Նախագահ Թեոդոր Ռուզվելտը և հայերը. ինչի՞ մասին էր գրում ԱՄՆ էքս նախագահը

Նախագահ Թեոդոր Ռուզվելտը և հայերը. ինչի՞ մասին էր գրում ԱՄՆ էքս նախագահը

«Ցանկանում եմ, որ հայերը կարողանան զենք կրել, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ, որպեսզի հաջորդ սերնդից ոչ ոք չկարողանա ասել, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը չի կարողանում կռվել». Թեոդոր Ռուզվելտ:

«Հայերի կոտորածը պատերազմի ամենամեծ հանցանքն էր…»,- Քլիվլենդ Հադլի Դոջին ուղղած նամակում գրել է Ռուզվելտը: 1918-ի մայիսն էր: Նա արդեն հեռացել էր Սպիտակ տնից և հաստատվել Նյու Յորքում` Օյսթեր Բեյի իր տանը: Դոջը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հետ զբաղվում էր Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախմբի ստեղծմամբ, որն ավելի ուշ վերանվանվեց «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»:

Այս փաստաթուղթը Թեոդոր Ռուզվելտի նամակում է, որը 1950-ին տպագրել է Հարվարդի համալսարանի հրատարակչությունը: Ռուզվելտը, որը հայտնի է իր ուղիղ և եռանդուն քաղաքականությամբ, դեմ էր Առաջին համաշխարհայինի ժամանակ Վաշինգտոնի՝ չեզոք մնալու փորձերին:

Ռուզվելտն իր նամակում շարունակում է. «Հայկական ողբերգությունը կատարված փաստ է: Այն մեծապես տեղի ունեցավ այս ազգի` վերջին չորս տարիներին վարած պացիֆիստական քաղաքականության հետևանքով: Մեր միսիոներների ներկայությունը և պատերազմին մասնակցելու մեր ձախողումը թուրքերին հետ չպահեց 1-1.5 միլիոն հայերի, սիրիացիների, հույների և հրեաների կոտորածից, ճնշող մեծամասնությունը՝ հայեր»:

1900-ին հրատարակված նրա գրքում, որը Ռուզվելտի ելույթների և էսսեների ժողովածուն էր, մի քանի առիթներով հիշատակվում են հայերը, եվրոպացիներն էլ քննադատվում՝ Օսմանյան կայսրության դեմ չկռվելու համար:  

«Այս [19-րդ] դարավերջին Եվրոպայի միջազգային բարոյականության վրա մեծ բիծ թողեց ոչ թե պատերազմը, այլ աշխարհի հզորների տխրահռչակ խաղաղության պահպանումը, երբ Թուրքիան հուսալքված Հայաստանում վերջին ահասարսուռ ջարդերը, չարչարանքներն ու անարգանքներն էր իրագործում տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ: Պատերազմից խուսափեցին, խաղաղությունը պահեցին, բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այդ խաղաղության ընթացքում իրագործվում էր ավելի մեծ մարդկային ողբերգություն, քան ավելի ուշ Գերմանիայի և Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի պատերազմներն էին», – 1890-ականների համիդյան ջարդերի մասին գրում էր Ռուզվելտը:

4 տարի հետո` Սպիտակ տանը հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, նախագահի խորհրդական Ջեյմս Բրոնսոն Ռեյնոլդսն ասաց. «1895-ից սկսած թուրք զինվորներն և նրանց օժանդակողներն ավելի շատ հայ տղամարդ, կին և երեխա կոտորեցին, քան 1870-ին` ֆրանս-պրուսական պատերազմում երկու կողմերի զոհերը միասին»: Ռուզվելտը նրան ընդհատեց՝ ասելով. «Դուք մեջբերում եք իմ իսկ գրքից: Ես եմ առաջինն այդ հայտարարությունն արել»:

Այս հանդիպմանը Ռեյնոլդսի ներկայությունը պատահական չէր. 1901-ին նա էր խմբագրել «Քրիստոնեական գործունեության երկու դարը Եյլում» գիրքը: Այդ հրատարակությունը ներկայացնում է քրիստոնեության պատմությունն առաջատար կրթական հաստատությունում՝ փոխանցելով Եյլն ավարտած միսիոներների պատմություններն արտասահմանում: Եյլն ավարտած որոշ միսիոներներ եղել են Վանում, Էրզրումում, Սեբաստիայում, Տիգրանակերտում և հայկական այլ պատմական տարածքներում: Եյլի հետ կապ ունեցող 25 միսիոներ կար Օսմանյան կայսրությունում, նրանց մեջ էր նաև ամերիկահայ Հովհաննես Տեր-Սահակյանը:

Ռեյնոլդսը 1915-ին պատասխանատու էր հայ համայնքի և Ռուզվելտի հաղորդակցման համար:

1904-ի սեպտեմբերին, երբ Ռուզվելտը պատրաստվում էր վերընտրվել, Նյու Յորքում հիմնադրված Հայկական հանրապետական ակումբը դիմեց հանրապետական հայրենակիցներին՝ «հույս ունենալով, որ հայկական քաղաքային կազմակերպություններն ամեն ինչ կանեն Թեոդոր Ռուզվելտի ընտրության, նրա վարչակազմի համար, քանի որ նրա վարած քաղաքականությունն ամենաբարենպաստն է հայերի և Հայաստանի համար»: Հանրապետական հայերը ծրագրում էին ներկայացուցիչ ուղարկել Վաշինգտոն՝ նախագահի հետ հանդիպելու համար:

1904-ի դեկտեմբերին նախագահն իր հայտարարության մեջ նշեց. «Թուրքիայում մեր դժվարությունների պատճառը ոչ այնքան վերաբերմունքն է մեր քաղաքացիների նկատմամբ, որքան անխուսափելի վրդովմունքը տեսնելով, թե ինչ զարհուրելի կառավարում է իրականացվում Հայաստանում և Մակեդոնիայում»:

Այս կարևոր տարեկան հայտարարության մեջ նախագահը նաև նշում է, թե ինչպես էին ամերիկացիները սարսափով խոսում Քիշնևում հրեաների կոտորածների մասին, հայերի դեմ կիրառվող բռնության և ճնշումների մասին:


Կարդացեք նաև.


Վերընտրվելուց հետո Ռուզվելտը հեռագիր ստացավ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանից, որը հայտնի է նաև որպես Խրիմյան Հայրիկ. «Աղոթում եմ, որ Ձերդ Գերազանցությունն ընդունի իմ խորին հարգանքը և երախտագիտությունը՝ երկու արքեպիսկոպոսներին պատշաճ հյուրընկալություն ցուցաբերելու համար, որոնց հանձնարարված էր ներկայացնել Թուրքիայում ապրող հայերի տառապանքները: Հույս ունեմ, որ Ձերդ Գերազանցության հզոր ձայնն, ի վերջո, կարող է նպաստել դժբախտ Հայաստանի մարդկանց խաղաղություն և արդարություն բերելու գործին»,- գրում է կաթողիկոսը:

Հեռագիրը հուշում է, որ նախագահն ավելի վաղ Վաշինգտոնում հանդիպել էր հայ բարձրաստիճան հոգևորականների հետ:

1915-ի սեպտեմբերին, երբ Հայոց ցեղասպանությունն ընթացքի մեջ էր, Ֆիլադելֆիայի հայ համայնքի ակտիվիստ Բարսումյանին գրած նամակում Ռուզվելտը, որն այդ ժամանակ էքս-նախագահ էր,  նկատում էր, որ կցանկանար բավարար ուժ ունենալ` ի նպաստ հայերի որոշ արդյունավետ գործողություններ իրականացնելու համար: Բոստոնի «Հայերի ազգային պաշտպանության ամերիկյան կոմիտեին» ուղղած նամակում նա գրում է. «Պարոնա՛յք, կցանկանայի օգնել Ձեզ: Ես սարսափած եմ և ցնցված` հայերի հանդեպ կատարվող վայրագություններից: Եթե կարող եմ որևէ բան անել, միշտ կանեմ ձեզ համար»:

Այս փաստաթուղթն ի թիվս մյուսների պահպանվում է Հյուսիսային Դակոտայի Դիկինսոնի պետական համալսարանի Ռուզվելտի կենտրոնում:

Այլ աղբյուրների համաձայն, Ռուզվելտը հայոց պատմության գիտակ էր: 1912-ին հայ ուսանողներին նվիրված հարցազրույցում ասել է. «Ցանկանում եմ, որ հայերը կարողանան զենք կրել, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ, որպեսզի հաջորդ սերնդից ոչ ոք չկարողանա ասել, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը չի կարողանում կռվել»:

Ամերիկյան քաղաքագիտական ասոցիացիան Թեոդոր Ռուզվելտին 2015-ին հռչակել է ԱՄՆ չորրորդ ականավոր նախագահը` Լինքոլնից, Վաշինգտոնից և Ֆրանկլին Ռուզվելտից հետո: Նյու Յորք Թայմսը 2018-ին վերահաստատեց սա: Նա դեռ 1920-ականներին էր հռչակվել ԱՄՆ 4 ականավոր նախագահներից մեկը:

mirrorspectator

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք