ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Վահան Բադալյան․ «Շատ հայ տղամարդիկ իրենց

[Մոնոլոգ] Վահան Բադալյան․ «Շատ հայ տղամարդիկ իրենց երեխաներին արգելում են ընտրել այս մասնագիտությունը»

​մարդ կամ մասնագետ
Շատ բարդ է կողմնորոշվելը: Բարոյական ընտրության առաջ ես կանգնած՝ որն է ավելի ճիշտ: Իմ ընտրությունը մարդն է: Երբեմն նկարիչները կենդանիներին բռնության են ենթարկում, որ շոկային կամ յուրահատուկ տպավորություն գործեն այցելուի վրա: Կարծում եմ դրա մեջ մանիպուլիացիայի տարրեր կան: Գնահատում եմ այն տեսակի արվեստը, որը ներշնչվում է խնդրից և ստեղծում է սիմվոլիկ, հետաքրքիր աշխարհ և մեսսիջը ենթատեքստի միջոցով է հասցնում մարդուն, ոչ թե ուղիղ ձևով:
ես և հայելին
Ինքս ինձ հետ հաճախ եմ խոսում, բայց չեմ սիրում ինձ նայել հայելու մեջ կամ երկխոսության մեջ մտնել հայելու հետ: Ես և իմ պատկերը իրար հետ ներդաշնակության մեջ չենք: Ներքին զրույցներ շատ հաճախ են լինում: Ցավոք սրտի, վերջին շրջանում ինքս ինձ հետ մենակ մնալու ժամանակ չեմ ունենում:
Շատ սիրում եմ ճանապարհորդել, և միակ պահը, որ խոսում եմ ինքս ինձ հետ` երկնքում է՝ օդանավում: Միակ պահն է, որ քեզ մենակ ես զգում, ամեն ինչից կտրվում ես: Նաև մտահոգություններն ի մի բերելու  կամ ապագայի մասին մտածելու հրաշալի առիթ է:
Վայրը ստեղծում է մտքեր. ես տեղանքից ներշնչվող անձնավորություն եմ: Երբ հայտնվում եմ բնության գրկում, քաղաքում, մշակութային օջախներում, դրանց իմպուլսները տպավորություն են գործում, և դա անդրադառնում է ստեղծագործական կյանքի վրա: Կարևորում եմ նաև միջավայրը, որտեղ ապրում ենք, ստեղծագործում: Մարդը կարող է անելանելի վիճակում լինել. երբ նրան ֆիզիկապես վերցնես և տանես, օրինակ` ծովափ կամ անտառ, խնդիրները միանգամից կլուծվեն՝ կգտնի ճանապարհը:
լռության բղավոցը
Լռությունը ամենախոսուն երևույթն է և´ կյանքում, և´ բեմում: Ես չեմ սիրում, որ մարդիկ շատ են խոսում բեմի վրա: Մարդու մարմնի լեզուն և ներքին մոնոլոգը հարյուր անգամ ավելի շատ բան է ասում մարդու, փոխհարաբերությունների մասին, քան բառերը:
Մենք բառերը շռայլում ենք: Շատ ենք արժեզրկել բառի նշանակությունը, շատ հաճախ ենք խաբում այդ պատճառով, բառերի նշանակությանը մեծ դեր չենք տալիս: Լռությունը ամենալավ միջավայրն է նաև ստեղծագործելու համար: Ես սիրում եմ, որ հանդարտ, հանգիստ և արժեվորված բաներ են լինում այդ լռության մեջ:
​ժամանակի շունչը
Ժամանակը շատ արագ է առաջ գնում: Դու պետք է զգաս ժամանակը: Եթե հետ ես մնում, չես զգա զարկերակը և հետ կմնաս քո կյանքից, կապրես անցյալով: Ժամանակը զգալ նշանակում է ապրել ներկայով և միշտ նայել դեպի ապագան: Մենք շատ հաճախ ենք սխալներ գործում, բայց մեր գործած սխալներին, հաղթանակներին անընդհատ անդրադառնալը կանգնեցնում է մեր զգացումները, ապրումները: Կյանքը հենց հիմա է և հենց այստեղ: Մեր կյանքը կարող է ցանկացած պահ ավարտվել: Ոչ ոք չգիտի՝ ինչ է իրեն սպասվում, այդ պատճառով պետք է ապրել այս օրով, այս վայրկյանով և երզել ապագայի մասին: Մեր հասակության մեջ այդ խնդիրները կան՝ անցյալապաշտ ենք, անցյալատենչ: Իհարկե, պետք է անցյալը հիշել, բայց պետք է չմոռանալ ներկայի մասին: Չպետք է խոսենք` ովքեր ենք եղել, ինչ ենք ունեցել, այլ ո՞վ ենք հիմա, որտե՞ղ ենք, ի՞նչ ունենք, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ուզում ունենալ: Սա կփոխի աշխարհայացքը, և դրական արդյունքի կհասնենք:
աչքերում թաքնված ժպիտը
Աչքերը հոգու հայելին են. իզուր չէ ասված, որովհետև միայն մարդու աչքերը տեսնելով կհասկանաս` մարդը ուրախ է, տխուր է, ժպտում է:
Ես սիրում եմ ժպտերես մարդկանց: Ժպիտը ամենագեղեցիկ երևույթներից մեկն է: Կոտրում է սահմանները, և մարդու հետ կոնտակտի մեջ ես մտնում:
Մենք քիչ ենք ժպտում: Ես երբեմն նախանձով եմ նայում արտասահմանում ապրող մարդկանց: Նրանք ժպտում են` անկախ ամեն ինչից: Դա բարեկամության, հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում: Դա նաև խոսում է ազգային կոմպլեքսների մասին: Անգամ երեխաներ ունեցող ծնողները փողոցում քայլելիս են լարված նայում, բայց նրանց երեխան ժպտում է, քանի որ մտածմունք, հոգս չունի: Այդ էներգիան պետք է երեխաներից փոխանցվի մեծերին:



Կարդացեք նաև․



ինքնանկար
Չեմ սիրում, որ միայն ինձ են լուսանկարում: Նախընտրում եմ մարդու ինքնության արտացոլումը լուսանկարներում և գեղանկարներում: Նախընտրում եմ սև և սպիտակ լուսանկարներ: Չունեմ գեղանկար իմ կերպարով: Եթե երբևէ լինի, պետք է լինի աբստրակտ ոճով: Պետք է ներկայացվեն իմ հույզերը, մտքերը, պատկերացումները: Եթե ինքս ինձ նկարեմ, մի պատկերը մյուսին նման չեմ նկարի:
փառք
Մեր ժամանակների հիվանդություններից մեկն է: Փառասիրությունը լավ բանի չի բերում: Չեմ սիրում փառասեր մարդկանց: Բայց նաև ասում են` եթե արվեստում համեստ լինես, կմնաս չճանաչված: Ճանաչված լինելուն յուրահատուկ գնահատական տալը, անընդհատ դրանից օգտվելը, միայն դրա վրա շեշտ դնելը արվեստագետին կործանում է: Տխրությամբ եմ նայում երիտասարդ ստեղծագործողներին, որոնք այդ մոլուցքի մեջ են ընկնում 2-3 անգամ էկրանին երևալով կամ 1-2 հաջողություն ունենալով:
Փառքը գրավիչ բաներ ունի, բայց պետք է կարողանաս ինքդ քեզ կառավարել: Փառքը, ցավոք սրտի, թե բարեբախտաբար` հարատև չէ: Շատ արվեստագետներ, երաժիշտներ իրենց կյանքի ընթացքում եղել են չճանաչված են, դժբախտ, սոված, իսկ հիմա...
բեմ
Բեմը ներառում է փառք: Բեմը տարօրինակ բան ունի: Ուզես թե չուզես` պետք է նախ ինքդ քեզ դուր գաս, հետո մարդկանց հաճելի թվաս: Ինչ-որ կանացի բան կա դերասանի մասնագիտության մեջ՝ դուրեկան լինելու առումով: Շատ հայ տղամարդիկ իրենց երեխաներին արգելում են ընտրել այս մասնագիտությունը, թույլ չեն տալիս արվեստի մեջ մտնել, որովհետև վախենում են: Դա մի հարթակ է, որտեղ վերահսկողություն չկա:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել