[Զինուժ] Ո՞ւմ պետք էր շնորհավորել փետրվարի 23-ին

[Զինուժ] Ո՞ւմ պետք էր շնորհավորել փետրվարի 23-ին

Ի վերջո, Փետրվարի 23-ը տոն է, թե ոչ, շնորհավորել, թե հակառակը՝ փակել այս էջը: Հարցը երկու հակառակ պատասխաններ ունի, պետք է պարտադիր շնորհավորել ու գրկել տոնի մասնակիցներին և լռել այս առիթով՝ ստուգելով հավանական հասցեատերերին:

Այս շաբաթ գրեթե բոլորը շնորհավորեցին բոլոր տղամարդկանց: Առիթը հայրենիքի պաշտպանի օրն է՝ փետրվարի 23-ը: Կեսօրին ամբողջ համացանցում մաղթանքներ էին՝ մեկ ֆոտոյի վրա նշելով հարյուրավոր օգտատերերի՝ միայն նրա համար, որ նրանք տղաներ են: Երեկոյան սա արդեն քննարկման թեմա էր՝ փետրվարի 23-ն ինչ կապ ունի մեզ հետ ու ինչու շնորհավորել, ավելին` ոմանք դեմ էին այս տոնին համարելով այն «Կարմիր բանակի» օր, կարմիրներին դատապարտելով:

Խորհրդային բանակի օրը՝ մեր պապերի տոնն է, նաև հայրերի, հորեղբայրների, տարեց տղամարդկանց, հաճախ նաև կանանց: Սա այն մարդկանց տոնն է, ովքեր ծառայել են ԽՍՀՄ-ում: Հաստատ կունենաք բարեկամներ, ում ծառայությունն անցել է, օրինակ, Չիտայում, Խաբարովսկում, ԽՍՀՄ երկրներում: Ունեք նաև ավագ ազգականներ, ովքեր մասնակցել են Հայրենական պատերազմին, երկրորդ համաշխարհայինին, եղել են առաջին գծում, կռվել են, վիրավորվել, զոհվել, վերադարձել:

Փետրվարի 23-ը նրանց օրն է, տոնն է, գնահատելու առիթն է, վերարժեքավորելու ժամանակն է, հատկապես, երբ վետերանները ծեր են, ուշադրությունից դուրս և մեկ շնորհավորանքի սպասելիքով: Նրանց պետք է շնորհավորել, հարցեր տալ, լսել պատմությունները, նույնիսկ, եթե նրանց հիշողությունները կիսատ են, թերի, անհասկանալի: Նրանք պատմելու, խոսելու, ժպտալու ու արտասվելու անսահման ցանկություն ունեն:

Նրանք պատմելու, խոսելու, ժպտալու ու արտասվելու անսահման ցանկություն ունեն:

Փետրվարի 23-ը պետք է հիշել ու շնորհավորել, քանի դեռ մեկ հայ այդ տոնին մասնակից է եղել, քանի դեռ մեկն այդ օրը պարգևատրվել է, քանի դեռ մեկ հայ ծառայել է խորհրդային զինուժում:

Տասնամյակներ անց գուցե դադարենք շնորհավորել, բայց ոգեկոչել մեր վետերաններին պարտավոր ենք, հատկապես, երբ խորհրդային ամբողջ բանակում շատ են հայ հերոսները, հայերի սխրանքների մասին պատումներն ու նրանց կարևորությունը հաղթանակում:


Կարդացեք նաև․


Մի շնորհավորեք նրանց, ովքեր 1974 թվականից հետո են ծնվել, ում 43 տարին դեռ չի լրացել: Պատճառը պարզ է, նրանք չեն կրել խորհրդային զինվորականի համազգեստը, չեն քայլել «Փառապանծ մնա մեր ազատ հայրենիք» օրհներգի ներքո: Նրանց օրը՝ հունվարի 28-ն է, հայկական բանակի կազմավորման օրը:

Նրանց օրը՝ հունվարի 28-ն է, հայկական բանակի կազմավորման օրը:

Հետևաբար, երկու տոնն էլ պետք է նշել, հիշել, շնորհավորել, պարզապես յուրաքանչյուրի համար ճիշտ «թիրախ» ընտրել ու հպարտանալ երկու օրերին էլ, հայ երկու սերունդների հայրենասիրության ու նվիրումի համար:

Գրել կարծիք