Պարող դիվանագետը. Ֆրանկոֆոնիան նոր ղեկավար ունի

Պարող դիվանագետը. Ֆրանկոֆոնիան նոր ղեկավար ունի

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը նոր գլխավոր քարտուղար ունի՝ Լուիզ Մուշիկիվաբո, Ռուանդայի արտաքին գործերի նախարար: Հենց նա էր Միկայել Ժանի ամենաթեժ մրցակիցն ու ֆավորիտը:

Նրա թեկնածությունն էր պաշտպանում ոչ միայն Աֆրիկյան պետությունների միությունը, որն առաջադրել էր նրան, այլև Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի:

Աֆրիկայում և ֆրանկոֆոն երկրներում հայտնի լինելուց բացի, Ռուանդայի արտգործնախարարը մեկընդմիշտ տպավորվեց նաև հայերի մոտ: Դիվանագետը բանակցելու արվեստից բացի, գիտի նաև գեղեցիկ շարժվել: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկն ազդարարող երևանյան երեկույթի ժամանակ Մուշիկիվաբոն բեմ բարձրացավ ռուանդական ազգային երաժշտության ուղեկցությամբ և իր պլաստիկայով հազարավոր սրտեր գրավեց:


Կարդացեք նաև.


Ո՞վ է նա

Ֆրանսերեն, անգլերեն և կինյառուանդա՝ Լուիզ Մուշիկիվաբոն ազատորեն խոսում է 3 լեզվով: Ռուանդայի արտգործնախարար դարձավ 2009-ի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց օրեր անց:

57-ամյա թրծված դիվանագետն աշխատել է նախագահ Փոլ Կագամեի հետ և մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Ռուանդան դառնա խոշոր խաղացող:

Մուշիկիվաբոն «Ռուանդայի հայրենասերների ճակատ» իշխող կուսակցության անդամ չէ, բայց ասել է, որ հպարտ է՝ Ռուանդան աշխարհի համար բացելու գործում ունեցած ավանդի համար, մասնավորապես Ռուանդան վերադարձնելով «Կենտրոնական Աֆրիկայի ֆրանսախոս ժառանգությանը»:

«Ինչ արտաքին գործերի նախարար է, Ռուանդան լուրջ ձեռքբերումներ է ունեցել միջազգային ասպարեզում և ավելի լավ կարգավիճակ ունի այսօր»,- ասել է Ռուանդայում միակ պաշտոնական ընդդիմության՝ Կանաչների դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

Մուշիկիվաբոն եղել է Թունիսում Աֆրիկյան զարգացման բանկի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավարը, մինչև 2008-ին Կագամեն առաջարկեց նրան միանալ իր կառավարությանը՝ որպես տեղեկատվության նախարար: Մեկ տարի հետո նա արդեն արտգործնախարար էր:

Մուշիկիվաբոն երրորդ աֆրիկացին է, որը գլխավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Նրանից առաջ կազմակերպության գլխավոր քարտուղար են եղել Սենեգալից Աբդու Դիուֆը և Եգիպտոսից Բուտրոս Բուտրոս-Ղալին:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք