Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ The New York Times-ի բեսթսելլեր Ջոնաթ

Տեղի ունեցավ The New York Times-ի բեսթսելլեր Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

09/08/2025

newmag-y-n

Գրքի երևանյան միջազգային փառատոնին Newmag-ը ներկայացրեց Ջոնաթան Ֆրանզենի«Խաչմերուկներ» վեպը։ Ֆրանզենն ամերիկյան ժամանակակից գրականության ամենահեղինակավոր գրողներից է։

«Խաչմերուկներ» վեպը 70-ականների ամերիկյան հասարակության մասին է, որը հեղինակը ներկայացնում է մեկ ընտանիքի` Հիլդեբրանտների պատմությամբ։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների դասախոս Արամ Արարատյանը Ֆրանզենի գրականության երկրպագուներից է։ Գիրքը կարդացել է 2022 թվականին. 


«Շատ ուժեղ տպավորություն ստացա գրքից։ Ուրախ եմ, որ Newmag-ը վերջապես հայ ընթերցողին ներկայացրեց Ֆրանզենի գիրքը։ Վեպն ամերիկյան շատ հետաքրքիր մի շրջանի` 70-ականների մասին է։ Բայց շատ հետաքրքիր են մեկ ընտանիքում ապրող տարբեր տարիքի երեխաների հարաբերությունները, ծնողների հետ կոնֆլիկտները։ Նրանք բոլորը փնտրտուքների մեջ են։ Նրանք կատարյալ չեն, իրենք էլ են դա գիտակցում։ Ինձ այս վեպում գրավում է այն, որ նույն դեպքը տեսնում ենք տարբեր հերոսների հայացքով»։ 

«Երևան» ամսագրի խմբագիր Արտավազդ Եղիազարյանը նույնպես Ֆրանզենի գրականության երկրպագու է. «Գրքի գլխավոր հատկանիշներից են փոքր դետալները։ Մեկ ընտանիքի օրինակով տեսնում ենք մի ամբողջամերիկյան հասարակությունը, ընտանեկան հարաբերությունները։ Ամեն հերոսի պատմությունը կարող է դառնալ մեկ առանձին վեպ։ Գիրքը ոչ թե փոքր մարդու մասին է, այլ սովորական մարդու, բոլորիս նման մարդու մասին է.


Հայրեր ու որդիներ հարաբերություններն են, քույրերի ու եղբայրների հակասությունները։ Տարբեր սերունդներ կան, նրանց բախումը հեղինակը շատ հետաքրքիր է ներկայացնեւմ։ Գրքի սյուժեն ներկայացնելուց այն գուցե պարզամիտ թվա։ Բայց նույն իրադարձությունը գրողը ներկայացնում է տարբեր հերոսների տեսանկյունից։ Հասկանում ես, որ սև ու սպիտակ չէ, ոչինչ միանշանակ չէ»։ 

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը նշեց, թե ինչու են գիքրը կոչում «մեծ վեպ»։ Պրոֆեսոր Սեդրակյանըկարծում է, որ չնայած գիրքն իրոք չափերով մեծ վեպ է, բայց այդպես են այն կոչում, բնավ, ոչ մեծչափի համար. 


«Վեպը չէի կարդացել, մինչև Newmag-ը կառաջարկեր դառնալ այս շնորհանդեսի բանախոսներից։ Առաջին 20 էջը կարդալուց մտածեցի, որ հերթական ամերիկյան վեպն է, որը ճնշում է անհատի ազատությունը։ Եթե եվրոպական գրականությունը միայնակ մարդու ու նրա էկզիստենցիալ ճգնաժամի մասին է, ամերիկյան վեպերում հակառակն է։ 

Այստեղ ընտանեկան տոքսիկ հարաբերություններն են։ Վեպի կենտրոնում ընտանիքն է։ Ընտանեկան միջավայրում երբեմն գոյատևելն ավելի բարդ է, քան վայրի գազանների միջավայրում։ Երկրորդ կարևոր կետը կրոնն է, որը վեպում ամենուր է։ Սա իրոք մեծ վեպ է անհատի մասին»։ 

Գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանն ասում է, որ վեպը խորը, բազմաշերտ պատմություն է, որտեղ կան ամենատարբեր թեմաներ` կենցաղային, առօրյա, կրոն, սեր, դավաճանություն. 


«Գիրքը միատարր չէ, բազմաշերտ է։ Ամեն մի հատվածի համապատասխան բառապաշարով պետք է թարգմանվեր, խմբագրվեր։ Միագիծ վեպ չէ։ Դադարներ ես ուզում, որ մտածես։ Գիրքը կօգնի այլ հասարակության, այլ մշակույթի հետ ծանոթանալ։ 

Բայց վեպի կենտրոնում մարդն է, որը միշտ նույն զգացմունքներն, ապրումներն ու հարաբերություններն ունի, ինչպես բոլոր ժամանակներում ու հասարակություններում։ Ընդհանուր անհանգստությունները նույնն են։ Հայ ընթերցողն այս գրքում ինքն իրեն էլ կտեսնի»։ 


«Խաչմերուկներ» վեպի շնորհանդեսին գրքի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենը հատուկ Newmag-ի ու հայ ընթերցողների համար տեսաուղերձով հայտնեց, որ սիրով կայցելի Հայաստան, հատկապես որ հրատարակչությունը խոստացել է թարգմանել նաև իր մյուս վեպերը։

Կարդացեք նաև

Տարածել

Խաչմերուկներ
Խաչմերուկներ

Ջոնաթան Ֆրանզեն

8800 ֏

Նկարագրություն

1971-ի դեկտեմբերն է, Չիկագոյում և հարակից շրջաններում սպասվում է ահավոր եղանակ։ Քաղաքի գլխին ամպեր են կուտակվում։ Ծխական քահանա Ռաս Հիլդեբրանտը գրեթե պատրաստ է վերջ դնել իր անուրախ ամուսնությանը։ Բայց պարզվում է՝ ընտանեկան միօրինակ կյանքը հոգնեցրել է նաև նրա կնոջը` Մերիոնին, որն էլ ի՛ր գաղտնիքներն ունի։ Նրանց ավագ որդին՝ Քլեմը, քոլեջից տուն է վերադառնում մի որոշումով, որը կցնցի հորը։ Նրանց դուստրը՝ ավագ դպրոցի թագուհի Բեքին, տարվել է կրոնահոգևոր փնտրտուքով, երրորդ երեխան՝ Փերրին, որը կրտսեր դասարանների աշակերտներին թմրանյութ է վաճառում, որոշում է փոխվել և ավելի լավը դառնալ։ 

 

Հիլդեբրանտների ընտանիքում յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության, սակայն այդ ճանապարհին ընտանիքի ամեն անդամ ամեն կերպ խոչընդոտում է մյուսին։ «Խաչմերուկներ» վեպում Ջոնաթան Ֆրանզենը մեկ ընտանիքի օրինակով ներկայացնում է 1970-ականների Ամերիկայի ամբողջ խառնաշփոթը՝ հասարակության ներսում հասունացող ոգևորության ալիքը և բարոյական խորացող ճգնաժամը։ 

 

Այս գիրքը մարդկային հարաբերությունների և մենության մասին է, հայրերի ու որդիների հավերժական պայքարի ու այն մասին, թե երեխաներն ինչպես են կրկնում ծնողների սխալները, որքան էլ ընդդիմանում են նրանց։ Հարազատներ, որոնք իրենց անտարբերությամբ ցավ են պատճառում միմյանց։ 

 

Այս պատմությունը կյանքի այն խաչմերուկների մասին է, որոնցով յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ անցնում է, և, որքան էլ դառը լինի ազատության գինը, այն միշտ տեղ է թողնում հույսի համար։ «Կյանքը խառնաշփոթ է, և դա հրաշալի է»։