[Մոնոլոգ] Վահան Շաքարյան. «Փառքը անձնական թերություն է»

[Մոնոլոգ] Վահան Շաքարյան. «Փառքը անձնական թերություն է»

newmag-ը զրուցել է Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնմիքս ընկերության տնօրենի հետ: Նա խոսել է ճանաչման, փառքի ու ներկայով ապրելու մասին:

ապրել ներկայով

Ապրել ներկայով ըստ իրավիճակի: Այս րոպեի ներկան ուրիշ է, մեկ ժամ հետո ներկան կփոխվի: Մեր զգացմունքները, հայացքները, մտքերը կփոխվեն: Հետևապես պետք է ապրել այդ վայրկյանին, այդ իրողությամբ:

Ապագայի մասին պետք է երազել, բայց քայլեր անել հասնելու համար: Անցյալը պետք է օգտագործես որպես դաս, բայց դրանով չպետք է ապրես, որովհետև միևնույն է չես կարող վերադարձնել, չես կարող փոխել: Բայց պետք է վերցնես դասեր, որ ներկայում և ապագայում չսխալվես:

բառի արժեքը

Յուրաքանչյուր բառ կարող ես ընկալ այնպես, ինչպես դու ես ցանկանում, կամ հասկանալ այնպես, ինչպես ասել է: Կյանքում բացառություններ չկան, լինում է, որ սխալ բառ ես օգտագործում, կամ սխալ ես հասկանում, բայց մեծ մասամբ դիմացինն է սխալ հասկանում: Եթե այդպիսի իրավիճակ կա, պետք է խոսեք, բացատրեք :

երաժշտության բերած մտքերը

Երաժշտությունը էմոցիա է բերում, դրանից էլ մտքեր են գալիս: Երաժշտությունը մեծ դեր ունի մեր կյանքում: Երբ օրվա վերջում տեսնում եմ, որ աշխատակիցներս հոգնել են` ռիթմիկ երաժշտություն եմ դնում, որ լիցքաթափվեն:

մտքերն ըստ վայրի

Բնությունը մի վայր է, աշխատասենյակը` մի ուրիշ վայր, աստիճանները` մեկ այլ: Մեր կյանքի վրա ամեն ինչն է ազդում՝ արտաքին մջավայրը, մարդիկ, նրանց տրամադրությունները:

Եթե քո մտահոգությունը ինչ-որ մի ուղղությամբ շատ ծանր է, դժվար որոշում պետք է կայացնես` պետք է մենակ մնաս: Ոչ-ոք, ոչինչ  չպետք է խանգարի, որպեսզի ես կարողանամ կենտրոնանալ: Այսպես կարողանում եմ ճիշտ որոշում կայացնել, ավելի խորը հասկանալ խնդիրը, դրա լուծումները:

Անտառում այլ կլինեն մտքերը: Սրճարանում կարող է տեսնես մի ծանոթ մարդու, կամ ինչ-որ մեկի, որը կհիշեցնի քեզ մեկին՝ հագուստով, գրիչով, կամ ծխելու ձևով. դրանք էլ ուրիշ մտքեր են: Մեր միջավարում ինչ կատարվում է` մեզ վրա ազդեցություն թողնում է:


Կարդացեք նաև.


լինել հաճելի

Պարտադիր է մարդկանց հաճելի լինելը: Երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում տարբերություն շատ եմ զգացել: Հիմա մեր հասարակությունը փորձում է ավելի հաճախ ժպտալ: Կան մարդիկ, ովքեր մտածում են` անծանոթին ինչո՞ւ ժպտալ: Բայց ինչո՞ւ` ոչ: Հաճելի է, որ դիմացինդ ժպտում է. մթնոլորտը բարեհամբույր է լինում:

Մենք բոլորս էլ փորձում ենք հաճելի թվալ: Մի՞թե ծանոթանում ենք, որ ցույց տանք՝ ինչքան տհաճ մարդ ենք մենք: Բոլորս ի ծնե հաճելի մարդիկ ենք:

խաղեր կյանքում

Մեր ցանկությամբ ենք մասնակցումն կյանքի խաղերին: Եթե նման իրավիճակ է ստեղծվում, ապա մենք ինչ-որ ձևով մասնակցություն ենք ունեցել, որ նման իրավիճակ է ստեղծվել: Փողոցով գնալը կյանքի խաղ չէ, այլ  իրավիճակ է: Մեր մասնակցությունից էլ կախած է, թե իրավիճակը ինչպիսին է և ինչքան է մեզ պետք: Ինքներս էլ որոշում ենք` խաղա՞լ, հասցնել նպատակի՞ն, թե դադարեցնել, չմասնակցել:

ճանաչում և փառք

Փառքը անձնական թերություն է: Ինչ-որ բանի հասնեուց հետո որպես մարդ ոչնչով չես փոխվում: Դու պարզապես մի բան անում ես, որով տարբերվում ես մնացածից: Եթե գոռոզ չես, երբեք քեզ բարձր չես դասել, «քիթդ բարձր» չես պահել, ինչքան էլ բարձրանաս, քիթդ մնալու է իր տեղում:

Այն մարդը, որն իր քրտինքով, տարիների աշխատանքով է հասնում արդյունքի, չի գոռոզանում: Բայց եթե պատահաբար է հասնում, համարում է, որ ամեախելացին է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք