BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռուսաստան, Թուրքիա և Իրան. ինչո՞ւ է ԱՄՆ-ն նրանց տն

Ռուսաստան, Թուրքիա և Իրան. ինչո՞ւ է ԱՄՆ-ն նրանց տնտեսական պատերազմ հայտարարել

2018թ-ի ամռանից Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը ԱՄՆ կողմից տնտեսական պատժամիջոցների առանձնակի թիրախում են: Մանրամասն ներկայացնենք, թե ինչու է նման բան տեղի ունենում, և որն է պատժամիջոցների էությունը:
Իրան
2015թ-ին ամբողջ արևմտյան աշխարհը տոնում էր Իրանի հետ հարաբերություններում առկա երկարատև ճգնաժամի ավարտն ու բազմակողմանի միջազգային համաձայնագրի ստորագրումը: Անցավ ընդամենը 3 տարի, և ճգնաժամը վերադարձավ: 2018թ-ի օգոստոսին ԱՄՆ-ն միակողմանի կերպով դուրս եկավ համաձայնագրից ու վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:
Ինչպես է ճգնաժամ առաջացել և ինչու են Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառվել
Ճգնաժամի պատճառն Իրանի միջուկային ծրագիրն էր և միջուկային զենք ունենալու նրա մտադրությունն, ինչպես նաև իրանական ղեկավարության հակաամերիկյան հռետորաբանությունը:
Պատժամիջոցներն ԱՄՆ կողմից կիրառվել են դեռևս 1979թ-ին. այն ժամանակ ամերիկյան կառավարությունն արգելեց իր քաղաքացիներին և ընկերություններին համագործակցել Իրանի հետ:
Սակայն 1996թ-ին ԱՄՆ-ն ընդլայնեց արգելքն ու դրանում ներառեց նաև եվրոպական ընկերություններին:
Ինչու պատժամիջոցները չեղարկվեցին, և այդ որոշման արդյունքները
2000-ականներին սկսվեցին Իրանի հետ ԱՄՆ, Եվրոպայի, Չինաստանի հետ բանակցությունները, որոնք տևեցին ավելի քան 10 տարի և ավարտվեցին 2015թ-ին Գործողությունների համապարփակ համատեղ պլանի կնքմամբ: Այդ պլանը ստորագրեցին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան և Իրանը:
Դրա նպատակն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելն էր, և փոխարենն այլ երկրները պարտավորվում էին չեղարկել պատժամիջոցները:
Համապարփակ պլանի ստորագրումից և պատժամիջոցների չեղարումից ավելի քան երկու տարվա ընթացքում հետևյալ արդյունքներն են գրանցվել.


  • Իրանը սկսեց աստիճանաբար ավելացնել նավթի արդյունահանումն ու վերադարձավ համաշխարհային շուկա (թեև այդ կարճ ժամանակահատվածում նրա տնտեսության վրա դա չհասցրեց անդրադառնալ):

  • Իրանում սկսեցին ներդրումներ արվել, նախևառաջ՝ եվրոպական:

  • Իրանի միջուկային ծրագիրը սառեցվեց:


Ինչո՞ւ ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները
Դեռևս 2016թ-ին իր նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բացասաբար էր արտահայտվում Իրանի վերաբերյալ պայմանագրին ԱՄՆ մասնակցության մասին: Թրամփը պնդում էր, որ Իրանը չի կատարում համաձայանգրի իր մասը, և բազմիցս հայտարարել է, որ դա ԱՄՆ պատմության մեջ վատագույն համաձայանգրերից է:
Պաշտոնապես Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալու միջուկային համաձայանգրից, 2018թ-ի մայիսի 8-ին: Այդ պահից սկսվեց իրանական արժույթի՝ ռիալի անկումը: Տեմպերը, որով դրա փոխարժեքը նվազում է, ըստ փորձագետների, խոսում է այն մասին, որ Իրանը բավականին անկայուն տնտեսական դրության մեջ է, և երկրին խորը տնտեսական ճգնաժամ է սպառնում:
Եթե մեկ շաբաթ առաջ դոլարն արժեր 90 հազար ռիալ, ապա այժմ այդ գումարն աճել է մինչև 117 հազար ռիալ:

Օգոստոսի 1-ին խոստումն իրականություն դարձավ. ԱՄՆ-ն վերականգնեց պատժամիջոցներն Իրանի հանդեպ: Պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են Իրանի հետ ոսկու, ալյումինի, ածխի և մի շարք այլ ապրանքների առևտրով զբաղվել: ԱՄՆ-ն պլանավորում է նաև սահմանափակել Իրանի՝ դոլարով արտարժութային գործարքները, ինչը ռիալի վրա ճնշում կգործադրի:
Եվրոպան ու Մեծ Բրիտանիան այդ որոշմանը կտրականպես դեմ արտահայտվեցին և հայտարարեցին, որ շարունակելու են աշխատել 2015թ-ին ստորագրած համապարփակ պլանի շրջանակում:
Իսկ ԱՄՆ-ն այդ ընթացքում նախապատրաստել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որն ուժի մեջ կմտնի 2018թ-ի նոյեմբերի 4-ին, եթե Իրանը հրաժարվի ԱՄՆ հետ բանակցություններից: Այդ փաթեթն, ըստ փորձագետներից շատերի, Իրանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քանի որ պարունակելու է իրանական նավթի ներկրման սահմանափակումներ:
«Թրամփը փորձում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցներին համախմբել և հասկանում է, որ դրա միակ նախապայմանն Իրանի հանդեպ ընդհանուր բացասական վերաբերմունքն է», — կարծում է Բի-Բի-Սիի վերլուծաբան Ջոնաթան Մարկուսը:
Ազգային արժույթի անկման ֆոնին Իրանում աճում է գործազրկությունը, զգացվում է ջրի և էլեկտրաէներգիայի պակաս, աճում է արժեզրկումը: Կառավարության տնտեսական քաղաքականության դեմ ցույցերը զանգվածային բնույթ են սկսում կրել:
Սակայն վերլուծաբաններից շատերը կարծում են, որ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը ոչ միայն չի սասանի Իրանի նախագահ Ռոհանիի դիրքերն, այլ, ընդհակառակը, կամրապնդի դրանք:
«ԱՄՆ գործողություններն իրանցիներին կստիպեն համախմբվել ներկայիս իշխանության շուրջ՝ աճող արտաքին սպառնալիքին դիմակայելու նպատակով», – կարծում է CNN-ի թղթակից Ջոն Դեֆտերիոսը:
Ռուսաստան
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցնելու Ռուսաստանի դեմ:
Ինչո՞ւ են պատժամիջոցներ մտցվել
Ամերիկյան իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման ետևում Կրեմլն է կանգնած:
Սկրիպալների մարտյան թունավորումն արդեն Եվրոպայի, ԱՄՆ, Կանադայի և, առաջին հերթին, Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վատթարացման առիթ է դարձել: ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ ռուսական կառավարությունը, «խախտելով միջազգային իրավունքը, քիմիական և կենսաբանական զենք է կիրառել»:
Ինչպես են գործելու պատժամիջոցները
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ն նույնպես պատրաստվում է երկու փուլով մտցնել: Առաջիկա երկու շաբաթում ուժի մեջ կմտնի Ռուսաստանի հետ ցանկացած ապրանքի առևտրով զբաղվելու արգելքն ամերիկյան ընկերությունների համար, որը կարող է ռազմական նպատակով օգտագործվել:
Երեք ամիս անց, եթե ամերիկյան կառավարությունը երաշխիքներ չստանա, որ Ռուսաստանն այլևս քիմիական և կենսաբանական զենք չի օգտագործելու, նոր պատժամիջոցներ կկիրառվեն: Դրանք կարող են ամերիկյան բանկերին արգելել վարկավորել Ռուսաստանի ցանկացած ընկերության, դադարեցնել Ռուսաստանից ԱՄՆ ցանկացած ներմուծում, ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությանն արգելել թռիչքներ իրականացնել ԱՄՆ և այլն:
Պատժամիջոցների առաջին հետևանքները
Օգոստոսի 9-ին ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին հաղորդումների ֆոնին ռուսական ռուբլին դոլարի և եվրոյի հանդեպ իր նվազագույն իր արժեքին հասավ վերջին երկու տարվա ըթնացքում: Ռուսական շատ ընկերությունների արժեթղթերի գները նույնպես ընկան: Մասնավորապես, «Աերոֆլոտի» արժեթղթերն էժանացան 8 տոկոսով:


Կարդացեք նաև․



Թուրքիա
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ. սառեցվել են Աբդուլահմիդ Գյուլի և Սուլեյման Սոյլուի ամերիկյան ակտիվներն ու հաշիվները:
Ինչու են պատժամիջոցներ մտցվել
Պատժամիջոցներ մտցվել են Թուրքիայում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանքի տակ պահելու կապակցությամբ: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու համար, որն, ըստ նրանց, երկու տարի առաջ պետական հեղաշրջման փորձ է կազմակերպել երկրում: Բրանսոնը բանտում է 2016թ-ի հոկտեմբերից:
Ինչու են վատթարացել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները
Վերջին տարիներին Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վատթարացել են մի քանի պատճառով: Թուրքիան դժգոհ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իրեն հանձնել Գյուլենին և համագործակցում է Սիրիայում քրդական աշխարհազորի հետ: Ամերիկյան իշխանություններն, իրենց հերթին, վրդովված են պաստոր Բրանսոնին կալանքի տակ պահելու առնչությամբ:
Պատժամիջոցների կիրառման հետևանքները
Ամերիկյան պատժամիջոցներն ազդել են թուրքական արժույթի՝ լիրի փոխարժեքի վրա: Այն ռեկորդային ակնումն է ապրում, իսկ օգոստոսի 10-ին մեկ դոլարն արդեն 6 լիր արժեր, թեև դեռ կես տարի առաջ 4 էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լիրի անկումն այսպես է մեկնաբանել. «Մի՛ մոռացեք, նրանք դոլար ունեն, իսկ մեզ հետ է մեր ժողովուրդը, մեր աստվածը»:
Ինչպես և Իրանում, ամերիկյան պատժամիջոցների կիրառումը Թուրքիայում հասարակական պառակտման հանգեցրեց: Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն այդ հարցում աջակցում է նախագահ Էրդողանին:
Թուրքիայի լրատվամիջոցները, սոցցանցերն ու քաղաքների փողոցները լի են հակաամերիկյան հռետորաբանությամբ, ինչը քաղաքական ճգնաժամի պայմաններում, անկասկած, Էրդողանի համար շահեկան է:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել