Գլխավոր Հոդվածներ

Մեր ամբողջ կյանքը թղթախաղ է. մեջբերումներ գրքից

Մեր ամբողջ կյանքը թղթախաղ է. մեջբերումներ գրքից



  • «Մեծ պատասխանատվությունը մեծ ուժ է ծնում»։




  • Որքան շատ ենք պատասխանատվություն ստանձնում, այնքան ավելանում է մեր ուժը: Հետևաբար մեր խնդիրների համար պատասխանատվություն ստանձնելով՝ դրանց լուծման առաջին քայլն ենք անում։




  • Կան պրոբլեմներ, որոնք մե՛նք չենք ստեղծել, բայց մե՛նք ենք պատասխանատու դրանց համար։ Օրինակ՝ մի օր արթնանում ես և դռանդ դիմաց տեսնում նորածին երեխայի: Դրանում դու մեղք չունես, սակայն արդեն պատասխանատու ես նրա համար։ Պետք է արագ որոշես անելիքդ։




  • Մեղքը վերաբերում է անցյալին, պատասխանատվությունը՝ ներկային։ Մեղքը ծնվում է նախկինում արած ընտրությունից, պատասխանատվությունը՝ հենց նոր կայացրած որոշումից:




  • Կարող ես մեկնումեկի վրա բարդել ստեղծված իրավիճակի մեղքը, բայց դա չի նշանակի, թե հենց նա էլ պետք է կրի պատասխանատվությունը: Քեզնից բացի ուրիշ ոչ ոք պատասխանատու չէ: Գուցե շատերն են մեղավոր քո ծանր կացության համար, բայց պատասխանատվությունը կրում ես դո՛ւ։




  • Իրար հետ կապվող մարդիկ սովորաբար նմանատիպ արժեքների են դավանում։ Եթե մտերիմդ եսամոլ է և ցավեցնում է քեզ, ուրեմն գուցե դու էլ ես այդպիսին ու նույն կերպ ես պահում քեզ՝ չնկատելով դա:




  • Մեր ամբողջ կյանքը թղթախաղ է: Բոլորս էլ քարտեր ենք ստանում: Ոմանք լավ քարերով են խաղում, մյուսները՝ վատ: Ամենահեշտ բանը քիթը կախելն է, թե՝ քարերս վատն էին, ինձ վատ խաղաթուղթ բաժին հասավ: Բայց կարելի է նաև այլ կերպ վարվել: Կարելի է ամբողջ էությամբ մտնել խաղի մեջ ու գործի դնել բոլոր խաղաթղթերը:




  • Պատասխանատվությունը մեղքի հետ նույնականացնելու մոլորությունը մարդկանց մղում է իրենց խնդիրներն ուրիշների ուսերին բարդել։ Մեղքն ուրիշի վրա գցելը մարդկանց կարճ ժամանակով բավարարում է, ու նրանք կարծում են, թե ճիշտ են։




  • Ժողովրդավարական և ազատ երկրում ապրելը նշանակում է, որ պետք է գործ ունենաս նաև այն տեսակետների հետ, որոնց համաձայն չես։ Դա դեմոկրատիայի գինն է: Կարելի է նույնիսկ ասել, որ հենց դա է համակարգի ամբողջ իմաստը։




  • «Ժողովրդավարական» կոչվող արժեքները պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում ինֆորմացիոն աղմուկի և սոցցանցային ժխորի պայմաններում։ Բայց մենք պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունն ու հոգ տանենք այդ արժեքների համար։ Մեր քաղաքական համակարգի կայունությունը սրանից է կախված։






Կարդացեք նաև. 







  • Քո կյանքում հարաբերությունների զգալի մասը խարսխված է եղել հին արժեքների վրա, չէ՞: Ուրեմն հենց դրանք փոխես (ուսումը գերադասես երեկույթներից, ամուսնանալն ու ընտանիք կազմելը՝ աջ ու ձախ սեքսից, օգտակար գործը՝ փող դիզելուց), այդ շրջադարձը կանդրադառնա քո բոլոր հարաբերությունների վրա:




  • Մենք չպետք է փնտրենք վերին ճշմարտությունը, այլ պետք է ամեն օր փորձենք ազատվել մեր սխալներից, որպեսզի վաղը կարողանանք պակաս սխալ լինել։




  • Մենք չգիտենք, թե որն է դրական փորձը և որը՝ բացասական։ Մեր կյանքի ամենադժվար ու սթրեսային շրջանը կարող է լինել իրականում մեզ ձևավորողն ու մոտիվացնողը։ Իսկ մեր կյանքի ամենալավ ու գոհացնող տարիները կարող են լինել շփոթեցնողն ու թևաթափ անողը։ Մի՛ վստահեք դրականի ու բացասականի մասին արմատացած պատկերացումներին։




  • Եթե մենք անընդհատ սխալվում ենք, գուցե կատարելագործման միակ տրամաբանական ուղին թերահավատությո՞ւնն է սեփական անձի հանդեպ, մեր համոզմունքներին ու ենթադրություններին անընդհատ կասկածե՞լը։ Կասկածը ոչ միայն ամենաապահով ուղին է, այլև դեպի ազատություն տանող ուղին։




  • Անորոշությունն առաջընթացի ու աճի հիմքն է։ Հին առակն ասում է. «Եթե մտածում ես, որ ամեն ինչ գիտես, ոչինչ չես սովորի»։ Մենք ոչինչ էլ չենք սովորի, եթե նախապես չընդունենք մեր գիտակցության թերությունները:




  • Եթե պատրաստ չես ընդունել, որ ճիշտ չես եղել, չես էլ կարողանա իրապես փոխվել ու աճել: Առողջ արժեքներ ու առաջնահերթություններ ընտրելուց առաջ պետք է կասկածենք այս պահին մեր ունեցած արժեքներին ու առաջնահերթություններին:




  • Մի՛ ասեք, որ գտել եք ձեզ, ճանաչել եք ինքներդ ձեզ: Այս դեպքում միայն կշարունակեք փնտրել ու պայքարել: Եվ ավելի համեստ կլինեք ձեր դատողություններում ու կընդունեք, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում։




  • Թողե՛ք ձեր անկրկնելիության մասին սին մտքերը: Ինքներդ ձեզ նայե՛ք սթափ ու իրատեսորեն: Ձեզ մի՛ համարեք նոր ելնող աստղ կամ չբացահայտված հանճար։ Ձեզ մի՛ համարեք բացառիկ զոհ կամ ֆանտաստիկ ձախողակ։ Ավելի հասարակ բնութագրե՛ք ձեզ, պարզապես ասե՛ք, որ ուսանող եք, ընկեր, բարեկամ, ստեղծագործող։




  • Կյանքը հակասական է. հենց քեզ թվում է, թե մարտնչում ես ամբողջ աշխարհի դեմ, ուրեմն իմացիր, որ կռվում ես ինքդ քո դեմ: Ընդամենը:




  • Մեզ հաճախ ծանր փորձություններն են արմատապես փոխում։ Մենք միայն ուժեղ ցավ ապրելու պահին ենք հայացքներս ուղղում մեր արժեքներին ու փորփրում դրանք՝ հասկանալու համար, թե ինչու են դրանք մեզ փորձանքի մեջ գցում։






Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում