Այս պաշտոնից ինքնուրույն չեն հեռանում. Մեդվեդևի անունից 10 տարի խոսողի պատմությունը

Այս պաշտոնից ինքնուրույն չեն հեռանում. Մեդվեդևի անունից 10 տարի խոսողի պատմությունը

Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան սեպտեմբերի 17-ին ազատվեց աշխատանքից և գործի անցավ «Վնեշէկոնոմբանկում»:

Պետծառայությունում 19 տարի անցկացրած նախկին լրագրողը հասցրեց լինել Պուտինի «Խոսող գլուխը», «իրավահաջորդների պրայմերիզում» Մեդվեդևի հետ հաղթել Սերգեյ Իվանովին, կոնֆլիկտի մեջ մտնել “Наши” շարժման և Վլադիմիր Սուրկովի հետ:

Հրաժարականից մի քանի օր առաջ Նատալյա Տիմակովան նստած էր Սպիտակ տան վեցերորդ հարկի իր մեծ աշխատասենյակի բազմոցին, ինչպես միշտ` խիստ ոճի զգեստով և բարձրակրունկներով: Սեղանին ամսագրեր էին և բացիկներ` Իգոր Սեչինից: Այստեղ Տիմակովան անցկացրել է վերջին վեց տարին: Զննելով աշխատասենյակը, կատակով խորհրդածում էր` դրանից քանի անգամ փոքր կլինի բանկում իր սենյակը: «ՎԷԲ-ում հիմա շատ ժողովրդավար են` ապակե սենյակներ, ամեն ինչ բոլորի աչքի առաջ: Կարծում եմ, բանկի ղեկավարի սենյակը երկու անգամ փոքր է, քան իմն է հիմա»,-ասում էր Նատալյան:   

Հեռանալու լուրից հետո նրա հեռախոսը չէր լռում: Շնորհակալություն հայտնեց հերթական զանգողին, և, լսափողը դնելուց հետո ասաց. «Կարծես մարդ է մեռել: Այս պաշտոնից ինքնուրույն չեն հեռանում,- ընդգծված ուշադրությունը այդպես բացատրեց,- տարօրինակ զգացում ունեմ` ծնունդի կամ թաղման. մի մասը շնորհավորում է, մյուս մասը` ցավակցում»:

Նատալյա Տիմակովան ծնվել է Ալմա Աթայում: Մի անգամ խոստովանեց, որ հպարտանում է, որ ծնվել է Խորհրդային միության երկրներից մեկում: Մեծացել է, սակայն, մերձմոսկովյան Խոտկովում, որտեղ ծնողներն աշխատում էին ինժեներա-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյում:  Ընտանիքը համեստ էր ապրում: Հինգերորդ դասարանում գնված «Սալյուտ» հեծանիվը համարվում էր խոշոր գնում, իսկ երբ մեկ տարի անց այն գողացան, Տիմակովան ամբողջ օրը լացեց:

1982 թվական, Նատալյա Տիմակովան առաջին դասարանցի է / անձնական արխիվ

9-րդ դասարանում նա վերադառնում է  Ալմա Աթա, որպեսզի սովորի նոր վարժարանի պատմա-փիլիսոփայական բաժնում: Հետագայում ընդունվում է Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ:

1995-ին նրա մայրը «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթում տեսնում է մի հայտարարություն, որ պահանջվում են թղթակիցներ: Երկրորդկուրսեցուն փող էր պետք. «Ընդունելության ժամանակ ես միակ աղջիկն էի: 13 տղաները շատ ինքնավստահ էին, իրենց Հեմինգուեյ էին զգում: Ինձ անծանոթ ազգանուններ էին հնչեցնում… Կարծեցի, որ առանձնապես հույս չունեմ, բայց կփորձեմ»: Նատալյայի պատմելով` «հեմինգուեյների» կեսը գնաց` լսելով առաջին առաջադրանքը` զրուցել վետերանների հետ: Նրանք ծրագրում էին գրել կառավարության և նախագահի մասին:

Տիմակովան սկսեց գրել թերթի համար, սկզբում որպես ստաժոր, հետո որպես արտահանստիքային հեղինակ: Տիմակովան այդ թերթում աշխատեց 2.5 տարի: Հենց այդտեղ էլ հանդիպեց իր ապագա ամուսնուն` Ալեքսանդր Բուդբերգին. «Սաշան այն ժամանակ հայտնի լրագրող էր, գրում էր քաղաքական թեմաներով, ռեպորտաժներ անում Չեչնիայից, անձամբ գիտեր այն ժամանակվա ղեկավարներից շատերին»:

1996-ին սկսվեց Ելցինի քարոզարշավը: Փորձառու լրագրողները, Տիմակովայի խոսքով, այդքան էլ չէին ուզում նրա հետ թռչել երկրով մեկ: Այդպես նա հայտնվեց նախագահական պուլում: Ռուսաստանի նախագահի հետ նա եղավ 20 քաղաքներում: «Բորիս Նիկոլաևիչը 250 տոկոսով էր տրվել քարոզարշավի տեմպին: Իսկ մենք` երիտասարդ, առողջ լրագրողներս, ուղղակի փլվում էինք: Երբեմն արթնանում ու չէինք հասկանում` որ քաղաքում ենք, գործուղման որերորդ օրն է»,- քարոզարշավը նկարագրում է Նատալյան:

Նախագահական պուլը լավ դպրոց էր. Նատալյան հիշում է, որ գործուղումների ժամանակ սովորում էր փորձառու լրագրողներից`ինչպես են վերլուծում իրավիճակը, ինչպես են իրենց պահում, ինչ սկզբունքներ ունեն:

1998 թվական, Հռոմ: Առաջին փոխվարչապետ Բորիս Նեմցովը, նախագահ Բորիս Ելցինի մամուլի քարտուղար Սերգեյ Յաստրժեմբսկին, լրագրողներ Նատալյա Տիմակովնա (առաջին պլանում), Ելենա Դիկուն (աջից վերջինը), Տատյանա Մալկինան (աջից երկրորդը), Վերա Կուզնեցովան (ձախից վերջինը) և Ելենա Տրեգուբովան:

 

 

 

 

 

Տիմակովան մեկն էր այն լրագրողներից, որոնց Ելցինն ու նրա կինը պաշտոնաթողությունից հետո հրավիրում էին իրենց ծննդյան օրերին: Բորիս Ելցինն այդ մասին իր` «Նախագահական մարաֆոն» գրքում էլ է գրել. «Նաինան գիշերը չի քնել, տորթ է թխել, որ հյուրասիրի լրագրողներին: «Կոմերսանտի» աղջիկները ինձ նվիրեցին իրենց թերթի հատուկ թողարկումը` 50 օրինակ, որտեղ մեկտեղված էին իմ մասին իրենց լավագույն հոդվածները»:

Հիմա Տիմակովան ընդգծում է, որ իդեալական աշխատանքի օրինակը Ելցինի օրոք էր, որը դեմ էր մամուլի հետ հաշիվներ մաքրելուն:

«Ինտերֆաքսը» նոր քայլ էր դեպի կարիերա: Երբ Նատաշան գնաց «Ինտերֆաքս», արդեն պարզ էր, որ նա առաջ կգնա` նախագահական ապարատ: Կես տարի անց Տիմակովային, իրոք, առաջարկեցին նոր, շատ ավելի հետաքրքիր պաշտոն:

«Հիմա` տարիներ անց, ես հասկանում եմ, որ լրագրող լինելը չէր իմ կոչումը: Երբ եկա նախագահի աշխատակազմ, հասկացա, որ դրանով ավելի շատ եմ ուզում զբաղվել»:

ԿԱՆԱՑԻ ԿԵՐՊԱՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՐ

Տիմակովան 24 տարեկանում նշանակվեց կառավարական տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ: Ենթադրվում էր, որ նա դառնալու է Սպիտակ տան «պաշտոնապես խոսող գլուխը», միաժամանակ կլինի նորանշանակ վարչապետ Պուտինի խոսնակը: «Կոմերսանտը» գրեց. «Պուտինը երկար էր տատնվում` արժե՞ մամուլի քարտուղարի պաշտոնում կին նշանակել, այն էլ այդքան երիտասարդ: Հետո նրան համոզեցին, որ հենց կինը կկարողանա մեղմել իր չափազանց կոշտ կերպարը»:

Տիմակովային, սակայն, պաշտոնապես չնշանակեցին Պուտինի խոսնակի պաշտոնում: Բայց նա պահպանեց աշխատանքն աշխատակազմում: Ելցինի պաշտոնաթողությունից հետո, երբ Պուտինը դարձավ նախագահ, Նատալյան նշանակվեց նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ:

Այսօր, հիշելով Պուտինի մամուլի խոսնակ լինելու օրերը, Տիմակովան ասում է. «Չեմ սրտնեղել, որ ինձ չնշանակեցին: Այդքան երիտասարդ աղջիկը չէր կարող վարչապետի խոսնակ լինել: Ես հասկացա, որ պատրաստ չեմ այդ աշխատանքին. մարդկանց հետ շփվելու, փորձի և գիտելիքի պակաս կար: Աշխատակազմում էլ դա հասկացան, և ես կարծում եմ, որ ինձ հետ շատ կոռեկտ վարվեցին»:

2006 թվական, Նատալյա Տիմակովան փոխարինում է արձակուրդում գտնվող Վլադիմուր Պուտինի մամուլի քարտուղար Ալեքսեյ Գրոմովին:

Չնայած Պուտին խոսնակի պաշտոնում առաջին անհաջողությանը, Տիմակովան շատ արագ դասավորեց իր կարիերան: Զբաղեցնելով ֆորմալ առումով ոչ այդքան բարձր պաշտոն, նա, փաստորեն, դարձավ խոսնակ Գրոմովի վարչությունում երկրորդ մարդը: Ընդ որում, հենց նա էր որոշում` ո′ր լրատվամիջոցին հրավիրել ասուլիսներին, ո′ր լրագրողին տանել նախագահի հետ գործուղումների:


Կարդացեք նաև.


ՎԱՐՉԱԿԱԶՄՆ ԻՆՁ «ԿՑԵՑ» ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

Տիմակովայի աշխատանքը Մեդվեդևի հետ սկսվեց նախքան նրա նախագահ դառնալը: «Շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր 2006-08-ը, երբ Մեդվեդևը դարձավ փոխվարչապետ, և վարչալազմն ինձ կցեց նրան, որպեսզի օգնեմ մամուլի հետ աշխատելիս: Շատ լավ փորձ էր, մեծ աշխատանք, որի համար ես չեմ ամաչում»: Տիմակովային թվում էր, որ մյուս փոխվարչապետի` Իվանովի, բլոկն ավելի տպավորիչ է. բանակ, մոդեռնացում: Դրա ֆոնին Մեդվեդևն իր գյուղատնտեսությամբ, գիտությամբ ու առողջապահությամբ քիչ շահեկան էր երևում: Բայց 2007-ին Պուտինը հենց նրան ընտրեց որպես իրավահաջորդի: Մեդվեդևի քարոզարշավի ժամանակ Տիմակովան համարվում էր նրա մտերիմներից մեկը:

Նախագահ ընտրվելուց հետո Մեդվեդևը Տիմակովային նշանակեց մամուլի քարտուղար:

Մեդվեդևի նախագահության ժամանակաշրջանի` իր ամենակոպիտ սխալը Տիմակովան համարում է բադմենտոնի մասին տեսահոլովակը: «Այդ խաղն օգնում է լուծել տարբեր խնդիրներ: Նա, ով լավ խաղում է բադմենտոն, արագ է լուծումներ գտնում»,-հոլովակում պատմում էր Մեդվեդևը: Տեսահոլովակը ցուցադրվեց Մեդվեդևի` երկրորդ ժամկետում  առաջարվել հրաժարվելուց մեկ ամիս անց. Մեդվեդևը Պուտինին հրապարակայնորեն առաջարկել էր առաջարվել երրորդ անգամ: Հիասթափությունների ու դժգոհությունների ֆոնին բադմենտոնի վիդեոն հեգնական մեկնաբանությունների տեղիք տվեց: «Իմ սխալն այն էր, որ ես ժամանակին չհասկացա, որ մարդկանց տրամադրությունները փոխվել են, և Մեդվեդևին առաջարկեցի ֆորմատ, որը կես տարի առաջ 100 տոկոս հաջողություն կունենար»:

Նախագահին լուսաբանող լրագրողներներից մեկը պատմում է, որ Մեդվեդևը բաց էր մամուլի համար, և դրանում քիչ չէր Տիմակովայի դերը: Նախագահը հաճախ էր հանդիպում լրագրողների հետ, պատասխանում ցանկացած հարցի: Տիմակովան առանձնանում էր իմիջային քայլերով. նախագահական պուլ էր ընդգրկում ընդդիմադիր բլոգերների, Մեդվեդևն այցելում էր Իսրայելում բուժվող լրագրողին, որը հարձակման էր ենթարկվել: «Իմիջային այդ քայլերով Տիմակովան Մեդվեդևին «ձևավորում էր» որպես նախագահի: Տիմակովան ոչ միայն մամուլի քարտուղար էր, այլ նաև նախագահի իմիջմեյքեր: Մեդվեդևը նրան լսում էր»: Մեկ այլ լրագրող պատմում է, որ Նատալյան կարևոր հատկանիշ ուներ. լինելով իշխանության մեջ, նա մնում էր լրագրողների լավ ընկերուհին: Լրագրողների նոր սերունդը պնդում է, որ ընկերության մասին խոսք չկա: Նրա ընկերները` նախկին գործընկերներն են:

2018-ին Պուտինի վերընտրվելուց և կաբինետը թարմացնելուց հետո Տիմակովային անվանում էին կառավարության «վերջին լիբերալ»:

Հեռանալու որոշումը հասունացել էր վերջին երեք տարիներին, և կառավարության փոփոխությունը լավ առիթ էր: Մեդվեդևին ասաց, որ ցանկանում է փոխել գործունեության ոլորտը: Վարչապետը ըմբռնումով ընդունեց: Իր հնարավոր իրավահաջորդների ցանկը Տիմակովան է կազմել:

meduza


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք