: Ամուսնական պայմանագրեր կան նաև շարիաթի իրավունքում: Ընդ որում, կնոջը պետք է փոխհատուցում տրվի՝ նախապես պայմանավորված չափով: Փոխհատուցում նախատեսված է նաև կնոջ նախաձեռնությամբ իրականացված ապահարզանի դեպքում», — ասում է նա:
Կարդացեք նաև.
- Ալիևի մեդիաճնշումները դուրս են գալիս Ադրբեջանի սահմաններից
- Թուրքերը տոնում են, քրդերը՝ հիշեցնում. ի՞նչ է կատարվում Սիրիայում
- Ադրբեջանի սկանդալային գործարքները բացահայտվում են. Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել
«Սակայն, ըստ էության, ամուսնական պայմանագրերը, որոնք կնքվում են Իրանի պես մուսուլմանական երկրներում, եթե կողմերն ուշադիր հետևեն դրանց կազմմանը, կարող են չեղարկել փոխադարձ պահանջների մեծ մասը: Այնպես որ, մեր ոչ վաղ անցյալում և հարևան երկրներում նման նախադեպեր կան, որոնք կարող են պատասխանել այն միֆին, թե ամուսնական պայմանագիրը եվրոպացիների հորինածն է», — ասել է Զեյնալովն «Էխո» թերթին տված հարցազրույցում:
Ադրբեջանում ապահարզանների քանակն իրոք աճում է: Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2010թ-ին 1000 մարդուն բաժին էր ընկնում 8.9 ամուսնություն և ընդամենը 1 ապահարզան: Իսկ արդեն 2016թ-ի տվյալներով՝ այդ ցուցանիշները կազմում են 6.9 ամուսնություն և 1.4 ապահարզան 1000 մարդու կտրվածքով, այսինքն՝ ապահարզանների քանակն աճել է 40 տոկոսով: 2017թ-ի տարեվերջյան տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն, ըստ 8 ամսվա արդյունքների, 1000 մարդու հաշվարկով ապահարզանների քանակը հատել է 1.5-ի սահմանը: