«Գահերի խաղը». newmag-ը հրատարակել է շախմատի աշխարհի չեմպիոնի գիրքը

June 17, 2019

Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին լեգենդար շախմատիստի անունը կրող շախմատի տանը newmag  ընկերությունը ներկայացրեց շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնի վերջին գիրքը: Բնօրինակը ռուսերենով լույս էր տեսել չեմպիոնի մահից չորս տարի անց: 30 տարի անց այն կարելի է կարդալ նաև հայերեն:


Գիրքը շախմատիստը սկսել է գրել 80-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել: Պետրոսյանի մահից հետո այն վերջացրել է շախմատիստի կինը: Գրքում աշխարհի չեմպիոնի հոդվածներն են, պարտիաների մեկնաբանությունները, քայլերը: Սա դասագիրք է, որը կսովորեցնի՝ ինչպես շախմատ խաղալ:



Լեգենդար շախմատիստի 90-ամյակին նվիրված «Գահերի խաղը» գրքի աջակիցը Շախմատի ֆեդերացիան է: Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով առաջին հայ գրոստմայստերի մասին, ասում է՝ նա առաջինն էր ու նա փոխեց հայկական շախմատի ուղղությունը:



«Լինելով միակ հայ գրոստմայստերը նրա շնորհիվ, մի քանի տասնամյակ անց, Հայաստանում միավորվում է 43 գրոստմայստեր: Եթե փորձենք համեմատել, թե ինչքան գրոստմայստերներ կան, ու ովքեր են գործում ՀՀ դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ  Տիգրանը Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում»:-ասում է Սերժ Սարգսյանը



Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը գիրքը համարում է կարևոր դասագիրք՝ ապագա հայ շախմատիստների համար՝ այն էլ հայերենով:



«Տիգրան Պետրոսյանը խորը շախմատիստ էր, նրա մտքերը թանկ են: Նա կարդում էր հակառակորդի մտքերը».-ասում է Սմբատ Լպուտյանը





Կարդացեք նաև. 





Գրքի իրավատերը՝ Տիգրան Պետրոսյանի որդին՝ Վարդան Պետրոսյանը, Մոսկվայից ուղարկել է ոչ միայն գրքի տպագրման թույլտվությունը, այլ նաև խորհուրդ՝ ապագա շախմատիստներին:



«Այս գրքում հավաքված են հորս մտքերը՝ ինչպես ճիշտ խաղալ շախմատ: Շատ մեկնաբաններ ու մեծ շախմատիստներ ուշադրություն են դարձրել տարբերակներին, իսկ այս գրքում հայրս բացատրում է՝ ինչու խաղալ այսպես, և ոչ թե այնպես»:-ասում է Վարդան Պետրոսյանը



Ռուսերեն տարբերակում գրքի վերնագիրն է՝ «Շախմատային դասախոսություններ»: Հայերեն հրատարակության համար ընտրվեց՝ «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» տարբերակը: Թարգմանիչ Արմեն Ամիրխանյանը այս տարբերակը համարում է շախմատի արքային արժանի վերնագիր:


Շախմատային ռազմավարական նրբություններ, դասախոսություններ, ուսումնական անսպառ ինֆորմացիա ու ծանոթագրություններ նրանց համար, ում դեպքում շախմատը մասնագիտություն չէ: Գրքի նախաբանի հեղինակն էլ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է:


Գրքի խմբագիրը նկատում է՝ սա միայն շախմատի մասին չէ, սա գիրք է՝ շախմատիստի մասին: Կարդալով գահերի խաղը՝ կիամանք՝ ով է Տիգրան Պետրոսյանը:



«Երբ ես կարդում էի գիրքը, հիանում էի Տիգրան Պետրոսյանի և՛ տրամաբանությամբ, և՛ նրա պարկեշտությամբ, և՛ բարոյականությամբ, և՛ նուրբ հումորով: Երբ կարդաք, դուք կտեսնեք, որ տողատակերում շատ նուրբ հումոր և ինքնաքննադատություն ունի Տիգրան Պետրոսյանը».-ասում է Գնել Նալբանդյանը:



Գիրք, որը սովորեցնում է մտածել, սովորեցնում՝ հասկանալ, թե ինչ է շախմատը: newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ընդամենը մեկ նախադասությամբ է պատասխանում, թե ինչպես որոշվեց թարգմանել լեգանդար շախմատիստի գիրքը:



«Մենք թարգմանեցինք այն միայն մեկ պատճառով. տխուր է, որ ռուսերենը կա, իսկ հայերենը՝ ոչ: Շախմատային հանրությունը պետք է ստանա իր բնագավառի նոր, թարմ և կարևոր գոհարները».-ասում է Արտակ Ալեքսանյանը:



Գրքի շնորհանդեսից հետո, երրորդ նախագահը, շախմատիստներն ու Տիգրան Պետրոսյանի երիկրպագուները ծաղիկներ խոնարհեցին Երկաթ Տիգրանի հուշաքարին:






Հետևեք   newmag-ին  Telegram–ում և    Instagram–ում