Ինչո՞ւ 64 մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվեցին ռուսական Կեմերովոյի առևտրի կենտրոնում
Մարտի 27-ի առավոտյան փրկարարները 64 մարմին են հայտնաբերել ռուսական Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ճանաչվել է 25 մարմին: Մեծ մասը՝ երեխաների:
Հաղորդվում է նաև, որ հիվանդանոցներում 13 տուժած կա (ընդհանուր նրանք մոտ 40-ն են), մեծ մասը՝ շմոլ գազով թունավորվելու հետևանքով:
Մարտի լույս 27-ի գիշերը Կեմերովո է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ծաղիկներ է դրել այրված առևտրի կենտրոնի մոտ տարերայնորեն ստեղծված հուշարձանին, արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և այցելել հիվանդանոցում գտնվող տուժածներին: Սակայն Պուտինն այդպես էլ հանրային հայտարարություն չի արել, որը շատերը նրանից սպասում էին:
[caption id="attachment_93544" align="aligncenter" width="708"]ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում՝ ողբերգության վայրում: 2018թ-ի մարտի 27 REUTERS/Ալեքսեյ Դրուժինին [/caption]
Դրան, մասնավորապես, սպասում էին «Ձմեռային բալի» մոտ մարտի 27-ի առավոտյան անցկացվող հանրահավաքի մասնակիցները: Հանրահավաքին պահանջում էին տեղական իշխանությունների հրաժարականը և այն, որ իրենց առջև ելույթ ունենա Պուտինը: Ինտերֆաքսի տվյալներով՝ առևտրի կենտրոնի դիմաց գտնվող հրապարակում մոտ 300 մարդ էր հավաքվել, սակայն տեսագրության մեջ երևում է, որ մարդիկ ավելի շատ են:
Նախագահ Պուտինը ցուցարարների մոտ դուրս չեկավ, դրա փոխարեն նա հանդիպում անցկացրեց ինչ-որ «նախաձեռնող խմբի» հետ:
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հրդեհի բռնկումից անցած երկու օրվա ընթացքում ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տվել:
Նրանցից մեկն, ով, ըստ ցուցարարների, պետք է հրաժարական տա, Կեմերովոյի շրջանի մարզպետ Աման Տուլեևն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի: Մարզպետը այդպես էկ չի այցելել ողբերգության վայրը՝ մեկնաբանելով, որ իր ավտոշարասյունը կխանգարի փրկարարների աշխատանքին: Կեմերովոյի բնակիչներին այդ բացատրությունը համոզիչ չի թվացել, և նրանք պահանջում են, որ նա լքի իր պաշտոնը:
Կրեմլում Տուլեևին աջակցում են, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տուլեևի հանդեպ պահանջների մասին հարցերը կոռեկտ չեն:
Ռուսաստանում նախկինի պես համազգային սուգ չի հայտարարվել: Մեկը մյուսի ետևից տարբեր շրջաններ իրենց մոտ սգո օր են հայտարարում: Մարդիկ հանդիպումներ են կազմակերպում Ֆեյսբուքում, որտեղ պայմանավորվում են Կեմերովոյում զոհվածների հիշատակի համար հավաքվելու մասին: Այդպիսի ակցիաներ կանցկացվեն այսօր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Meduza առցանց պարբերականի երեկվա ռեպորտաժից հայտնի է դարձել Ալեքսանդր և Օլգա Լիլևալիների պատմության մասին: Առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման ժամանակ այնտեղ էին գտնվում նրանց երեք աղջիկները: Ավագները 11-ական տարեկան էին, կրտսերը՝ 5: Նրանք կինոթատրոնում մուլտֆիլմ էին նայում, մինչ հայրը սպասում էր ներքևում: Երբ սկսվել է հրդեհը, Ալեքսանդրը փորձել է փրկել աղջիկներին, սակայն չի կարողացել: Երեք երեխաներն էլ մահացել են:
Կարդացեք նաև․
- Ամենադաժան երեխա մարդասպանները. նրանք սպանել են իրենց ծնողներին և ընկերներին
- Անգլիայում բացահայտել են մանկապիղծների ցանց, բայց 2012-ից նրանց չեն կարողանում բռնել
- 25 տարօրինակ զենք, որոնցով մարդ են սպանել
Ինչո՞ւ է տեղի ունեցել հրդեհը և ինչո՞ւ է այն այդպիսի մասշտաբների հասել
Հրդեհի պատճառների մասին վերջնական տեղեկատվություն դեռևս չկա: Հայտնի է միայն, որ հրդեհային ազդանշանը չի աշխատել, թեև վարկած կա, որ այն անջատել էր կենտրոնի պահակն այն բանից հետո, երբ նրան հաղորդել են հրդեհի մասին: Այդ պահակը ձերբակալված է:
Հայտնի է հետևյալը.
• «Ձմեռային բալ» առևտրի և զվարճանքների կենտրոնը խմորեղենի նախկին ֆաբրիկայի տեղում է կառուցվել: Շինարարության մեջ օգտագործվել են էժան նյութեր, որոնք այրվելիս գազ են արձակում։
• «Ելք» ցուցանակները դահլիճում չէին վառվում։
• Որոշ կինոդահլիճների դռները փակ են եղել դրսից: Դեռևս ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե ինչու: Կա Ռուսաստանի կինոթատրոնների տերերի ասոցիացայի վարկածը: Դրա ղեկավարն ասել է, որ «Ձմեռային բալի» աշխատակիցները փակել են դահլիճները, որովհետև, հնարավոր է, որ դահլիճում ավելի շատ հանդիսատես է եղել, քան վաճառված տոմսերն են: Մշակույթի նախարարությունը միանգամից արձագանքել է և այդ վարկածն անվանել «պատասխանատվությունից փախչելու ցինիկ փորձ»:
• Կենտրոնի աշխատակիցները չեն իմացել, թե ինչ անել, նրանց ոչ ոք արտակարգ իրավիճակների մասին ինստրուկտաժ չէր արել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։