Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ ուղեցույց արժեք

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ ուղեցույց արժեքների մասին

Վտանգավոր է, եթե աշխարհին տիրանալը, խաբելը կամ թալանելը որևէ մեկի համար հաջողության օրինակ է:  Ադոլֆ Հիտլերը պատմության մեջ ամենահաջողակ մարդկանցից է համարվում, բայց նրա հրահանգով սպանվել են միլիոնավոր մարդիկ:
Առանց արժեքների մասին խոսելու ինքնազարգացման մասին չեք կարող խոսել: Բավարար չէ պարզապես «լավ մարդ» լինել: Պետք է բացատրեք, թե ձեր արժեքային համակարգում որն է «լավ մարդու» բնութագիրը: Շատերի համար երջանիկ և բավարարված լինելը մոլուցք է դառնում, ու մարդիկ չեն էլ գիտակցում, որ եթե արժեքներն անպետք են, ապա երջանկության զգացումը երկար չի տևի:
Որո՞նք են ձեր արժեքները
Մենք ամեն րոպե որոշումներ ենք կայացնում: Հիմա դուք որոշել եք կարդալ այս հոդվածը, չնայած բազում այլ տարբերակներ ունեք: Առհասարակ, ձեր որոշումների մեջ նաև ձեր արժեքներն են արտացոլվում: Հաճախ մի բան ենք ասում, մեկ այլ բան անում: Ասում ենք, որ սոցիալական ցանցերը վտանգավոր են, բայց պարբերաբար թարմացնում ենք ֆեյսբուքյան մեր էջը: Եվ խոսում ենք այն արժեքների մասին, որոնք կուզեինք ունենալ, և դրանք օգտագործում ենք թաքցնելու համար այն արժեքները, որոնք իրականում ունենք:
Դուք այն եք, ինչ արժևորում եք
Մեզ բնութագրում են մեր առաջնահերթությունները: Մարդիկ ասում են, որ փորձում են գտնել իրենց, բայց իրականում նոր արժեքներ են փնտրում: «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքում «լավ» և «վատ» արժեքները բնութագրել եմ հետևյալ կերպ`
Լավ արժեքներ`


  • Փաստարկված

  • Կառուցողական

  • Վերահսկելի


Վատ արժեքներ`

  • Զգացմունքային

  • Ապակառուցողական

  • Անվերահսկելի


Փաստարկված VS Զգացմունքային
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ որոշումներ են կայացնում զգայական դաշտում, իսկ փաստերը դառնում են երկրորդական: Մարդիկ, որոնք իրենց կյանքը կառուցում են միայն զգացմունքների վրա, ի վերջո փակուղու առաջ են կանգնում:
Կառուցողական VS Ապակառուցողական
Այն, ինչն արժևորում եք, հաճախ այնքան կարևոր չէ, որքան այն, թե ինչու եք դա արժևորում: Մարտարվեստի սիրահար եք, որովհետև մարդկանց վնասելը ձեզ հաճո՞ւյք է պատճառում, թե՞ ուզում եք պաշտպանել նրանց: Ի վերջո, մտադրությունն է կարևոր:


Կարդացեք նաև․



Վերահսկելի VS Անվերահսկելի
Երբ արժևորում եք անվերահսկելի երևույթները, ձեր կյանքը հանձնում եք դրան: Դասական օրինակ է գումարը: Այո, դուք վերահսկում եք, թե որքան գումար եք աշխատում, բայց ամբողջական վերահսկողություն չեք կարող ունենալ: Ստեղծարար միտքը, աշխատասիրությունը կամ աշխատանքային էթիկան արժեքներ են, որոնք վերահսկելի են: Մենք վերահսկելի արժեքների կարիք ունենք, այլապես արժեքնե՛րը կվերահսկեն մեզ:
 Արժեհամակարգը հիմնված է փորձի վրա
Արժեքները, որոնք նաև մեզ են բնութագրում, երբեմն կործանվում են: Երբեմն էլ ժամանակի ընթացքում թրծվում են, նույնիսկ ամբողջությամբ փոխվում: Հաճախ հինը նորով փոխարինելու համար քաջություն է պետք՝ սառը ջրի մեջ ցատկելու պես: Սկզբում վախենում ենք, հետո շոկն անցնում է, ու թեթևության զգացում ենք ապրում:

markmanson





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել