[Հակիրճ] Մարկ Ցուկերբերգի վկայության ամենահետաքրքիր պահերը ԱՄՆ սենատում

[Հակիրճ] Մարկ Ցուկերբերգի վկայության ամենահետաքրքիր պահերը ԱՄՆ սենատում

Ցուկերբերգն ընդունել է, որ ընկերությունը սխալ է թույլ տվել, և խոստացել է ուժեղացնել տվյալների անվտանգությունը:

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ապրիլի 10-ի երեկոյան հինգ ժամ ցուցմունք էր տալիս ԱՄՆ սենատում: Իրավաբանական, առևտրի, կրթության ու տրանսպորտի հանձնաժողովների ներկայացուցիչները հարցեր էին տալիս օգտատերերի տվյալների ու սոցցանցերի միջոցով ընտրություններին միջամտելու վերաբերյալ:  


Մարկ Ցուկերբերգ. Ֆեսբուքն իդեալիստների ու լավատեսների ընկերություն է: Մենք շփման գործիք ենք ստեղծել, բայց չկարողացանք պաշտպանվել այնպես, որ այն ի վնաս չօգտագործվի: Դա մեծ սխալ է, իմ սխալն է, ես ցավում եմ: Ես ստեղծել եմ Ֆեյսբուքը, ղեկավարում եմ ընկերությունը, և պատասխան եմ տալիս կատարվածի համար: Այժմ մենք երեք հիմնական նպատակ ունենք. առաջինը` պարզել, թե Cambridge Analytica-ն ինչ էր անում մեր տվյալները,  քանի օգտատիրոջ է դա վնասել: Երկրորդը` ստուգել մյուս հավելվածները,  որոնք տվյալներ փոխանցելու հետ կապ ունեն: Երրորդ` հետագայում կանխել նման արտահոսքը: Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի:  

Հարց. Քանի՞ հավելված է այդ քանակությամբ տվյալներ վերցրել: Քանի՞ անգամ եք պահանջել հեռացնել դրանք:  

Ցուկերբերգ. Եղել են այդպիսի դեպքեր: Չգիտեմ` քանիսը, իմ աշխատակիցները ձեզ կտրամադրեն տեղեկությունները:

Հարց. Ձեր գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգն ակնարկել է, որ  եթե օգտատերերը չցանկանան, որ իրենց տվյալներն օգտագործվեն թիրախավորված գովազդներում, ապա ստիպված են լինելու վճարել Ֆեյսբուքի համար: Այդպե՞ս է:

Ցուկերբերգ. Այո:  Թեև այժմ նման հնարավորություն չկա: Մենք ցանկանում ենք պահպանել անվճար ծառայությունները բոլորի համար, այլապես մենք չէինք ունենա միլիարդավոր օգտատերեր:

Հարց. Ֆեյսբուքը մի՞շտ է լինելու անվճար:

Ցուկերբերգ. Միշտ լինելու է Ֆեյսբուքի անվճար տարբերակը:

Հարց.  Ինչպե՞ս եք մտադիր պայքարել ատելություն պարունակող հրապարակումների դեմ (hate speech):

Ցուկերբերգ.  Նման հրապարակումները բարդ է առանձնացնել ավտոմատ կերպով` լեզվաբանական առանձնահատկությունների պատճառով: Մինչև տարվա վերջ հրապարակումների ստուգմամբ կզբաղվի  20 հազար մարդ:  Մենք արդեն հաջողությամբ կիրառում ենք արհեստական բանականությունը` ահաբեկչական քարոզչությունը հայտնաբերելու համար: Կարծում եմ, 5-10 տարի անց այն կկարողանա անընդունելի այլ արտահայտություններ ևս փնտրել:  

Հարց. Ինչպե՞ս եք պայքարում մեր ընտրությունների վրա օտար պետությունների ազդեցության դեմ:

Ցուկերբերգ.  Մենք արդեն օգտագործել ենք արհեստական բանականությունը ` ֆեյք պրոֆիլները հայտնաբերելու համար: Ռուսաստանում կան մարդիկ, որոնց հիմնական գործը մեր և այլ համակարգերը կիրառելն է: Ստացվում է այսպիսի սպառազինության մրցավազք:

Հարց. Ձեր փոխնախագահ Էնդրյու Բոսուրթը հայտնել է, որ սոցցանցի խնդիրը կապի ապահովումն է, անգամ եթե այն ահաբեկիչների համար է: Դուք համաձա՞յն եք նրա հետ:

Ցուկերբերգ.  Նա այդ մասին ասել է ներքին գրագրության մեջ: Ես համաձայն չեմ նրա հետ: Մեր ընկերությունում բոլորն էլ կարող են հայտնել իրենց կարծիքը:

Հարց. Եթե իմ ֆորդն ինձ դուր չի գալիս, ես կարող եմ Շևրոլե գնել: Իսկ եթե դուր չի գալիս Ֆեյսբուքը,  ո՞ւր գնամ:  Ո՞վ է ձեր մրցակիցը: Դուք մոնոպոլիստ եք:

Ցուկերբերգ.  Տարբեր հարթակներ կան. Google, Apple, Amazon, Microsoft:  Մենք նրանց հետ շատ հարցերում խաչվում ենք:  Ես չեմ կարծում, որ Ֆեյսբուքը մենաշնորհ է:

Հարց. Ի՞նչ եք կարծում, որևէ մեկն ամբողջությամբ կարդո՞ւմ է օգտատիրոջ ձեր համաձայնագիրը:

Ցուկերբերգ.  Դժվար թե որևէ մեկը դա կարդա:  Կարծում եմ, պետք է առաջարկել ավելի սեղմ տարբերակ:  

Հարց. Դուք պատրա՞ստ եք կանոն սահմանել, որ օգտատերերը 72 ժամում տեղեկացվեն իրենց էջը կոտրելու մասին:

Ցուկերբերգ. Դա տրամաբանական առաջարկ է: Պետք է քննարկել:  

 Հարց.  Մինչև 2014-ը ձեր կարգախոսն էր «Գործիր արագ, կոտրիր ամեն ինչ»: Այդպե՞ս է:

Ցուկերբերգ.  Չեմ հիշում` երբ ենք այն փոխել, բայց հիմա կարգախոսն այլ է. «Գործիր արագ` կայուն ենթակառուցվածքներով»:

Հարց. Ֆեյսբուքն անընդհատ արգելափակում է օգտատերերի կոնսերվատիվ և ուլտրաաջ մտքերը: Քանի՞ դեմոկրատ եք արգելափակել:  Ձեր 20 հազար մոդեռատորները քաղաքական ի՞նչ հայացքներ ունեն:

Ցուկերբերգ.  Ես հասկանում եմ, որ Ձեզ թվում է, թե Սիլիկոնային հովտում միայն ձախ հայացքների կողմնակիցներ են: Մենք մեր մոդերատորներին չենք հարցնում իրենց քաղաքական հայացքների կամ կուսակցական կողմնորոշումների մասին:  

Հարց. Դուք արդեն ասացիք, որ ապագայում ավտոմատ կերպով արգելափակելու եք hate speech-ը: Չի՞ ստացվի, որ մարդկանց արգելափակում եք` իրենց հայացքների համար:  Օրինակ, աբորտների հակառակորդներին արգելելո՞ւ եք արտահայտել իրենց կարծիքը:

Ցուկերբերգ. Ես դա չէի ցանականա: Մենք պետք է միասին որոշենք առաջնահերթությունները:


Կարդացեք նաև.


Հարց. Դուք որոշել եք ստուգել, թե ով է տեղադրում քաղաքական գովազդը: Ինչպե՞ս եք ստուգելու, եթե կեղծ ընկերություն տեղադրի այն: Եթե այն տեղադրի ԱՄՆ նահանգի որևէ կորպորացիա, ինչպե՞ս կիմանաք, որ դրա հետևում ռուսներն են կանգնած:

Ցուկերբերգ. Այո, սենատոր, Դուք իրավացի եք:

Հարց.  Եթե ես WhatsApp-ում գրեմ «Սև հովազների» մասին, հետո ինձ այդ մասին գովա՞զդ ցույց կտան:

Ցուկերբերգ.  Ոչ:  Այն, ինչ գրում եք WhatsApp-ում, գովազդի վրա չի ազդում:

Հարց.  Ֆեյսբուքն օգտագործո՞ւմ է բջջայինների զրույցի ձայնագրությունը` օգտատերերի դիմանկարը կազմելու համար:

Ցուկերբերգ.  Ոչ: Դուք, հավանաբար, խոսում եք դավադրությունների տեսության մասին` իբր մենք միացնում ենք խոսափողը և ձայնագրությունն օգտագործում ենք գովազդային նպատակով: Այդպես չէ:

Հարց. Դուք վերահսկո՞ւմ եք տեղեկությունները: Ֆեյսբուքն անվտա՞նգ է:

Ցուկերբերգ.  Ես համարում եմ, որ Ֆեյսբուքն անվտանգ է:  Ես, իմ ընտանիքն ու բոլորը, ում սիրում եմ, և ովքեր թանկ են ինձ համար, մշտապես օգտվում են Ֆեյսբուքից:

MEDUZA


Հետևեք newmag-ին Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք