ԵՄ-ն աջակցում է կին ձեռներեցներին Հայաստանում

ԵՄ-ն աջակցում է կին ձեռներեցներին Հայաստանում

ԵՄ-ն աջակցում է կին ձեռներեցներին Հայաստանում

Մեր օրերում կանանց դերը ողջ աշխարհի քաղաքական և տնտեսական զարգացման գործում անշեղորեն աճում է, և Հայաստանը բացառություն չէ: Վերջին տարիներին Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել կին ձեռներեցների, ովքեր ջանք և եռանդ չեն խնայում իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնելու երկրում բիզնես միջավայրի զարգացման գործում: Այս կարևոր գործում նրանց մեծապես աջակցում և նոր լիցք է հաղորդում միջազգային փորձը:

Հայաստանում ձեռներեց կանանց համար բազմաթիվ և բազմապիսի ծրագրեր է իրականացնում Եվրոպական միությունը: Այդ ծրագրերի շահառուները և Երևանից են, և հանրապետության տարբեր մարզերից: Ոլորտային սահմանափակում չկա՝ սննդի, հագուստի արտադրությունից մինչև ծառայությունների ոլորտ: Եվրոպական միությունը նրանց համար մշակում է դրամաշնորհային ծրագրեր, մրցույթներ է հայտարարում և լավագույն գաղափարի հեղինակներին աջակցում է ֆինանսապես և  կարողությունների զարգացման դասընթացների միջոցով:  newmag-ը ներկայացնում է մի քանի հաջողակ կին ձեռներեցների  պատմությունները, որոնք ԵՄ տարբեր ծրագրերի շահառուներ են եղել:

Լուսինե Բարաթյան / Վանաձոր, Լոռի

Եվրոպական միության ծրագրին մասնակցել եմ Երիտասարդ կանանց ասոցիացիայի միջոցով: 2015 թ. վերջին բիզնես նախագծի հիման վրա ավելի քան 1 մլն դրամ դրամաշնորհ  շահեցի: Այդ գումարով 2 սարք ձեռք բերեցի և զրոյից կիսաֆաբրիկատների բիզնես հիմնեցի Վանաձորում: Վերջին 2 տարում արտադրատեսականին արագ ընդլայնվեց, և այսօր ընդգրկում է ավելի քան 30 տեսակի ապրանք՝ նաև կոտլետներ, պելմեններ, խինկալի: Ապրանքը դեռ Լոռու մարզում ենք իրացնում, բայց մտադիր ենք ընդլայնել շուկան: ԵՄ աջակցությունը շատ ոգևորեց ինձ, կարողացա գաղափարս վերածել իրական բիզնեսի և մեր մարզում ստեղծել նոր աշխատատեղեր:

Անուշ Ասլանյան / Վանաձոր, Լոռի

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2017 թ. կարի արտադրությամբ զբաղվող սոցիալական ձեռնարկություն հիմնեցի: Յոթ հազար եվրո դրամաշնորհով գնեցի 6 հատ կարի մեքենա, դրանցից մեկն ասեղնագործ է անում, այսինքն՝ ավտոմատ է գործում: Կրիչով փոխանցում ենք ցանկացած նկար, և մեքենան ասեղնագործ եղանակով ստանում է նույն պատկերը: Կարում ենք ավանդական հայկական տիկնիկներ, դեկորատիվ բարձեր, ասեղնագործ պարագաներ, վաճառում ենք դեռ միայն Վանաձորում: Բայց շուկան արդեն պետք է ընդլայնենք: Եվրամիության աջակցությունը դրեց մեր բիզնեսի հիմքը:

Մարինե Խաչատրյան / Վարդենիկ, Գեղարքունիք

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքների զարգացումը` սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրով 2 տարի առաջ մասնակցեցի դրամաշնորհային մրցույթի և ինձ տրամադրվեց 3,5 մլն դրամի չափով դրամաշնորհ: Այդ գումարով սառնարանային պահեստ հիմնեցի, սառցարան գնեցի և «Սարերի բարիքը» ապրանքանիշը սկսեցի զարգացնել: Ամբողջ տարին սարերից հավաքում ենք վայրի բույսեր, դեղաբույսեր, թեյեր, դրանք մշակում ենք մեր արտադրամասում, փաթեթավորում և պատրաստի արտադրանքը վաճառում ենք: Անցած տարվանից նաև փոքր քանակով արտահանում ենք ՌԴ, եվրոպական որոշ երկրներ: Այժմ նաև սերտիֆիկացնում ենք մեր ապրանքը, որ բավարարենք նաև ամերիկացի սպառողների պահանջարկը:

 

Գոհար Մնացականյան / Սևան, Գեղարքունիք

Մասնակցեցի Եվրոպական միության դրամաշնորհի մրցույթին և ներկայացրեցի «Բոհեմ» արվեստանոցթեյարան սոցիալական ծրագրի գաղափարը: Որպես կարևոր սոցիալական ծրագիր` այն ստացավ բարձր գնահատական: Շահեցի 7 հազար եվրոյին համարժեք դրամաշնորհ, որի շնորհիվ Սևանում հիմնեցի արվեստանոցթեյարան: Այն 2017թ. օգոստոսից զարգացող բիզնես է:

Ֆլորա Բաբաջանյան / Երևան

Եվրոպական միությունը հնարավորություն տվեց շատ կարևոր գիտելիք ձեռք բերել բիզնես ոլորտում: Շահած դրամաշնորհով անցած տարվա աշնանը Բեռլինում մասնակցեցի ինտենսիվ թրեյնինգների, որոնք բիզնեսի բոլոր ոլորտների մասին հիմնավոր գիտելիք տվեցին՝ վաճառքի, PR-ի, նախագծի կառավարման ոլորտներում: Այդ գիտելիքի շնորհիվ կարողացանք օպտիմալացնել մեր բիզնեսը: Հերթերի կառավարման Earlyone հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը և հերթերում երկար չսպասել:

Լյոլյա Բադեյան / Երևան

Սկզբում մեր բիզնեսը մարզում էր: Եվրոպական միության կողմից տրամադրված ավելի քան 3 մլն դրամ դրամաշնորհով կարողացանք նոր գործ նախաձեռնել և «Փողոց Պարադի 558-ը» դարձնել զարգացող բիզնես: Այն փախլավայի մասնագիտացված խանութ է, որն այժմ արդեն Երևանում է: Մեր բիզնեսն աշխատանքով է ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց: Արտադրության և վաճառքի ծավալն աջակցության շնորհիվ ավելացել է, աշխատողներն ավելի շատ գումար են վաստակում: Մեր բիզնեսը հիմնված է եվրոպական քաղաքակիրթ և մարդասիրական սկզբունքների վրա:


Կարդացեք նաև.


Այս բոլոր կանայք հաջողակ են դարձել իրենց ոլորտում: Եվ այսօր դրա մասին համարձակ և հպարտորեն բարձրաձայնում են: Բիզնեսում նրանք չեն զիջում տղամարդկանց իրենց նվաճումներով և արդյունավետությամբ: Իսկ սա նշանակում է, որ հավասար հնարավորությունները ստեղծում են նոր իրականություն երկրում սոցիալտնտեսական կյանքը աշխուժացնելու տեսանկյունից: Եվ հենց այստեղ է, որ միջազգային կազմակերպությունների աջակցությունն ավելի է արժևորվում, խթանում նոր բիզնես մշակույթը և նպաստում երկրում կենսամակարդակի բարելավմանը:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։

 

Գրել կարծիք