BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Լուկաս Բերֆուս. «Կոալա»

[Շարունակությունը՝ գրքում] Լուկաս Բերֆուս. «Կոալա»

Ինձ հրավիրել էին իմ հայրենի քաղաք, որպեսզի դասախոսություն կարդամ մի գերմանացի բանաստեղծի մասին, ով երկու հարյուր տարի առաջ՝ նոյեմբերյան մի օր, Բեռլինում՝ Վան լճի ափին, մի գոգահովիտ էր որոնել, որտեղ նախ մի գնդակ իր ընկերուհու՝ Հենրիետե Ֆոգելի սրտին, ապա մեկն էլ իր բերանի մեջ էր կրակել: Քաղաքապետարանի մեծ դահլիճում, որը կենտրոնական հրապարակում գտնվող տասնվեցերորդ դարի մի հսկայական շենքում էր, ես պետք է մտքեր արտահայտեի այդ մարդու և նրա ստեղծագործության մասին, և քանի որ քաղաքը փոքր էր, իսկ պանդոկներն էլ վաղ էին փակվում, ու դասախոսությունից հետո չափազանց ուշ կլիներ կարգին ընթրիք գտնելու համար, մենք երեկոյան ժամը վեցին մոտ նստեցինք մի ռեստորանում՝ այն գետի ափին, որը երկու բազուկներով անցնում էր այդ քաղաքի միջով:
Կես ժամ անց, երբ ճաշն արդեն պատվիրված էր, նրանց կողքին, որ կազմակերպել էին այդ պատեհությունը, հայտնվեց իմ եղբայրը և միացավ մեզ: Ես նրան մի քանի շաբաթ առաջ էի զանգել և տեղեկացրել հին հայրենիք իմ այցելության մասին, չնայած վստահ էի, որ դասախոսությանս բովանդակությունը՝ տասնութերորդ դարավերջի գերմանացի բանաստեղծի առեղծվածային, մասամբ դժվար հասկանալի ստեղծագործությունը, նրան քիչ կհետաքրքրեր: Մենք իրար տեսնելու առիթ հազվադեպ էինք ունենում. եղբայրս այդ քաղաքից գրեթե դուրս չէր գալիս, որտեղից ես ոչ այնքան իմ կամքով քսաներեք տարի առաջ էի հեռացել ու դրանից հետո խուսափում էի վերադառնալուց: Մենք շատ տարբեր կյանք էինք վարում և բացի մայրիկից ու մի քանի ոչ միայն հաճելի մանկական և պատանեկան հուշերից՝ մեզ քիչ բան էր կապում, սովորաբար երկու ժամը բավական էր որպես եղբայրներ իրար հետ կապը բոլորովին չկտրելու և այդ անխռովպարտականությունը կատարելու համար:
Արթուր Միլլեր. «Սալեմի դատավարությունը»


  • Սալման Ռուշդի. «Կեսգիշերի զավակները»




  • Սոնյա Շրայբեր Վայց. «Խոստացա, ես կպատմեմ»






  • Դասախոսությունը տեղի ունեցավ. իմ օգնությամբ հարություն առավ մի տղամարդու պատկեր, որին, ինչպես նա ինքն էր ձևակերպել, երկրի վրա ոչինչ չէր կարող օգնել, այն նախկին զինվորի պատկերը, որը թափառող հրի նման ճամփորդել էր Եվրոպայում և նավաբեկման ենթարկվելով մի քանի ամիս ապրել Աար գետի կղզու վրա գտնվող այս քաղաքում, որը համարյա քաղաքացիական պատերազմի մեջ էր եղել, և տրվել էր պարզ, համեստ գյուղացու կենսակերպին. զգայախաբություն, որին նա միայն այն պատճառով էր հետևել, որպեսզի հերթական անգամ ձախողվեր: Արդյոք այս կեցության կախարդանքն էր պատճառը, որ նա այն բռնությունների, որ տեսել ու կատարել էր որպես անչափահաս զինվոր, օրինակ՝ Մայնցի պաշարման ժամանակ, երբ աննկարագրելի կոտորած էր տեղի ունեցել, ինչպես պնդում էին բոլոր նրանք, ովքեր ներկա էին եղել, բոլորը՝ բացառությամբ այդ բանաստեղծի, և այն թնդանոթաձգության մասին միայն ամենաքաղցր հիշողություններն էր պատմում՝ չմտածելով յոթ հազար դիակների մասին, որ քաղաքի շուրջը ցաքուցրիվ ընկած էին, կամ էլ գուցե պատճառը զգացմունքների առաջին պոռթկումն էր, բայց ինչն էլ որ նրան դրդեր, չեմ կարող ասել, թե իմ անախորժ զգացումը ինչի հետ էր կապված՝ հարկադրանքի՞, որ խոսեցի կրկնակի ինքնասպանության մասին, որն ավելի լավ էր անվանել մի սպանություն և մի ինքնասպանություն, թե՞ պարզապես այն կապուտակ հուզիչ գարնանային երեկոյի: Հաստատ է միայն, որ դասախոսությունից հետո շտապեցի մոտակա պանդոկ: Դպրոցական տարիների երկու հին ընկեր ուղեկցեցին ինձ: Պանդոկը քաղաքապետարանից մի քանի քայլ հեռու էր՝ հրապարակի դիմաց, և ես չգիտեմ, թե կարելի՞ է նշանակություն տալ նրան, որ այն կրում էր «Մսագործների մոտ» անունը, և ճակատամասին էլ ոսկե առյուծ էր ամրացված, առյուծ, որ մսագործի մեծ կացին էր բռնել. ամեն դեպքում առանց տատանվելու երկու– երեք բաժակ գարեջուր կուլ տվեցի՝ ամեն մեկի վրայից էլ՝ մի–մի բաժակ մաքուր շնապս: Պանդոկները, ինչպես հիշատակեցի, այն քաղաքում ժամանակին են փակվում, այնպես որ մենք պարետային ժամից հետո, արդեն մի փոքր հարբած, մի քանի շենք այն կողմ մի կիսամութ ռեստորան տեղափոխվեցինք, որտեղ կարելի էր հասնել նեղ սանդուղքով, և որտեղ, բացի երկու գրավիչ տիկիններից՝ գիշերային թագուհիներից, որոնք նստած էին բարի մոտ, մենք միակ հաճախորդներն էինք: Նրանցից մեկը ասիական գեղեցկուհի էր՝ Դեյզի անունով, որի հետ ես ծանոթություն հաստատեցի, ժամերով զրուցեցի՝ ամեն բաժակի հետ ավելի զվարճացած նրա լեզվական թերի գիտելիքներով, որոնք հրապուրիչ թյուրիմացությունների առիթ էին դառնում: Նրա համար գրավիչ էր գրողի զբաղեցնելը, իսկ ես էլ զարմացած էի, թե ինչ ուշադիր էր նա հետևում իմ դատողություններին և ինչպիսի անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում իմ ոչ այնքան հեշտ հասկանալի մեկնաբանություններին այն բանաստեղծի ստեղծագործության որոշակի առեղծվածային մասերի շուրջ: Դեյզին ասես առաջին մարդն էր, որ ըմբռնումով էր մոտենում այն հրեշավոր ստորակետին, որն այդ բանաստեղծի պատմվածքներից մեկում՝ հոր և դստեր միջև հաշտության տեսարանում, մի բոլորովին սովորական նախադասությունը վերածում է ձեռնաշարժությամբ զբաղված մոր նկարագրության, որն այդ տեսարանին ներկա է լինում այդ երկուսից աննկատ: Ամեն դեպքում Դեյզին աչքերը չէր կտրում շուրթերիցս և զվարճանում էր ձեռնաշարժությամբ զբաղվող մայրերի հանդեպ իմ հետաքրքրությամբ, ու երբ առավոտյան ժամը չորսին կանգնեցի ամայի նրբանցքում, ես ավելի քիչ ողբացի դասախոսության՝ մի քանի ժամում վատնած վարձատրության համար, քան Դեյզիի, որ վերջին գարեջրից հետո արագ հրաժեշտ տվեց՝ երեկոյան հանգստանալու համար, և ինձ մենակ թողեց իմ գրական մանրամասն դատողությունների և դեռ չվճարված հաշվի հետ:

    Գերմաներենից թարգմանեց Գայանե Գինոյանը 


    «Զանգակ» հրատարակչություն, 2018





    Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





     

    Տարածել