Ցեղասպանության հարցը Իսրայելում. ինչո՞ւ է խնդիրն այդքան զգայուն

Ցեղասպանության հարցը Իսրայելում. ինչո՞ւ է խնդիրն այդքան զգայուն

Մայիսի վերջին Կնեսսետի լիագումար նիստում պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Վերջին պահին խոսնակը այն հանեց օրակարգից:

Երևի թե աշխարհի ոչ մի երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այսպիսի նրբերանգներ ու առանձնահատկություններ չունի: Ճանաչումը գուցե չափազանց մոտ է, բայց հայության շրջանում նույնիսկ այդ դեպքում մնում ու մնալու է որոշակի հիասթափություն:

Մայիսի վերջին Կնեսսետի լիագումար նիստում պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Վերջին պահին խոսնակը այն հանեց օրակարգից՝ պատճառաբանելով, թե պատգամավորների մեծամասնությունը կարող է դեմ լինել: Մի քանի օր անց պարզվեց, որ Իսրայելի ԱԳ նախարարության առաջարկով վարչապետը հետաձգել է հարցի քննարկումը մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված ընտրությունները:
Իսրայելում հայերի ցեղասպանության մասին հիշում են ամեն անգամ, երբ խնդիր են ունենում Թուրքիայի հետ: Մայիսի 15-ին ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու և Գազայում սկսված բախումների առիթով Թուրքիայի նախագահը Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու մեջ: Ի պատասխան, Կնեսսետի օրակարգ եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչման հարցը:

Դիտավորությունն ակնհայտ է, հայերը տարակուսած են, ոմանք նեղսրտած, մյուսները զայրացած, որ Իսրայելը բացահայտ շանտաժի գործիք է դարձրել Հայոց ցեղասպանության ճանաչել-չճանաչելը:

Ցանկացած այլ երկրի դեպքում հայերի վերաբերմունքը այլ կլիներ, բոլորը կհասկանային ու կընդունեին, որ տվյալ երկիրը քաղաքական առևտրի մեջ է: Հայերը կհիասթափվեին, բայց կհասկանային: Իրավիճակն այլ է Հոլոքոստ վերապրած ազգի դեպքում: Ի՞նչ կզգային հրեաները, եթե Հոլոքոստը ճանաչելու կամ հերքելու բանաձև լիներ Հայաստանի խորհրդարանում՝ պայմանավորված քաղաքական անցողիկ օրակարգով: Համեմատությունը գուցե տեղին չէ, պարզունակ է, տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները, բայց երևույթի էությունը, մեծ հաշվով, նույնն է:


Կարդացեք նաև․


Իսրայելի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ օրինագծի քննարկումը տեղափոխելը պայմանավորված է նրանով, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչումը Էրդողանին կտա քարոզչական նոր լծակ ընտրության նախաշեմին: Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը մուսուլմանների պաշտպանի կերպարն ամրապնդելու առիթ կստանա:  

Մյուս կողմից, ուշագրավ է, որ Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի ԱԳ նախարարը: Պաշտոնապես՝ Սիրիան քննարկելու: Հաշվի առնելով ԱՄՆ գործող վարչակազմի աննախադեպ ջերմ կապը Իսրայելի հետ, Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է նաև ցեղասպանության ճանաչման հարցը լուծել՝ գնալով զիջումների բոլորովին այլ հարցերում:

Անկախ հանգուցալուծումից՝ ճանաչել-չճանաչելուց, Իսրայելում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքն ինքնին վիրավորական է հայերի համար: Սա շատ լավ գիտակցում է իրենց հանրության զգալի մասը, Կնեսսետի բազմաթիվ պատգամավորներ ու մտավորականներ: Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ Իսրայելը ճանաչի, դատապարտի, վերջում էլ հայերից ներողություն խնդրի ցեղասպանությունը շահարկելու համար, հայերի ընդհանուր վերաբերմունքը այս երևույթի նկատմամբ այլևս դժվար թե մոռացվի:

    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք