Ինքնասպանություն պետության օգնությամբ. Մահվան դատապարտվածը խնդրում է, որ իրեն մահապատժի ենթարկեն

Ինքնասպանություն պետության օգնությամբ. Մահվան դատապարտվածը խնդրում է, որ իրեն մահապատժի ենթարկեն

Դոզյերը առաջին մահապարտը չէ, որ հրաժարվում է պայքարել ապրելու համար, սակայն նրա գործը հատուկ ռեզոնանս ստացավ, քանի որ պետությունը ի վիճակի չէ կատարել նրա խնդրանքը: 

Հունվարի 8-ին The Marshall Project հրատարակությունը, որը գրում էր ամերիկյան արդարադատության համակարգի մասին, հրապարակել էր նյութ Սկոտ Դոզյերի մասին, ում դատապարտել էին մահվան Նեվադայում: Մեկ տարի առաջ Դոզյերը որոշել էր հրաժարվել բողոքարկումից իր գործի հետ կապված և խնդրել նահանգի իշխանություններին մահապատժի ենթարկել իրեն. այնուամենայնիվ, դատավճիռը մինչև հիմա չի իրականացվել: 


‹‹Ինձ ներում հարկավոր չէ››

2002 թ.-ի ապրիլին ջրմուղագործը Լաս-Վեգասի բնակարանում գտել էր ճամպրուկ, որից շատ վատ հոտ էր գալիս: Ճամպրուկի մեջ մարդկային մարմնի կտորներ էին և արյունոտ սրբիչ: Պարզվում է, որ դա թմրանյութերի առևտրով զբաղվող 22-ամյա Ջերեմայի Միլերի մարմինն էր: Ինչպես հաստատում է հետաքննությունը, նրան սպանել է 31-ամյա Սկոտ Դոզյերը.նա առաջարկել է Միլերին օգնել գտնել բաղադրիչներ մետամֆետամին պատրաստելու համար, որից հետո, հանդիպելով տղամարդու հետ, կրակել է նրան և գողացել 12 հազար դոլար: Դատարանը ճանաչել է Դոզյերին մեղավոր և դատապարտել մահապատժի.մինչև հիմա նա մահապարտների բանտում է անցկացրել 10 տարուց ավելի:

Դոզյերը նախընտրում է չխոսել Միլերի սպանության մասին: Նա, սակայն, The Marshall Project-ի լրագրողին հայտնել է, որ երբեք ոչ մի վատ բան չի արել ‹‹անմեղ մարդկանց››: ‹‹Եթե իմ մահապատիժը բավականություն կպատճառի (Միլերի ծնողներին), դա հիանալի է››,- ավելացրել է Դոզյերը:

Միլերի սպանության համար ձերբակալությունից հետո Նեվադայում նրան նաև դատել են Ջեյսոն Գրինի սպանության համար Արիզոնայում, և մեղավոր են ճանաչել՝ դատապարտելով 22 տարվա ազատազրկման: Դոզյերը հավաստիացնում է, որ չի սպանել Գրինին.նա ասում է, որ գտել է նրա  դին իր կցասայլի մեջ, որտեղ թողել էր այն տղամարդուն, որ մետամֆետամին պատրաստեր, և որոշել է ինքուրույն թաղել Գրինին, որ ոստիկանությունը չհայտնաբերեր, որ Դոզյերը թմրանյութ է պատրաստում:

Ի տարբերություն շատ այլ  ամերիկացի մահապարտների, Դոզյերն ունեցել է հանգիստ ու հարուստ մանկություն: Նա դեռահաս տարիքում զբաղվել է մարիխուանայի ու ԿՀՆ-ի առևտրով.հետո ամուսնացել է դպրոցական ընկերուհու հետ (նրանք որդի են ունեցել), ծառայել է բանակում, աշխատել է որպես մերկապարող, նկարել է ու վաճառել բնապատկերներ: Հիմնական գումարը Դոզյերը վաստակել է մետամֆետամին վաճառելով:

Բանտում Դոզյերը ինքնասպանության փորձ է կատարել. նա ընդունել է մեծ քանակությամբ հակադեպրեսանտներ, որից հետո երկու շաբաթ մնացել է կոմայի մեջ: Նրան դուր չէր գալիս անօգնականի կարգավիճակը, և նա որոշեց, որ ինքնասպանություն է գործել: Պատահաբար Դոզյերը թերթում կարդացել էր նյութ Ռոբերտ Կոմերի մասին, մարդասպանի, որ հրաժարվել էր իր գործի բողոքարկումից, պնդելով. ‹‹Կարծում եմ, որ իմ հաշիվները մաքրելու ժամանակն է››,- և մտածել է այն մասին, որ նույնպես կարող է այդպես վարվել: ‹‹Ես չեմ ուզում մահանալ,- բացատրում է նա: Բայց ավելի լավ է մահանալ, քան սա (մնալ բանտում մինչև կյանքի ավարտը)››:

Դոզյերը բանտում ապրում է համեմատաբար հարմարավետ: Նա պաստելներով նկարում է, զբաղվում է սպորտով (մի անգամ նույնիսկ դատավորը նրան անվանել է ‹‹աշխարհի ամենաառողջ մահապարտ››), հեռուստացույց է դիտում և երաժշտություն լսում. St. Vincent, Ռայան Գոսլինգի խումբը՝ Dead Manʼs Bones, փանկ-ռոք և մետալ: Ասում է, որ շատ վատ է զգում իրեն, և շատ ուրախ կլիներ, եթե իրեն ուղղակի տանեին բակ ու սպանեին: ‹‹Ինձ ներում հարկավոր չէ,-ասում է նա,-Օրենքը պնդում է.քեզ այդպես մի պահիր, հակառակ դեպքում մենք քեզ կսպանենք: Ես շարունակում էի ինձ այդպես պահել››:

Մահապարտներ-կամավորներ

2013 թ.-ի վիճակագրության համաձայն՝ մահվան դատապարտվածները միջինում սպասման մեջ են լինում 15 ու կես տարի, դրանից հետո նրանք կամ սպանում էին կամ էլ նրանց գործը վերանայվում էր: ԱՄՆ-ում վերջին քառասուն տարիների ընթացքում 1400 մահապատժի դատապարվածների մոտ տասը տոկոսը հրաժարվել է դիմել բողոքարկման.իրավաբանները նրանց անվանում են ‹‹կամավորներ››: Այն նահանգներում, որտեղ մահապատիժ գոյություն ունի, մահապարտներին, որոնք խնդրում են մահապատիժ, բավական է միայն ապացուցել, որ նրանք հոգեպես առողջ են:

The Marshall Project-ի նյութում հիշատակվում է  դեպք, որը տեղի էր ունեցել 1983-ին Տեխասում: Դատական լսումներից մեկի ժամանակ մահապարտն ասել է. ‹‹Եթե նրանք չեն ցանկանում ինձ մահապատժի ենթարկել, ապա ես նրանց կստիպեմ››,- որից հետո փորձել է հարձակվել ոստիկաններից մեկի վրա, որն էլ ի պատասխան սկսել է կրակել: Դատապարտյալն ապրեց.նրան մահապատժի են ենթարկել այդ դեպքից երկու տարի հետո: Բողոքարկումից հրաժարված մահապարտների թվում է նաև Տիմոտի Մակվեյը՝ ահաբեկիչ, որը պայթեցրել էր Օկլահոմա-սիթիի կառավարական շենքը 1995 թ.-ին:

The Marshall Project-ը դիմում է իրավաբանական ուսումնասիրությանը, որը եզրակացնում է հետևյալը. ամերիկյան շատ նահանգներում վերջին տարիներին մահապատիժներն ունեն առաջին հերթին միայն սիմվոլիկ նշանակություն, և չեն իրականացվում: Կալիֆոռնիայում, Թենեսիում և Փենսիլվանիայում կան հազարից ավելի մահապարտներ.վերջին քառասուն տարիների ընթացքում այդ նահանգներում մահապատժի է ենթարկվել ընդամենը 22 մարդ: Օրեգոնում, Հարավային Դակոտայում, Կոնեկտիկուտում և Նյու-Մեքսիկոյում 1970 թ.-ից ի վեր ոչ մի մահապատիժ չի իրականացել առանց դատապարտյալի ակտիվ համագործակցության: ‹‹Մենք չենք սպանում նրանց, եթե նրանք չեն համաձայնվում դրան,- ասում է Նեվադայի փաստաբաններից մեկը:-Իրականում, Դոզյերի դեպքը ինքնասպանություն է պետության օգնությամբ››:


Կարդացեք նաև․


‹‹Սա լիովին անհեթեթություն է››

2016 թ.-ի հոկտեմբերի 31-ին Դոզյերը նամակ է գրել տարածքային դատավոր Ջենիֆեր Տոլյատիին, որում խնդրում էր, որ իր մահապատիժն իրականացվի:

Վերջին մահապատիժը Նեվադայում եղել է ավելի քան տասը տարի առաջ՝ 2006-ի ապրիլին: Հիմնական խնդիրը, որին բախվել են նահանգի իշխանությունները, ստանալով Դոզյերի խնդրանքը, ինչպես գտնել նյութեր, որոնք անհրաժեշտ են մահացու ‹‹կոկտեյլ›› պատրաստելու համար: Դեղագործական ընկերությունները բավականին դժկամորեն են վաճառում իրենց ապրանքը նմանատիպ նպատակների համար.նահանգի իշխանությունները փորձել են գնել նյութեր 247 արտադրողներից, և ոչ մի ընկերություն չի համաձայնվել: Դրանից հետո նրանք հարցում են ուղարկել քրեակատարողական ծառայության դաշնային ասոցիացիա, որ պարզեն՝ այլ նահանգներում չկա՞ն ավելցուկներ, որոնցով կարող են կիսվել: Դա նույնպես ոչ մի արդյունք չի տվել:

Այդ ժամանակ որոշում կայացվեց օգտագործել նյութեր, որոնք նահանգը կարող էր գտնել: 2017 թ.-ի հուլիսին Տոլյատին կանչել է Դոզյերին դատարան և հարցրել՝ չի՞ անհանգստացնում նրան, որ մահապատիժը կարող է տանջալից լինել: ‹‹Անկեղծ ասած, բոլոր այդ մարդիկ ի վերջո մահացել են,- ասել է Դոզյերը:- Դրանում է հենց իմ նպատակը››: Ամբողջ տարին նա շարունակում էր նամակներ գրել Տոլյատիին պնդելով, որ ուզում է մահապատժի ենթարկվել.այդ նամակներում նա երբեմն կատակում էր:

Սակայն նոր ‹‹կոկտեյլի›› հետ նույնպես խնդիրներ առաջացան: Դոզյերի փաստաբանները հայտնեցին.դրա օգտագործումը կդառնա նախադեպ, և թույլ կտա նահանգին հետագայում ևս օգտագործել մահապաժի այս եղանակը, և քանի որ կա ռիսկ, որ դրա օգտագործումից որևէ բան կարող է սխալ լինել, և դա կլինի սահմանադրության խախտում, որն արգելում է անհամաչափ դաժան ու տանջալից պատիժ: 2017 թ.-ի նոյեմբերի 13-ին, մահապատժի նշանակված օրվա նախօրեին, դատավոր Տոլյատին որոշեց, որ կաթվածային դեղամիջոց ֆենտանիլը չի կարող կազմել այդ ‹‹կոկտեյլի›› մասը, և նշանակում է, որ մահապատիժն անհրաժեշտ է հետաձգել:

Դոզյերը նորից խնդրեց, որ իրեն մահապատժի ենթարկեն. նրա փաստաբանները առարկում էին, որ նրա ցանկությունները նշանակություն չունեն, եթե խոսքը պոտենցիալ հակասահմանադրական գործողությունների մասին է: Հիմա այդ հարցը պետք է լուծի նահանգի Բարձրագույն դատարանը: Թե երբ նա դրանով կզբաղվի, պարզ չէ. նահանգի գլխավոր փաստաբան Ադամ Լեկսալտը կխնդրի, որ հնարավորինս արագ լինի, քանի որ իշխանություններին հասանելի դեղամիջոցների ժամկետը լրանում է ապրիլին: Եվս մեկ հնարավոր պատճառ է նահանգապետի ընտրությունները, որը կանցկացվի 2018 թ.-ի նոյեմբերին.Լեկսալտը թեկնածուներից մեկն է:

‹‹Ես հոգնել եմ ուրիշի ձեռքերում խամաճիկ լինելուց,- ասում է Դոզյերը:- Նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսել, որ ինձ մահապատժի ենթարկեն, իսկ հետո էլի միլիոններ, որ ինձ չսպանեն: Սա լիովին անհեթեթություն է››:

Այժմ Դոզյերը դժկամությամբ վերադարձել է իր նախկին առօրյային: Նա դժգոհ է ինքն իրենից, քանի որ թույլ է տվել իր փաստաբաններին պայքարել: (‹‹Այդ հարաբերություններն ի սկզբանե կործանված էին››,- ասում է նա:) Նա գիտի, որ ոչ ոք չի ցավակցում նրան, հաշվի առնելով, թե ինչի համար է նա ստացել այս դատավճիռը: Բայց նրան մխիթարում է այն, որ նրա ընտանիքի բոլոր անդամները և մոտիկ ընկերները պատրաստվում էին այցելել նրան վերջին անգամ մահապտժից առաջ: 

MEDUZA 

Գրել կարծիք