Ինչպե՞ս երեխաների հետ խոսել փողի մասին

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել փողի մասին

Երեխաները սկսում են ճանաչել փողը 2-3 տարեկանում: Սովորաբար նրանց գրավում են թղթադրամի վառ գույները: Նրանց համար փող հաշվելը խաղ է:

5-6 տարեկանում նրանց ձեռքում հայտնվում են առաջին սեփական թղթադրամները. տատիկն է նվիրում ծննդին, մայրիկն է գումար տալիս պաղպաղակի համար, կնքահայրն է խրախուսում լավ սովորելու համար: Տարին տարվա վրա գրպանի փողն ու այն ծախսելու ազատությունն ավելանում է: Երեխաները չեն պլանավորում, թե ինչպես այն տնօրինել, չեն կարողանում խնայել կամ փող հավաքել:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք փոքր տարիքից գրպանի փող են ունենում, ավելի հաջողակ են և բավարարված իրենց կյանքով: Նրանք, որ վաղ հասակից յուրացնում են բյուջեն կառավարելու և նպատակին  հասնելու հմտությունները, մեծ տարիքում ավելի լավ են գլուխ հանում ֆինանսական կյանքից:

Ֆինանսական գրագիտության ժամանակացույց

Որքան շուտ է երեխան փող տնօրինելու փորձ ձեռք բերում, այնքան մեծ տարիքում ավելի խելամիտ է ու դիմացկուն ֆինանսական ցնցումների ժամանակ: Սա, իհարկե, չի նշանակում, որ հղիության շրջանում կինը պետք է ֆինանսական տեղեկատու յուրացնի, իսկ հեքիաթի փոխարեն Ուորեն Բաֆեթ կարդա փոքրիկին: Ամեն տարիքի համար մոտեցումը տարբեր է:

3-4 տարեկան

  • Ա. Երեխային բացատրեք «թանկ» և «էժան» հասկացությունները: Օրինակ՝ այս տուփում 58 խորանարդ կա, դրանք ավելի էժան են, քան տասը խորանարդը:
  • Բ. Բացատրեք, որ ամեն ապրանք իր գինն ունի: Սկզբում վճարում ենք, հետո վերցնում այն:
  • Գ. Սովորեք պայմանավորվել երեխայի հետ: Օրինակ՝ խանութ գնալիս պայմանավորվեք, որ միայն մեկ խաղալիք են գնելու, բայց նրա ընտրածը:

5-7 տարեկան

  • Ա. Երեխային սովորեցրեք ինքնուրույն առևտուր անել: Սկզբում ձեր հսկողությամբ թող լինի, հետո տվեք նրան անհրաժեշտ գումարը և ուղարկեք խանութ: Եվ, ի վերջո, տվեք նրան ապրանքների ցուցակը և գումարը, որի մեջ նա իր տնօրինությամբ կտեղավորվի:
  • Բ. Սովորեցրեք երեխային խնայել: Մանրը հավաքեք գանձանակում և գումարի օգտագործման կանոններ սահմանեք: Օրինակ՝ գանձանակից փող հանել ամիսը մեկ անգամ: Ժամանակ առ ժամանակ երեխային թույլ տվեք ընտրություն անել թանկ և էժան իրերի միջև: Բացատրեք, որ թանկարժեք իր գնելու համար պետք է փող հավաքել:
  • Գ. Ցույց տվեք, թե ինչպես սահմանել առաջնահերթությունները: Կարող եք, օրինակ, ասել. «Ես գնեցի մեկ լիտր կաթ և ոչ փոքրիկ քաղցր յոգուրտ, որովհետև կաթից կարելի է շիլա պատրաստել, որը կուտես դու, փոքրիկ եղբայրդ և տատիկ-պապիկը»:

7-10 տարեկան

  • Ա. Երեխային պարբերաբար խանութ ուղարկեք: Դա ոչ միայն ինքնուրույնությունն ու պատասխանատվությունն է զարգացնում, այլև օգնում է անհրաժեշտ իրերի ցուցակ կազմել, կտրոնները ստուգել:
  • Բ. Զարգացրեք գրպանի փողը տնօրինելու հմտությունները: Եթե բարեկամները կամ ընկերները երեխային փող են նվիրել, հետևեք, թե ինչպես է ծախսում: Եթե ամբողջը շոկոլադի վրա է ծախսել, ուրեմն դեռ պետք է սովորեցնեք խնայել:
  • Գ. Սովորեցրեք երեխային որոշ ֆինանսական տերմիններ՝ ընտանեկան բյուջե, զեղչ, կրեդիտ: Պետք չէ դասախոսություն կարդալ: Պարզապես բացատրեք, երբ խոսքում օգտագործում եք դրանք:

Կարդացեք նաև․


11-14 տարեկան

  • Ա. Կարգավորեք գրպանի փողերի շրջանառությունը: Օրինակ՝ պայմանավորվեք, որ ամեն շաբաթ երեխան որոշակի գումար է ստանում, որից նա պետք է գումար տրամադրի տրանսպորտի և լանչի համար: Մնացածն էլ կարող է իր հայեցողությամբ ծախսել:
  • Բ. Հնարավորություն տվեք դեռահասին փող աշխատել: Նա պետք է զգա գնի ու արժեքի տարբերությունը:

15-18 տարեկան

  • Ա. Օգնեք դեռահասին գործ գտնել: Բարձր դասարաններում նրանք արդեն պետք է սկսեն փող աշխատելու փորձառություն ձեռք բերել: Դա օգնում է ոչ միայն փողի գինը հասկանալ, այլև կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում:
  • Բ. Մի խառնվեք դեռահասի անձնական բյուջեին: Ինքնուրույն աշխատած փողն ինքը պետք է ծախսի, թեկուզ հիմարության վրա: Հակառակ դեպքում տարիքն առած ժամանակ էլ նա երեխայական սխալներ է գործելու:

LIFEHACKER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք