[exclusive] Սիրիահայ ընտանիքները աշխարհը պտտվելուց հետո Բեյրութում կրկին հարևաններ են դարձել

[exclusive] Սիրիահայ ընտանիքները աշխարհը պտտվելուց հետո Բեյրութում կրկին հարևաններ են դարձել

Սիրիայի հայկական սրտից Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասից` հարևան Լիբանանի դարձյալ հայաշատ Բուրջ Համուդ թաղամաս: Պատերազմը, պայթյուններն ու վերքերը պարտադրեցին նոր տուն փնտրել, երբ ռումբն իրենց հասավ հալեպի տան պատշգամբում:

«Դեմքիս վրա 18 կար եղավ, ամբողջ գլուխս արյուն էր: Երեսիս պայթեց, բեկորները մատներիս վնասան, մինչև հիմա ցավում է», – ասում է Մառլեն Կարագյոզյանը:

Կարագյոզյանների ընտանիքի տեղահանությունը հատկապես բարդ անցավ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ապրեցին երկու ամիս: Արագ հեռացան: Նազարեթ Կարագյոզյանը` տան ավագը, ասում է` պատճառը Թուրքիայում թանկ կյանքն էր, ինքն ու կինը առողջական լուրջ խնդիրներ ունեն, վարսահարդար տղայի աշխատավարձը միայն տան վարձին էր բավականացնում:

Հալեպ վերադառնալու տարբերակը չեն քննարկում: Հեռանալիս վաճառել են տունը, չնչին գնով և արաբների: Բեյրութում էլ երկար չեն մնա: Երևանում թողել են դստերը և նորածին թոռնուհուն:

Լիբանան հասած 10 հազար սիրիահայերից Խաչատրյանների ընտանիքը Հալեպից հեռացել է, երբ ռումբերը և մեքենաներին դարսված դիերը հասել են հայկական թաղեր:

«Շատ ցնցվեց, ուղղակի ցնցում եղավ, դրանից հետո էլեկտրականությունն անջատվեց, հետո ջուրը»,- հիշում է Անի Խաչատրյանը:

Հալեպը ծարավ էր ամիսներ շարունակ: Ջրի վերջին առվակները ցամաքել էին ավերակների վերածվող քաղաքի փողոցներում: Հիմա ջրի և էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է, բայց հայերը չեն շտապում վերադառնալ:

«Հալեպի շուրջը տակավին հարցեր կան: Հիմա այստեղ` Բեյրութում, որոշ չափով հարմարվել ենք, աշխատանք ենք գտել, այս ամենը թողնենք, վերադառնանք, հետո այնտեղ նորից խնդիր լինի, շատ դժվար կլինի», – ասում է Անի Խաչատրյանը:

Հալեպի շուրջ եղած գլխավոր հարցն ու վտանգն այսօր Աֆրինն է: Թուրքիայի նախագահը բացահայտ ներխուժեց Սիրիայի տարածք և թուրքական հրոսակների որջի վերածվող սիրիական քաղաքը հալեպից հեռու է ընդամենը 60 կիլոմետր:


Կարդացեք նաև․


Եթե ռազմական գործողությունները ծավալվեն և քրդերը սկսեն նահանջել, Հալեպը նորից և ավելի վտանգավոր է դառնալու` թուրքական գործոնով: Այս պայմաններում Լիբանանի հայ համայնքը սիրիահայերի գլխավոր հենարանն է: Կարագյոզյան կենտրոնը բժշկական խնամք է հասցնում և ոչ միայն հայերին, սիրիացի բոլոր փախստականներին:

ԼԻբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին կարծում է, որ միջերկրականի ափ հասած սիրիահայերը պետք է վերադառնան Սիրիա, կամ Հայաստան, քանի որ սիրահայ գաղութը պետք է մնա իր տեղում:  100 տարի առաջ Թուրքիան չկարողացավ հայերին ոչնչացնել կամ Թուլուզ ու Մադագասկար հասցնել:Հիմա ևս պետք է ձախողվի:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։

Գրել կարծիք