Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

ժամանակակից ամերիկյան գրականության ամենանշանավոր դ

ժամանակակից ամերիկյան գրականության ամենանշանավոր դեմքերից Ջոնաթան Ֆրանզենը ողջույնի խոսքով դիմել է հայ ընթերցողին (տեսանյութ)

09/04/2025

newmag-y-n

Այս աշնան ամենասպասված գրքի հեղինակը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Ջոնաթան Ֆրանզենը «Խաչմերուկներ» գրքի հայերեն հրատարակության առթիվ Newmag-ի խնդրանքը՝ ողջունել հայ ընթերցողներին, գրողն ընդունել է մեծ սիրով ու պատրաստակամությամբ։ Ավելին՝ նա չի բացառել մոտ ապագայում այցելել Հայաստան։

Ջոնաթան Ֆրանզենն ամերիկացի գրող է, էսսեիստ և քննադատ։ Նրա գրական ոճը բնորոշվում է սուր, սոցիալական դիտարկումներով, ընտանեկան դրամաների և ժամանակակից կյանքի բարոյական խնդիրների խոր վերլուծությամբ։ 

Ջոնաթան Ֆրանզենն արժանացել է բազմաթիվ մրցանակների, նաև Ամերիկյան ակադեմիայի մրցանակին և ԱՄՆ ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ National Book Award-ին։ Նրա գրքերը լիակատար բեսթսելլերներ են ամբողջ աշխարհում։

Հիմնադրման առաջին իսկ տարվանից Newmag-ը որոշել է հրատարակել Ֆրանզենի գործերը։ Մեծ վեպերի հրատարակությունը սկսվել է «Խաչմերուկներ» գործից։ Այս գրողի գրքերը թարգմանելը բավական բարդ է, քանի որ նա ունի իր հստակ ոճը, հատուկ ձեռագիրը և դրանք պարտադիր հարկավոր էր փոխանցել նաև հայերեն տարբերակ։ 

Գրքի հրատարակման ընթացքում մեր թիմը կապի մեջ է եղել գրողի գործակալների ու նաև անձամբ Ջոնաթան Ֆրանզենի հետ։ Իր վիդեոուղերձում նա ջերմորեն դիմում է հայ ընթերցողներին ու շնորհակալություն հայտնում հրատարակչությանն իր գիրքը հայերեն թարգմանելու համար. 


«Ողջու՛յն։ Ես Ջոնաթան Ֆրանզենն եմ։ Կալիֆոռնիայից ողջունում եմ հայ ընթերցողներին։ Առիթն այն է, որ իմ գիրքն առաջին անգամ լույս է տեսնում հայերեն։ Խոսքն իմ վերջին վեպի՝ «Խաչմերուկների» մասին է։ Գիրքը պատմում է 70-ականների ամերիկյան մի ընտանիքի մասին, որը բախվում էր նույն դժվարություններին, ինչ այլ ընտանիքներ 70-ականներին։ Դրանք կապված են Վիետնամի պատերազմի, քաղաքացիական իրավունքների և, առհասարակ, երիտասարդների դիմադրության հետ։ 

Շնորհակալություն եմ հայտնում իմ հրատարակիչ Newmag-ին, որ վեպը թարգմանեց հայերեն։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ իմ գիրքը կկարդան նաև հայերեն։ Գիտեմ նաև, որ Newmag-ը մտադիր է շուտով հայ ընթերցողին ներկայացնել իմ մյուս վեպերը ևս։ Սա հույս է ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստան գալու առիթ կունենամ։ Շատ կուզեմ հանդիպել հայ ընթերցողներին։ Ընթերցողներն ինձ համար կարևոր են։ Առհասարակ, գրողների համար ընթերցողները կարևոր են։ Ինձ համար՝ հաստատ։ Այսպիսով, մեծ պատիվ է, որ վերջապես հայերեն եմ հրատարակվում։ Եթե կարդաք գիրքը, հուսով եմ՝ այն ձեզ դուր կգա»։

«Խաչմերուկներ» վեպի շնորհանդեսը սեպտեմբերի 5-ին է՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնին։ Միջոցառումը տեղի կունենա ՀՀ Ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահում»։ Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Տարածել

Խաչմերուկներ
Խաչմերուկներ

Ջոնաթան Ֆրանզեն

8800 ֏

Նկարագրություն

1971-ի դեկտեմբերն է, Չիկագոյում և հարակից շրջաններում սպասվում է ահավոր եղանակ։ Քաղաքի գլխին ամպեր են կուտակվում։ Ծխական քահանա Ռաս Հիլդեբրանտը գրեթե պատրաստ է վերջ դնել իր անուրախ ամուսնությանը։ Բայց պարզվում է՝ ընտանեկան միօրինակ կյանքը հոգնեցրել է նաև նրա կնոջը` Մերիոնին, որն էլ ի՛ր գաղտնիքներն ունի։ Նրանց ավագ որդին՝ Քլեմը, քոլեջից տուն է վերադառնում մի որոշումով, որը կցնցի հորը։ Նրանց դուստրը՝ ավագ դպրոցի թագուհի Բեքին, տարվել է կրոնահոգևոր փնտրտուքով, երրորդ երեխան՝ Փերրին, որը կրտսեր դասարանների աշակերտներին թմրանյութ է վաճառում, որոշում է փոխվել և ավելի լավը դառնալ։ 

 

Հիլդեբրանտների ընտանիքում յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության, սակայն այդ ճանապարհին ընտանիքի ամեն անդամ ամեն կերպ խոչընդոտում է մյուսին։ «Խաչմերուկներ» վեպում Ջոնաթան Ֆրանզենը մեկ ընտանիքի օրինակով ներկայացնում է 1970-ականների Ամերիկայի ամբողջ խառնաշփոթը՝ հասարակության ներսում հասունացող ոգևորության ալիքը և բարոյական խորացող ճգնաժամը։ 

 

Այս գիրքը մարդկային հարաբերությունների և մենության մասին է, հայրերի ու որդիների հավերժական պայքարի ու այն մասին, թե երեխաներն ինչպես են կրկնում ծնողների սխալները, որքան էլ ընդդիմանում են նրանց։ Հարազատներ, որոնք իրենց անտարբերությամբ ցավ են պատճառում միմյանց։ 

 

Այս պատմությունը կյանքի այն խաչմերուկների մասին է, որոնցով յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ անցնում է, և, որքան էլ դառը լինի ազատության գինը, այն միշտ տեղ է թողնում հույսի համար։ «Կյանքը խառնաշփոթ է, և դա հրաշալի է»։