[Իրականում՝ ոչ] Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճի՞շտ էր

[Իրականում՝ ոչ] Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճի՞շտ էր

Չեղարկվել է նաև 253 քաղաքացու դիվանագիտական անձնագիր: 100 քաղաքացի էլ իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնել են կառավարությանը:   

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիվանագիտական անձնագիր ունի, որն արտգործնախարարությունը չեղարկել է:

Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճիշտ է, որովհետև պետությունը` պետություն է դառնում, երբ գործում են օրենքները, երբ օրենքը հավասար է բոլորի համար: Հետո՞ ինչ, որ Հենրիխ Մխիթարյանը սպորտային աստղ է: Նա Հայաստանի նույնպիսի քաղաքացի է, որպիսին է սրճարանի մատուցողը, մաթեմատիկայի ուսուցիչը կամ ճանապարհային ոստիկանը: Կարևոր չէ, թե ինչ արժանիքներ ունի յուրաքանչյուրը:

Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճիշտ է, որովհետև Դիվանագիտական ծառայության մասին օրենքում թվարկված պաշտոնյաների ցանկում ֆուտբոլիստ չկա:  Ֆուտբոլիստ լինելը, նույնիսկ շատ հայտնի ու համաշխարհային ֆուտբոլիստ լինելը պաշտոն չէ: Իսկ դիվանագիտական անձնագրերը տրվում են պաշտոնյաներին և դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:

Բայց` Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճի՞շտ էր: Իրականում` ոչ

Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը սխալ է, որովհետև դրանով պետությունն իր վերաբերմունքն է արտահայտում իր այն քաղաքացու հանդեպ, որն իր գործունեությամբ ավելի շատ է երկրի անունը բարձրացնում, քան գուցե տասնյակ դիվանագետներ միասին վերցված: Մի բան է Մեծ Բրիտանիան ներկայացնելը, մեկ այլ բան` Հայաստանը: Մեծ Բրիտանիան ֆուտբոլային աստղի կարիք չունի, որով այս երկիրը ճանաչում են առանց ֆուտբոլի էլ, մինչդեռ Հայաստանն իսկապես դրա կարիքն ունի: Մեծ Բրիտանիան կարող է իրեն թույլ տալ դիվանագիտական անձնագիր չտալ իր ֆուտբոլային աստղին, Հայաստանը չի կարող:

Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը ճիշտ չէ, որովհետև նա իսկապես դրա կարիքն ունի: Այդ անձնագիրը ամենևին էլ պարգև չէ, մեդալ ու կոչում չէ: Ընդամենը գործիք է. Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային աստղը դրա շնորհիվ կարողանում է ավելի հեշտ տեղաշարժվել: Ի՞նչ դժվար է սպորտային աստղ Հենրիխ Մխիթարյանին հատուկ անձնագիր տալը: Չէ՞ որ հաճախ հենց նրա շնորհիվ է Արմենիան տարբերվում Ալբանիայից կամ Ռումինիայից:


Կարդացեք նաև.


Հիմա` ճի՞շտ էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելը

Իրականում` այո: Օրենքի ու պետության առջև բոլոր քաղաքացիները հավասար են: Ոչ մի քաղաքացի, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից, հեղինակությունից` օրենքից բարձր չի կարող դասվել: Հերիխ Մխիթարյանը` նույնպես: Բայց դիվանագիտական անձնագրից նրան զրկելն իրո՞ք օրենքի պահանջ է: Իրականում` ոչ, որովհետև Դիվանագիտական ծառայության մասին օրենքը Հանրապետության նախագահին թույլ է տալիս «առանձին դեպքերում» դիվանագիտական անձնագրեր տալ այլ անձանց:

Պետությունը կարող էր Հենրիխ Մխիթարյանին համարել առանձին դեպք, կարող էր այդ փոքրիկ տեխնիկական օգնությունը տրամադրել, որպեսզի խուսափի փաստաթղթային քաշքշուկներից: Կարող էր, որովհետև Հենրիխ Մխիթարյանը իր գործունեությամբ կամա, թե ակամա դարձել է ոչ միայն 1-ին ու 3-րդ նախագահի, այլև աշխարհով մեկ սփռված հայերի հպարտության կերպարը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք