[Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ

[Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ

Դեյվիդ Ինգնեշիուսն Արտակ Ալեքսանյանին պատմել է լեգենդար հոր համեստ ու քչախոս բնավորության մասին:

Արտակ Ալեքսանյան – Դեյվիդ Իգնեշիուս, ո՞րն է Ձեր առաջին տպավորությունը գրքից, երբ այն առաջին անգամ հրատարակվեց գրեթե 20 տարի առաջ՝ 2001 թվականին:

Դեյվիդ Իգնեշիուս – Իմ առաջին արձագանքը …նախ շատ ուրախ էի, որ հայրս վերջապես թղթին հանձնեց այն պատմությունները, որոնք ես լսում էի մանուկ ժամանակ: Ես չէի կարող դրանք շարադրել այնպես, ինչպես ինքը, բայց ցանկանում էի, որ այդ պատմություններն ընթերցեն իմ երեխաները և իմ թոռները: Պատմությունն այն աշխարհի մասին է, որտեղ մեծացել է իմ հայրը: Իր յուրահատուկ հայացքով ու հումորով շարադրված: Դա մի աշխարհ է, որտեղ երիտասարդ ամերիկահայ տղան մեծացել է 1920-ական, 30-ական թվականներին, որից հետո գնացել է պատերազմ: Իմ կարծիքով այդ պատմությունները շատ յուրահատուկ էին: Շատ ուրախ եմ, որ հայ ընթերցողը կարող է կարդալ այս պատմությունը, ինչպես իմ երեխաներն ու թոռները կարդացին, և ծիծաղեն այն հատվածների վրա, որոնք գրված են հումորով, զգան այն, ինչ մենք ենք ապրել որպես ընտանիք: Այս իմաստով չափազանց երջանիկ եմ:

Ա. Ա. – «Հիմա մասամբ գիտեմ» վերնագրով գիրքը որոշակի առումով պատմություն է նաև Ամերիկայի հայկական համայնքի՝ հատկապես Կալիֆոռնիայի մասին: Երբ գիրքն ընթերցում էի առաջին անգամ, իմ առաջին արձագանքն էր. « Աստված իմ, Իգնեշիուսները շփվել և մտերիմ են եղել Սարոյանների հետ, նրանք ճանաչել են Ռուբեն Մամուլյանին, կարդացել են Մայքլ Առլենին»: Այս լեգենդար մարդկանց կալեյդոսկոպի ֆոնին դուք զգա՞ցել եք, որ Ձեր ընտանիքը շփվել է ամերիկահայ համայնքի լեգենդների հետ:

Դ. Ի. – Անձը, որին պետք է հիշատակեմ հայրիկիցս առաջ, պապս է՝ Հովսեփ-Պողոս Իգնատոսյանը: Մենք նրան կարճ HB էինք անվանում, որը ինչպես հիմա է ընդունված ասել, մեծ անհատ էր՝ կյանքից ավելի: Արջի պես հաղթանդամ էր, և Կալիֆոռնիայի հայկական համայնքի առաջնորդներից էր՝ ձևավորման ամենավաղ շրջանում: Այնպես պատահեց, որ նա տեղափոխվեց Գլենդել, և հայրս սիրում է ասել, որ Իգնատոսյանների ընտանիքն առաջին հայ ընտանիքն է, որը հաստատվել է Գլենդելում: Իմ պապը շատ խարիզմատիկ անձնավորություն էր, և դեպի իրեն էր ձգում ժամանակի ամերիկահայ բոլոր արվեստագետներին: Ճանաչում էր Վիլյամ Սարոյանին, որովհետև նրա հորեղբայրը՝ Արամ Սարոյանը, պապիկիս մոտ ընկերն էր: Սարոյանն ու պապս շատ կատակներ էին անում, տատիկիս հոգու հետ էին խաղում, օրինակ` սկսում էին ռադիոյի հաղորդավարների պես խոսել, և հարևան սենյակում նստած մեծ տատիս թվում էր, թե հայկական ռադիո է լսում: Պապիս ընկերներից էր օրինակ ամերիկահայ տաղանդավոր ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Հայրս պատմում է, որ պատանեկության տարիներին աշխատել է Մամուլյանի համար, և շատ զվարճալի պատմությունն է պատմում, թե ինչպես է փոստատար աշխատել Հոլիվուդի մեծ կինոստուդիաներում, ինչպես է մի անգամ նամակ տարել այն ժամանակ դեռևս Հոլիվուդի աստղ, դերասան Ռոնալդ Ռեյգանին:

Ա. Ա. – Ձեր հայրը նկարահանվել է նաև Մամուլյանի ֆիլմերում:

Դ. Ի. – Այո, նա երեխա ժամանակ նկարահանվել է ֆիլմերում, և մենք օրինակ` միշտ սպասում էինք, թե երբ են հեռուստացույցով Մամուլյանի ֆիլմերը ցուցադրելու, որ հորս տեսնեինք: Հիշում եմ, մի ֆիլմում հայրս մի տեսարանում է նկարահանվել, որտեղ երեխաները կռվում են բարձերով, միշտ սպասում էինք այդ տեսարանին ու բացականչում էինք. «Տեսեք, տեսեք, հայրի՛կը: Մեկ այլ ֆիլմում էլ հայրս նկարահանվել էր մի տեսարանում, որտեղ քայլում է կովբոյների քաղաքով և մի ռեպլիկ անում.« 50 դոլար», բայց դա մեզ համար շատ մեծ իրադարձություն էր, ու ամեն անգամ անհամբերությամբ էինք սպասում ֆիլմի այդ էպիզոդին: Հայրս շատ տաղանդավոր է՝ տարբեր ոլորտներում: Հայերը նրան ճանաչում են որպես ռազմածովային ուժերի նախարարի, որպես ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյայի: Անշուշտ, նրա որդին լինելով, չափազանց հպարտ եմ նրա ձեռքբերումների համար: Կարող եմ ավելացնել, որ այն ինչ ես գիտեմ, ու կիմանան նաև այս գրքի ընթերցողները, նա նաև արտիստ է՝ բառի լայն իմաստով: Նա բառերի և ձևակերպումների բացառիկ տաղանդ ունի, որով կարողանում է նկարագրել ոչ միայն իր կյանքը, այլև իր շրջապատը, մարդկանց ու ժամանակը: Տատս՝ հայրիկիս մայրը, նույնպես արվեստագետ էր, շատ խորը պատկերացում ուներ, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը: Նա հավատում էր խաղաղությանը, համերաշխությանը, հայրս պատմում է նրա մասին, և գրքի հայերեն հրատարակության ամբողջ համայնքն այն է, որ այս գիրքը բացում է մեր ընտանիքի պատմությունը՝ շատ ավելի մեծ լսարանի համար:


Կարդացեք նաև.


Ա. Ա. – Դուք գրքի նախաբանում գրել եք, որ վերնագիրը՝ «Հիմա մասամբ գիտեմ», շատ առումներով ցույց է տալիս ձեր հոր բնավորությունը, որ նա կատեգորիկ չէ իր գնահատականներում: Ձեր կարծիքով, այդ ժամանակի մարդկանց յուրահատո՞ւկ էր նույնիսկ իրենց վերաբերող գնահատականներում չափազանց համեստ լինելը: Ի տարբերություն նոր սերնդի, որն ամեն ինչ գիտի և կամ ամեն ինչ կարող է իմանալ Google-ի միջոցով:

Դ. Ի.  – Այո, հորս սերունդն իսկապես ուներ այդ համեստությունը, ասում էր՝ այն ինչ գիտես, չպետք է քեզ վերագրես, դա տղամարդուն վայել չէ, և ընդհանրապես, այն, ինչ գիտես, դրա մասին խոսելն էլ առանձնապես խրախուսելի չէ: Հայրս իր ամբողջ կյանքի ընթացքում շատ զուսպ է եղել այն պատմություններում, թե ինչպես է աշխատել որպես ռազմածովային ուժերի նախարար կամ ինչպես է մասնակցել 2-րդ աշխարհամարտի ծովային ամենակարևոր մարտերից մեկին: Նա ուղղակի չէր խոսում այդ մասին: Կարծում եմ, որ դա նաև իր բնավորությունն է, որը որ ավելի ուժեղ է դարձրել նրան: Որոշակի իմաստով դա նաև ձևավորեց հայերի մասին ամերիկացիների պատկերացումները, որ հայերը պինդ, քչախոս և համեստ մարդիկ են: Պապս օրինակ լավ բանախոս էր, լավ ելույթներ էր ունենում, իսկ հայրս շատ ավելի զուսպ էր: Ամբողջ կյանքում է այդպես եղել, շատ քչախոս: Ինձ համար հրաշալին այն է, որ իր կարիերայից հետո, իր կյանքի այս փուլում, նա գտավ այն տարբերակը, որով կարողացավ խոսել իր կյանքի մասին: Պատմել պատմություններ իր պատանեկության մասին, իր կյանքի պատմությունն ամբողջությամբ ներկայացնել: Նա նաև ունի շատ ինտելեկտուալ և շատ նուրբ հումոր, երբ պատմում է իր պատանեկության տարիների, Հարվարդի տարիների մասին:

Ա. Ա. – Ձեր հայրը օրինա՞կ է ծառայել Ձեզ կամ Ձեր եղբոր համար:

Դ. Ի. – Եղբորս և ինձ համար մեր հայրը հերոս է, նա նաև մեր ամենամոտ ընկերն է, դժվար է հավատալ, բայց նա իսկապես մեզ համար եղել է մեր ամենամոտ ընկերը, և մեզ հետ ընկերություն անելով երբեք ոչինչ չի պարտադրել, երբեք կանոններր չի սահմանել մեզ համար, օրինակ երբ Հարվարդի համալսարանից դուրս մնացի, ասաց. «տես՝ ինչ ես անում», բայց երբեք ոչինչ չպարտադրեց, պարզապես ասաց, որ կյանքում իմ տեղը կգտնեմ:

Ա. Ա. – Այսինքն դասական առումով զինվորական չէր…

Դ. Ի. – Ոչ, նա երբեք ձեռքը սեղանին չի խփել, նա օգնել է ինձ՝ գտնել կյանքիս բալանսը, կյանքիս իմաստը, աշխարհում իմ տեղը: Երբեմն շատ դժվար է ուժեղ մարդու որդի լինելը, որովհետև կամ փորձում ես նրան նմանվել կամ կոտրվում ես: ինքնուրույն լինելու հնարավորություն է տվել Հայրս , և կյանքի ճանապարհը միայնակ գտնելու ունակություն : նույն հնարավորությունը տվել է նաև եղբորս, այդ իմաստով ես շատ բան եմ սովորել նրանից, օրինակ ինչպիսին պետք է լինի ծնողը: Դա առաջին հերթին ճկո՛ւն, ոչ թե կարծրացած լինելու կարողությունն է:

Ա. Ա. – Եվ այդ նույն ծնողական մարտավարությունը դուք կիրառե՞լ եք ձեր երեխաների նկատմամբ:

Դ. Ի. – Ես երեք աղջիկ ունեմ, ինձ համար ավելի հեշտ է եղել, նրանց միշտ խորհուրդ եմ տվել անկեղծ լինել նախ իրենք իրենց հետ, ռիսկի դիմեն, և հավանաբար դա է պատճառը, որ նրանք էլ բազմաթիվ հաջողությունների են հասել: Վստահ եմ, որ հորս փոխանցած ոգին նաև իր թոռների մեջ է:

Ա. Ա. – Դուք երրորդ սերնդի ամերիկահայ եք, ձեր կարծիքով Ձեր երեխաները կապվա՞ծ են Հայաստանի հետ, թե դա սերունդ է, որն արդեն կորցրել է կապը հայաստանյան միջավայրի հետ:

Դ. Ի. – Իմ դուստրերը բավականաչափ կապված են Հայաստանի հետ, իմ մի աղջկա մեկի երկրորդ անունն Աղավնի է, որը Ցեղասպանության ժամանակ մեր գերդաստանի մահացած բարեկամի անունն է: երեքն էլ ցանկանում են գալ Հայաստան՝ Երևան և իմանալ իրենց հայկական պատմությունը: Գիտե՞ք՝ ամբողջ ճշմարտությունն այն է, որ Հայաստանում կա մի ինքնատիպ և ուժգին էներգիա, որ բոլորս կրում ենք: Ընդ որում այդ էներգիան չի վերանում , չնայած հայկական արյան տոկոսը նվազում է: Ե՛վ հայրս, և՛ ես, չենք ամուսանցել հայ կանանց հետ: հիմա իմ երեխաների մեջ նվազում է հայկական արյան տոկոսը, բայց հայկական էներգիան չի պակասում: Այո, ցավոք հայ կնոջ հետ չեմ ամուսանցել, բայց մյուս կողմից երեխաներիս անընդհատ ասում եմ, որ պետք է կրեն հայ ինքնությունը: Ես նրանց պատմել եմ Ավրորա մրցանակաբաշխության մասին, որ ամեն տարի գալիս եմ, իրենք հանդիպել են Ռուբեն Վարդանյանի հետ, որը մեր ընտանիքի համար դարձել է կարևոր մարդ: Գիտեմ, Հայաստանում շատերը մտածում են, որ սփյուռքն ի վերջո կարող է ձուլվել, այն իմաստով, որ բոլորս ապրում ենք մեր կյանքով, մեր խնդիրներով, բայց վստահեցնում եմ, որ մեզնից ոչ ոք չի մոռանում մեր արմատների մասին: Գուցե, մեր երեխաները հայերեն լավ չգիտեն կամ ընդհանրապես չգիտեն, բայց մի բան ակնհայտ է՝ նրանք շատ լավ գիտակցում են հայ լինելը:

Ա. Ա. – Գրքում Ձեր հայրը նկարագրում է 2006 թվականին իր մյուս որդու՝ Ադիի հետ Թուրքիա` Արևմտյան Հայաստան և Հայաստանի հանրապետություն այցելության մասին, որն, ի դեպ, անչափ հետաքրքիր ու զվարճալի ուղևորություն է եղել: Դուք չե՞ք ափսոսում, որ չեք միացել նրանց այդ ժամանակ:

Դ. Ի. – Այո, անկեղծ ասած ափսոսում եմ, որ չեմ միացել, բայց ես Հայաստան գալու հնարավորություն մի քանի անգամ ունեցել եմ: նաև Արևմտյան Հայաստան եմ գնացել: Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանում եղել եմ 1990 թվականին, երբ հեղափոխություն էր տեղի ունենում: Հայաստանը դեռ խորհրդային միության կազմում էր, և պետք է անկախանար մի քանի ամսից:

Ա. Ա. – Դուք այդ տարիներին Վաշինգտոն Փոստի համար էիք աշխատում, չէ՞:

Դ. Ի. – Ես աշխատում էի Վաշինգտոն Փոստի համար, և այդ ժամանակ վեպ էի գրում, որում նկարագրվում էին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում , թուրքիայում, կենտրոնական Ասիայում: Այսինքն ես Հայաստանում էի ամենասկզբից, բայց մեկ է, ափսոսում եմ, որ 2006-ին հորս և Ադիի չեկա Հայաստան:

Ա. Ա. – Ձեր հայրը երկու տարի նախագահել էր Վաշինգտոն Փոստը և դրանից մի որոշ ժամանակ անց Դուք աշխատանքի անցաք Վաշինգտոն Փոստում: Իգնեշիուս ազգանունը ձեզ օգնե՞ց թե կաշկանդեց, որպեսզի ամենահայտնի ամերիկյան պարբերականում սկսեք ձեր կարիերան:

ԴԵՅՎԻԴ- Դա ուներ և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Բայց մեծ հաշվով մեդիա բիզնեսում հաջողության ես հասնում այնքանով, որքանով հաջողված են քո հոդվածները, և կարելի է ասել, որ իմ աշխատանքը սկսեցին գնահատել այն պատճառով, թե որքան տպավորիչ ու որակյալ էին իմ հոդվածները:

Ա. Ա. – Ձեր հայրը ձեր ընթերցո՞ղն է:

Դ. Ի. – Ես 11 վեպ եմ գրել, և իմ առաջին ընթերցողներից մեկը միշտ եղել է հայրս, կնոջիցս հետո, երկրորդ մարդը, որ կարդում է: Շատ հաճախ, երբ ցանկանում եմ սյունակ գրել Վաշինգտոն պոստի համար, նախևառաջ զրուցում եմ հորս հետ, թե ինչի մասին եմ ուզում գրել: Հետաքրքիրն այն է, որ հայրս 98 տարեկան է, եկող ամիս կդառնա 99 , բայց ունի շատ սուր միտք և սթափ դատողություն: Մի բան, որ այսօր դժվար է գտնել նույնիսկ իմ հասակակիցների մեջ: Մենք նստում ենք նրա հյուրասենյակում, սովորաբար մեկ գավաթ մարտինի ենք խմում, և մեր զրույցների ընթացքում նա չափազանց դիպուկ է իր գնահատականններում: Երբեմն ես ուղղակի գողանում եմ նրա մտքերն ու նախադասությունները, որովհետև նա այնքան ճշգրիտ է իր ձևակերպումներում, որ ասում եմ. ,պապ, այս նախադասությունը ես գողանում եմ քեզնից, որ օգտագործեմ իմ հաջորդ սյունյակում:

Ա. Ա. – Ինչպե՞ս է պատահել, որ 98 տարեկանում Ձեր հայրն այդքան սթափ միտք ունի, գենե՞րն են, հաջողությո՞ւնը, թե՞ կենսակերպը:

Դ. Ի. – Ինձ թվում է՝ բոլորը: Նա շատ երկար ու ինտելեկտուալ կյանք է ունեցել: մեծ բախտավորություն է., որ կարողանում է 98-ում կենտրոնացնել իր միտքը: Նույնիսկ ինքն է ասում՝ 98-ում առողջ լինելն ու սթափ բանականություն ունենալը պարզապես հաջողություն է: Հայրս շատ հավատավոր մարդ է, ամեն կիրակի գնում է եկեղեցի, մինչև մորս մահը նա ասում էր, որ Աստված իրեն պահում է մորս խնամելու համար, բայց մորս մահից հետո անընդհատ ասում էր՝ ում խնամում էի, մահացավ, ո՞րն է իմ կյանքի իմաստը: Ես նրան ասացի՝ քո առաքելությունը՝ քո կյանքի պատմությունները, գիտելիքը մեզ ու սերունդներին փոխանցելն է: սա շատ դուր եկավ նրան: Եվ ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ հայրս լավ կենսակերպ է որդեգրել, շատ ուշադիր է իր սննդակարգի նկատմամբ, առավոտյան շատ միրգ է ուտում, ճիշտ ինչպես պապս, ֆիզիկական վարժություններ է անում: Չեք պատկերացնի, բայց 98 տարեկանում հաճախում է մարզասրահ, երկար քայլում, միայն 2 տարի առաջ է դադարեցրել գետնի վրա հրում վարժություն կատարելը : Մինչև հիմա էլ հայրս ամուր արջ է: Ամեն օր պարտադիր խաչբառ է լրացնում, որովհետև դա մարզում է ուղեղը: Ինչ եմ սովորել հորիցս, առաջինը՝ լինել հաջողակ, երկրորդ` պահպանել ունեցածը:

Ա. Ա. – Որպես իսկական ջենթլմեն, ձեր հայրը շատ զուսպ է խոսում իր անձնական կյանքի և իր կնոջ մասին: Ինչպիսին էր ձեր մայրը, երեխաներին խնամող դասական տնային տնտեսուհի՞, թե նաև ձեր հոր ընկերն էր: Ի դեպ ցավակցում եմ նրա մահվան առիթով, նա կյանքից հեռացավ այս տարի՝ հունվարին:

Դ. Ի. – Մայրս հրաշալի կին էր, հրաշալի մայր, բայց շատ տարբեր էր հորիցս: Հայրս ամերիկահայերի սերնդից էր, մայրս ամերիկացի էր, շատ հմայիչ : Շատ ներդաշնակ զույգ էր: իրար աջակցում էին, միասին դաստիարակում երեխաներին, լավ ժամանակ անցկացնում, մայրս շատ լիբերալ արժեքներ էր դավանում, ճիշտ ինչպիսին հորս մայրը: Հետաքրքրկան է, որ հայրս իր գիրքն ավարտում է մի գեղեցիկ նկարագրությամբ: Աղջիկս նվագում է դաշնամուր, որի դրված է մի նկար, որտեղ տատս նվագում է այդ նոյն դաշնամուրը, որը նվագում է աղջիկս: դստերս անունը Էլիսա է՝ տատիկիս անունը: Երկու Էլիսաները նվագում են նույն դաշնամուրը՝ տարբեր ժամանակներում: Տատս այդ դաշնամուրը բերել էր Անգլիայից, Մանչեսթրից; գնել էր նրա հայրը՝ Ավետիս Ժամկոչյանը, Բերշթեյն ռոյալ էր, որը պատրաստվել էր Անգլիայում, և հիմա մեր տանն է: Եվ հայրս նկարագրում է իմ դստերը՝ Էլիսային, նույն դաշնամուրը նվագելիս: Ասում է՝ ես չգիտեմ, թե ինչ է անմահությունը, բայց տեսնելով այս երկու Էլիսաներին, մեկն իմ հուշերում, մյուսն աչքիս առաջ, և այդ երկու զուգահեռ դաշնամուրային կատարումներն էլ միահյուսվում են, և գուցե հենց այս անընդհատությունն է կյանքի իմաստը, սերունդների համերաշխությունը, և գուցե հենց դա է անմահությունը:

Ա. Ա. – Երբ նայում ես հայերեն թարգմանության գրքի դարձերեսին, տեսնում ես Իգնեշիուսների հաջողության հասած 4 զավակներին: Փաստորեն ստացվում է, որ պտուղը ծառից հեռու չի ընկել, և դուք 4 զավակներով նույնքան հաջողակ եք, որքան Ձեր հայրը: Ո՞րն է Իգնեշիուսների մեծ ընտանիքի հաջողության բանաձևը:

Դ. Ի. – Երևի որովհետև հաջողակ ենք, ունենք խելացի ծնողներ, և որոշակի գեներ մեզ էլ են փոխանցվել, մենք ունենք լավ գեներ, որոնք հնարավորություն են տվել ինքնուրույն գտնել մեր կյանքի ճանապարհը, ոչ թե կրկնել այն, ինչ արել են մեր ծնողները: Մեծ հաշվով մեր պատմությունը մեր հայկական բնավորության և ամերիկյան հնարավորությունների միաձուլումն է: Մեզնից յուրաքանչյուրը փորձել է լինել ստեղծագործ, ռիսկի է դիմել, արել է գործեր, որոնք երբեմն շատ դժվար են եղել, բայց բախտավոր ենք, որ ամեն ինչ լավ ավարտ է ունեցել: Մեր հայրը միշտ կանգնած է եղել մեր թիկունքին, և միշտ իմացել ենք՝ ինչ էլ լինի կյանքում, ունենք ծնողներ, որոնց կարող ենք դիմել՝ օգնության համար կամ գնանք նրանց մոտ: Մեր աչքի առաջ ընտանիքներ են քայքայվում՝ տարբեր պատճառներով, իսկ հայերի համար ընտանիքն ամենակարևորն է, և մեր մշակույթի անկյունաքարը: Ընտանիքն իմ կյանքի կենտրոնում էր, և հավանաբար դա էլ ամենահայկականն է իմ հոր մեջ, որովհետև ընտանիքը նրա համար բացարձակ արժեք է:

Ա. Ա. – Դեյվիդ, շատ շնորհակալ եմ պատասխանների համար:

Դ. Ի. – Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար:

 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք