Բալկաններում մեծ պայթյուն է հասունանում

Բալկաններում մեծ պայթյուն է հասունանում

2017-ի հունիսին Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Առաջին հայացքից ոչ այդքան հետաքրքիր այս լուրն իրականում բալկանյան նոր ու մեծ լարվածության նախերգանքն էր:

2017-ի հուլիսին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը մի կողմից սենսացիոն, մյուս կողմից շատ սպասելի բացահայտում հրապարակեց. ռուսական հատուկ ծառայություններն ավելի քան 10 տարի փորձել են թույլ չտալ բալկանյան մեկ այլ երկրի՝ Մակեդոնիայի հասարակության միասնությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարցում: Հրապարակված փաստաթղթերից պազ է դառնում, որ Ռուսաստանին օգնել է Սերբիան: Նպատակը՝ մակեդոնացի ազգայնականների միջոցով ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը կաթվածահար անելն էր:

Իսկ այդ ճանապարհն անցնում էր մակեդոնա-հունական համաձայնությամբ: 1990-ականներին, Հարավսլավիայի մասնատումից հետո Հունաստանն արգելում էր Մակեդոնիային կրել այդ անունը, քանի որ Հունաստանի հյուսիսային սահմանամերձ նահանգը նույնպես կոչվում է Մակեդոնիա: Բացի այդ, Մակեդոնացին հույն էր, իսկ նախկին Հարավսլավիայի մասը կազմող Մակեդոնիայի բնակչության մեծ մասը սլավոններ ու մուսուլման ալբանացիներ են:

Խնդիրը 26 տարի չէր լուծվում, Հունաստանը վետո էր կիրառում ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության դեմ, պահանջում էր փոխել երկրի անունը, և ահա այս տարի ի վերջո համաձայնությունը ձեռք բերվեց: Մակեդոնիան, որը պաշտոնապես ստիպված կրում էր Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն երկար ու անիմաստ անվանումը ստացավ նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անունը և բաց ճանապարհ դեպի ՆԱՏՕ:

Ուշագրավ զուգադիպությամբ համաձայնության օրերին Մոսկվան ու Աթենքը դիվանագիտական խժդժությունների մեջ հայտնվեցին: Դիվանագետներին հետ կանչելու սկանդալի իրական պատճառներն այդպես էլ անհասկանալի մնացին:

Մակեդոնա-հունական փոխզիջումային համաձայնությունից հետո Մակեդոնիայում հանրաքվե հայտարարվեց՝ երկրի նոր անունը հաստատելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:  Քվեարկությունը տեղի ունեցավ այս կիրակի: Մակեդոնացիների միայն 35 տոկոսը մասնակցեց դրան, ինչն ավելի լարեց վիճակը, քանի որ ազգայնականները (ում անցած տարվա բացահայտումների համաձայն աջակցում են սերբերն ու ռուսները) հայտարարեցին, որ հանրաքվեին չմասնակցածները դեմ են ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Հիմա մակեդոնացի ազգայնականները, որոնք դեմ են երկրի անվանափոխությանը և փոխզիջումային տարբերակին, պահանջում են չեղարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը՝ հիմնավորելով, որ երկրի 65 տոկոսը հանրաքվեին չի մասնակցել, հետևաբար դեմ է:

Նույն օրը՝ 2018-ի սեպտեմբերի 30-ին Սոչիում Վլադիմիր Պուտինը ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկին: Բոսնիայի կազմի մեջ մտնող սերբական ինքնավար միավորի ղեկավարը Պուտինին դժգոհել է արևմտամետ բոսնիացիներից և ասել, որ հոկտեմբերի 7-ին, Պուտինի ծննդյան օրը, Բոսնիայում ընտրություններ են: ՌԴ նախագահն էլ հույս է հայտնել, որ Բոսնիայի սերբերը իր ծննդյան օրվա առթիվ «նվեր կմատուցեն՝ օրինական ընտրություններ անցկացնելով»:


Կարդացեք նաև.


Սրանից առաջ էլ Սերգեյ Լավրովն էր մեկնել Բոսնիայի Սերբական Հանրապետություն:

Հաջորդ ահազանգը՝ Կոսովոյի հատուկ ծառայությունները մոտեցել են Սերբիայի սահմանին գտնվող լճին, որի վրա գտնվող ՀԷԿ-ը տնօրինում են սերբերը, ինչին ի պատասխան Սերբիայի նախագահը երկրի զինված ուժերը բերել է բարձր պատրաստության ու դիմել Ռուսաստանին օգնության խնդրանքով ու վաղը, ամենայն հավանականությամբ, Սերբիայի նախագահը կհանդիպի Պուտինի հետ:

Այսպիսով, Բալկաններում 3 առանձին ճգնաժամ է հասունանում՝ Մակեդոնիայում նախօրեին տեղի ունեցած հանրաքվեն, հոկտեմբերի 7-ին Բոսնիայում սպասվող ընտրություններից առաջ այդ երկրի սերբական հանրապետության ղեկավարի այցը Սոչի ու բողոքը Պուտինին, Սերբիա-Կոսովո նոր լարումն ու կրկին օգնության կոչը ռուսներին: Մոսկվան առանցքային տեղ ունի այս բոլոր ճգնաժամերում, բայց խոսքը վերաբերում է երկրների, որոնք ընթանում են դեպի ՆԱՏՕ:

Ռուս-ամերիկյան առճակատումը բալկաններում նոր չէ, բայց այժմ հատուկ ծառայությունների գաղտնի դաշտից այն դուրս է գալիս հրապարակային, բաց թատերաբեմ: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, բալկաններին սպասում են նոր խնդիրներ: Ամենավատատեսական սցենարով՝ նոր Սիրիա կամ Ուկրաինա:

1990-ականներին ռուսների շահերը բալկաններում ոչ ոք հաշվի չէր առնում: Միակ վճռական քայլը, որ կատարեց Մոսկվան այդ տարիներին, վարչապետ Եվգենի Պրիմակովի ամերիկյան այցի չեղարկումն էր Բելգրադի ռմբակոծության պատճառով: Ղրիմից և Սիրիայից հետո Կրեմլում, հնարավոր է, որոշել են անցնել Բալկաններում 20 տարի առաջ կորսված շահերի վերականգնմանը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք