Սպորտային բեսթսելլեր. newmag-ը հրատարակել է «Նեյմար» գիրքը

May 30, 2019

Լուկա Կայոլին՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ:


Ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ «Պարի Սեն Ժերմենի» հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլ խփել, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն՝ իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։


Խմբագրական կազմ


Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի, Բրազիլիայի հավաքականի պարտության մասին, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը։


Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Նա սպորտային բովանդակության հետ աշխատելու փորձ ունի: Մինչև այս, Լիանա Զաքարյանը թարգմանել էր Լուկա Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը: Թարգմանության խմբագիրը Արմեն Ամիրխանյանն է:


Գրքում կա 157 ծանոթագրություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը և մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անունները, տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը: Ընթերցողները էջի ներքևում կտեսնեն իրենց անհայտ բառերի և տերմինների ծանոթագրությունները: Մեկտեղված են ֆուտբոլին վերաբերող փաստագրական և հանրագիտարանային բնույթի բազմաթիվ տվյալներ:


Հայերեն հրատարակությունը նախաբան ունի


Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը հայերեն հրատարակության համար նախաբան է գրել: Նրա կարծիքով, Նեյմարը միայն ֆուտբոլիստ չէ: Նա ժամանակակից ֆուտբոլային բրենդ է: Լուկա Կայոլիի աշխատանքը բացահայտում է սպորտային մեգաաստղի հաջողության գաղտնիքը, ի ցույց դնում այն, ինչը չի երևում էկրանին ու նրա ինստագրամային հրապարակումներում։ Նեյմարը հաջողության հասնում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ անցնելով վտանգավոր ձախողումների միջով, կենաց-մահու կռիվ մղելով դժկամների ու մրցակիցների հետ։ Ռոբերտ Գասպարյանը նախաբանում գրել է նաև, թե որն է Նեյմարի հաջողության գրավականը, ե՞րբ և ինչպե՞ս նա դարձավ աշխարհի ամենաքննարկվող դեմքը:




Կարդացեք նաև.





Գրքում փաստերը ստուգվել են


Նեյմարի անձնական կյանքին և կարիերային վերաբերող տեղեկությունները մի քանի անգամ ճշգտրվել են: Գրքի վերիֆիկանտը մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանն է:


Գիրքն ունի գլխավոր հովանավոր


«Նեյմար» գրքի գլխավոր հովանավորն է TotoGaming ընկերությունը: Հենց այս ընկերության հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել ընթերցողների համար ձեռնտու գին։


Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը


Գիրքը վաճառքում կհայտնվի հունիսին՝ բոլոր գրախանութներում: Գինը՝ 5800 դրամ: Գիրքը կվաճառվի նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայք:


[embed]https://youtu.be/c4IThn8aUww[/embed]
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում