Ինչպե՞ս օժտված երեխա դաստիարակել

Ինչպե՞ս օժտված երեխա դաստիարակել

Ի՞նչ է պետք իմանալ տաղանդավոր երեխային ճիշտ դաստիարակելու և նրան երջանիկ մանկությունից չզրկելու համար

Ո՞ր երեխաներն են համարվում օժտված

Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան յուրահատուկ է, նրա յուրաքանչյուր հաջողությունը` նույնպես: Սակայն մինչև երեխայի 3 տարեկանը, օժտված լինելու մասին խոսելը վաղ է: 4-5 տարեկանից հետո միայն կարելի է որոշ հատկություններ նկատել. եթե Ձեր երեխան որևէ ոլորտում իր հասակակիցներից ավելի մեծ հաջողությունների է հասնում, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխայի հաջողություններին:

«Ապագա օլիմպիական չեմպիոնը հիանալի կոորդինացիա է ունենում, օպերային երգիչը` կարողանում է ճիշտ վերարտադրել երաժշտությունը, ինժեներն ու ծրագրավորողն էլ աչքի է ընկնում իրերը քանդել-հավաքելու հանդեպ սիրով»:

Տանը հետևեք փոքրիկի վարքին, հարցուփորձ արեք տատիկներին, մանկապարտեզի դաստիարակներին: Երեխաները ենթագիտակցաբար նախընտրում են զբաղվել նրանով, ինչն իրենց մոտ մյուս երեխաներից ավելի լավ է ստացվում: Հոգեբանության մեջ սա կոչվում է հակում:

Ո՞ր տարիքից և ինչպե՞ս զարգացնել այդ հնարավորությունները

Տաղանդը երկար ժամանակ կարող է «քնած» մնալ, հատկապես երբ երեխաները դրանք արտահայտելու հնարավորություն չեն ունենում: Երեխան, որը երբեք ջրաներկով չի նկարել, դժվար, թե նկարիչ դառնա: Այդ պատճառով ձեր հիմնական խնդիրը ոչ թե տաղանդը զարգացնելն է, այլ` երեխայի համար բազմազան հնարավորություններ ստեղծելը:

Ճամփորդեք, պատկերասրահներ ու տարբեր խմբակներ այցելեք, բայց մի պնդեք, որ երեխան պարտադիր երաժշտությամբ զբաղվի, եթե նկատում եք, որ մի քանի դասաժամերից հետ երեխայի մոտ հետաքրքրություն այլև չկա: Եթե երեխայի աչքերը փայլում են, ուրեմն` ճիշտ ուղու վրա եք: Բայց նույնիսկ այս դեպքում երեխային չի կարելի ծանրաբեռնել: Երեխայի նյարդային համակարգը տեղեկության մեծ ծավալին պատրաստված չէ ու չափազանց մեծ ծավալն ու ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Երեխան շատ շուտ կկորցնի հետաքրքրությունը նույնիսկ ամենասիրելի զբաղմունքի հանդեպ:

Լավ ուսուցչի ընտրությունը նույնպես շատ կարևոր է: Հիշեք` տաղանդը պետք է ծառայի երեխային, ոչ թե` հակառակը: Անհրաժեշտ է համատեղել երեխայի տաղանդը զարգացնելու վարժանքները հետաքրքիր ժամանցի ու լավ տրամադրության հետ:  

Ասում են` հաջողության հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է, իսկ տաղանդը հաջողության միայն փոքր մասն է կազմում:  Փոքր քայլերով առաջ շարժվեք, կարևորը` փոքր քայլերը լինեն հետևողական աշխատանքի արդյունքը, դրանք շատ արագ մեծ հաջողության կհանգեցնեն:


Կարդացեք նաև.


Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ծնողներին օժտված երեխայի ուսուցման մասին

Օժտված երեխան գրեթե միշտ սովորական սցենարի շրջանակում չի տեղավորվում, ծնողներն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն երեխայի վարքին ու հնարավորինս շատ հոգատարություն ցուցաբերեն, աջակցեն, սատարեն երեխային:

Պետք է պատրաստ լինեք դպրոցում ուսման հետ անխուսափելի խնդիրներին բախվելուն. որպես կանոն դպրոցական ծրագիրը «վունդերքինդի» համար չափազանց «նեղ ու ճնշող» է:

Հիշեք, որ վատ գնահատականի համար բարկանալ ու երեխային պատժել չի կարելի: Ավելի լավ է փորձեք օգնել նրան անհասկանալի թեմաներն ուսումնասիրելու և հասկանալու հարցում: Մոլբերտի մոտ ժամեր անցկացնող երեխայի համար մաթեմատիկայի կամ երաժշտության առարկայից վատ գնահատական այդքան էլ մեծ նշանակություն չունեն:

Ո՞ր սխալներից պետք է խուսափել

Տաղանդն ու սիրելի զբաղմունքն, իհարկե, կարևոր են, բայց չպետք է թույլ տաք, որ այն վերածվի երեխայի կյանքի միակ և անփոխարինելի մասնիկի:

Հիշեք` նույնիսկ ամենաօժտված ու տաղանդավոր երեխան, ընդամենը փոքրիկ երեխա է, որի համար զբոսանքները, հանգիստը, չարաճճիությունն ուղղակի անհրաժեշտություն են:

Եվ մեկ կարևոր խորհուրդ ծնողներին

Ձեր երեխաների տաղանդը հարգեք, բայց ոչ մի դեպքում հասակակիցներից մի առանձնացրեց, այլապես գոռոզ եսասերի կմեծացնեք:

Հանճարների դաստիարակության գործում ձեզ հաջողություն ենք մաղթում:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք