BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

8 անձնային գծեր, որոնք անհրաժեշտ են մարդկանց լավ հ

8 անձնային գծեր, որոնք անհրաժեշտ են մարդկանց լավ հասկանալու համար

Մենք չենք կարող ապրել առանց մարդկանց հասկանալու, կամ առնվազն մարդկանց հասկանալու փորձերի։ Հարցի իր պատասխանն է առաջարկել նաև հայտնի հոգեբան ԳՕլպորտը, ով առանձնացրել է 8 անձնային գծեր, որոնք, ըստ նրա դիտարկումների և հետազոտությունների, անհրաժեշտ են մարդկանց ավելի լավ հասկանալու համար։


  • Փորձ (Experience)


Մարդկանց լավ հասկանալու համար նախ և առաջ որոշակի հասունություն է անհրաժեշտ։ Եվ դա ենթադրում է ոչ միայն 30-ին մոտ տարիքին հասնելը, այլև մարդկային բնույթի տարատեսակ և խճճված դրսևորումների հետ փոխգործակցելու հարուստ փորձ ունենալը, որի շնորհիվ էլ փորձառու մարդը կարող է այլ մարդկանց  մասին դատողություններ անել՝ հենվելով իր ինտուիտիվ մտահանգումների վրա։

  • Նմանություն (Similarity)


Մարդիկ ավելի լավ են հասկանում այն մարդկանց, ում հետ ինչ-որ հատկանիշներով նման են իրար։  Սակայն պետք է նշել, որ «նմանությունը» հանդես է գալիս, որպես «փորձի» հատուկ ձև, քանի որ, ինչքան ավելի շատ է ինչ-որ մեկը Ձեզ նման, այդքան ավելի շատ շփման փորձ նրա հետ Դուք ունեք։ Այդ պատճառով էլ միևնույն ազգության, կրոնի կամ նույնիսկ միևնույն մասնագիտության տեր մարդիկ իրար ավելի լավ են հասկանում։

  • Ինտելեկտ (Intelligence)


Հետազոտությունները փաստում են, որ կա որոշակի կապ  մարդկանց մասին ճշգրիտ դատողություններ անելու և բարձր ինտելեկտի միջև։ Եվ դրա պատճառն այն է, որ մարդկանց հասկանալ նշանակում է բացահայտել կապը նրանց անցյալի և ներկայիս արարքների միջև, տեսնել կապը նրանց ներքին առանձնահատկությունների և արտաքին հանգամանքների միջև, և իհարկե կարողանալ այդ ամենի մեջ դուրս բերել պատճառահետևանքային կապերը։ Իսկ ինտելեկտը նման կապեր տեսնելու ընդունակությունն է։

  • Ինքնաճանաչում (Insight)


Նախքան դիմացինին հասկանալը, յուրաքանչյուր մարդ պետք է նախ և առաջ  հասկանա ինքն իրեն։ Սեփական հակումների և պահանջմունքների բացահայտումը, երբեմն անհետևողական վարքի, երբեմն էլ բարդ նպատակադրումների բացահայտումը կօգնեն խուսափել այլոց մասին մակերեսային դատողություններ անելուց։ Եվ հակառակը՝ սեփական բնույթի թերի և աղավաղված ընկալումները կարող են տարածվել այլոց վրա՝ բերելով փոխհասկացման սխալների։

  • Բարդություն (Complexity)


Որպես կանոն, մարդիկ չեն կարողանում խորապես հասկանալ նրանց, ովքեր իրենցից շատ ավելի խորն են և բարդ։ Պարզ միտք ունեցողը չի կարողանում ճշգրիտ ընկալել բարդ մտքի  բոլոր թռիչքներն ու ելևէջները։ Եվ հակառակը, որքան բարդ և բազմաշերտ է մարդու բնույթը, այդքան ավելի հեշտ է նրա համար դիմացինին հասկանալը։

  • Մեկուսացում (Detachment)


Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտրովերտները ավելի լավ են հասկանում մարդկանց, քան էքստրավերտները։ Քանի որ նրանք, նախընտրելով անմասնակից մնալ սոցիալական շփումներին, կարողանում են կողքից դիտելով բավականին ճշգրիտ դատողություններ անել մարդկային բարդ բնույթի մասին։ Այնինչ էքստրավերտները, մշտապես գտնվելով իրադարձությունների էպիկենտրոնում, չեն կարողանում կատարած դատողությունները տարանջատել հուզական ապրումներից, ինչի արդյունքում էլ նրանց պատկերացումները մարդկանց մասին հաճախ աղավաղված են լինում։


Կարդացեք նաև.




  • Էսթետիկ հակումներ (Aesthetic Attitude)


Էսթետիկ միտք ունեցողները մշտապես փորձում են թափանցել տարբեր օբյեկտներին բնորոշ ներքին հարմոնիայի մեջ, և նշանակություն չունի՝ տվյալ օբյեկտը կլինի որևէ պարզ զարդանախշը, թե մարդկային բարդ էությունը։ Նման միտք ունեցող մարդիկ կարող են մարդկային հոգու գիտակներ համարվել, նույնիսկ եթե չունենան մարդկանց հասկանալու համար անհրաժեշտ մնացած գծերը։ Բարձր զարգացվածության դեպքում էսթետիկ միտքը կարող է փոխարինել և՛ փորձի պակասը, և՛ նմանաության բացակայությունը, և՛ բարդության անբավարարությունը, սակայն եթե այդ գծերը համակցված հանդես գան, ապա մարդկանց  հասկանալու արվեստի մեջ այդ մարդիկ կհասնեն չտեսնված բարձունքների։

  • Սոցիալական ինտելեկտ (Social Intelligence)


Սոցիալական ինտելեկտը անհրաժեշտ է, ոչ այնքան հասկանալու, որքան մարդկանց հարմարվելու համար, քանի որ այն ենթադրում է, մարդկանց հնարավար արարքները կանխատեսելու ընդունակություն։ Իսկ դա իր հերթին մարդուց պահանջում է դիմացինի արարքների, ապրումների և մտքերի նկատմամբ ուշադիր լինելով հանդերձ, ցույց չտալ անտեղի զարմանք կամ ձանձրույթ, լինել համբերատար, բայց և ուղորդող, բարյացակամ և զուսպ։ Վարքի նման հավասարակշռությանը հասնելու համար անհրաժեշտ է նաև մարդկանց հետ հաշտ և հանդարտ հարաբերություններ ունենալու ցանկությունը։

Հեղինակ՝ Սվետլանա Հարությունյան


Աղբյուր՝  Леонов Н. И. Психология делового общения: Учеб. пособие. — 3-е изд., испр. и доп. — М.: Издательство Московского психолого-социального института; Воронеж: Издательство НПО «МОДЭК», 2005. — с 42-46.

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։


Տարածել